Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Քառյակի պահանջները մեկ շաբաթ գաղտնի կմնան

Քառյակի պահանջները մեկ շաբաթ գաղտնի կմնան

Խորհրդարանական ոչ իշխանական քառյակը հունիսի 2-ին դռնփակ նիստում քննարկել և վերջնականապես համաձայնեցրել է պահանջների այն ցանկը, որն առաջիկայում ներկայացվելու է կառավարությանն ու իշխանություններին: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նիստից հետո ասաց, թե համաձայնեցված փաստաթուղթը բաղկացած է 12 կետից: Դրանք «հրատապ լուծում պահանջող» հարցեր են, որոնք կներկայացվեն հաջորդ շաբաթ՝ քառյակի բոլոր խմբակցությունների ղեկավարների կողմից հրավիրվելիք համատեղ ասուլիսի ժամանակ:

Համաձայնեցված, բայց գաղտնի

Ռ.Հակոբյանը չցանկացավ մանրամասնել, թե որոնք են այն կետերը կամ «հրատապ լուծում պահանջող» հարցերը, որոնք պետք է ներկայացվեն իշխանություններին: Նա նշեց, որ դրանք վերաբերում են ներքին խնդիրներին և « կետեր են, որոնք արմատական փոփոխություններ կբերեն պետության քաղաքական, տնտեսական, ինչ-որ տեղ նաև բարոյահոգեբանական կյանքում»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարի խոսքով՝ քառյակի կողմից ընդունված 12 կետերի մեծ մասն ուղղված է կառավարությանը, կան կետեր, որոնք վերաբերում են իշխանություններին ընդհանրապես և կան պահանջներ էլ, որոնք օրենսդրական փոփոխություններ են ենթադրում: Նա հրաժարվեց ասել, թե համաձայնեցված փաստաթղթում արդյոք իշխանափոխության պահանջ կա՞, թե՞ ոչ, կամ՝ արդյո՞ք իշխանությունների կողմից այդ պահանջների կատարումը հանգեցնելու է իշխանափոխության: «Ի սկզբանե մեր ամբողջ խնդիրը եղել է արմատական փոփոխությունների իրականացումը, և այս ընթացքում քառյակն ըստ անհրաժեշտության ձեռնարկել է որոշակի քայլեր: Կարծում եմ՝ այն խնդիրները, որոնք դրել ենք մեր առջև, կարողանում ենք համատեղ, միասնական օրակարգով լուծել»,- պատասխանեց Ռ.Հակոբյանը:

Վերջինի խոսքով՝ քննարկման ժամանակ եղել են հարցեր, որոնք բանավեճ են հարուցել, ծագել է իրար համոզելու անհրաժեշտություն, բայց կարողացել են ստանալ մի համաձայնեցված քաղաքական փաստաթուղթ, որը «մեր քաղաքական մշակույթում աննախադեպ է»:

Միասնական հանրահավաքը կրկին հետաձգվում է

Քառյակը հունիսի 2-ի նիստում որոշել է հետաձգել միասնական հանրահավաքի անցկացումն ու մարզային հանդիպումների շարքը և դրանք անցկացնել աշնանը: Ռ.Հակոբյանը բացատրեց, որ իրենց պահանջները կատարելու համար կառավարությանն անհրաժեշտ է մինչև աշուն ժամանակ տալ: «Շատ հասկանալի պատճառով է որոշված, որ հանրահավաքը պետք է լինի աշնանը: Դա նույնպես կա մեր հայտարարության տեքստում: Հանրահավաքի ժամանակ մենք կտանք մեր գնահատականը մեր պահանջների կատարմանը»,- ասաց Ռ.Հակոբյանը:

Նրա խոսքով, եթե մինչև աշունը հանրահավաք անցկացնելու հրատապ անհրաժեշտություն առաջանա, քառյակը կփոխի իր որոշումը: «Ժառանգության» ղեկավարը դժվարացավ ասել, թե քառյակն այսուհետ նույն տեմպով նիստեր կհրավիրի՞, թե՞ այդ հանդիպումները նույնպես կհետաձգվեն մինչև աշուն կամ ավելի հազվադեպ կհրավիրվեն:

Քառյակը կհամագործակցի՞ ՕԵԿ-ի հետ

«Օրինաց երկիր» կուսակցությունը հունիսի 2-ին հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ «ընտրական բարեփոխումների շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու նպատակով կոնսուլտացիաներ է սկսում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»: ՕԵԿ-ն ընտրական բարեփոխումների անհրաժեշտություն է տեսնում և քաղաքական ուժերին առաջարկում է խորհրդակցությունների շարք սկսել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցի շուրջ: Արդյո՞ք քառյակը քննարկել է այդ հարցը: Ռ.Հակոբյանը պատասխանեց, որ ՕԵԿ-ից որևէ առաջարկություն չեն ստացել, բայց իշխանություններին ներկայացվելից 12 կետերից մեկը վերաբերում է հենց 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն:

Ի դեպ, քառյակը չի անդրադարձել հանրային քննարկման ներկայացված սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին և այդ հարցի շուրջ առայժմ միասնական դիրքորոշում չունի:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները