Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Քառյակը կոնկրետ հարցերի լուծում է պահանջում

Քառյակը կոնկրետ հարցերի լուծում է պահանջում

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը հունիսի 10-ին հրապարակեցին համատեղ մշակված այն փաստաթուղթը, որը 12 պահանջ է ներառում և հասցեագրվում է իշխանություններին: Քառյակի ուժերը` ՀԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցությունները որպես պահանջների կատարման վերջնաժամկետ նշում են սեպտեմբեր ամիսն ու խոստանում աշնանը, Ազատության հրապարակում համապետական հանրահավաք հրավիրել , ամփոփել իրենց պահանջների կատարումն ու ըստ դրա որոշել հետագա գործողությունները։

Համատեղ հայտարարությունն ու դրա 12 կետերը ներկայացնելուց հետո ՀԱԿ, Դաշնակցություն ու «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարներ Լևոն Զուրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Ռուբիկ Հակոբյանը և ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ստորագրեցին հայտարարությունը` այն համարելով մեծ ձեռքբերում և ոչ իշխանական դաշտում աննախադեպ երևույթ:

Ի՞նչ հարցերի լուծում է պահանջում քառյակը

Փաստաթղթի 12 կետերից առաջինով պահանջվում է վերացնել կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը և աշխատավարձերից մինչ այժմ կատարված պահումները վերադարձնել քաղաքացիներին: Երկրորդով առաջարկվում է վերանայել տեսանկարահանող, լուսանկարող սարքերի, «կարմիր գծերի» գործող համակարգը, այն մոտեցմամբ, որ տուգանքները չգերազանցեն նվազագույն աշխատավարձի 10 տոկոսը, իսկ հավաքված գումարներից պետական բյուջե կատարվող մուտքերի չափը հասնի առնվազն 75 տոկոսի: Քառյակի երրորդ պահանջը առնվազն երեք անգամ շրջանառության հարկը նվազեցնելն է և սահմանի վրա ԱԱՀ-ի հարկումից հրաժարվելը: Պահանջվում է նաև կրկնապատկել գյուղմթերքի արտադրության, ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները, իսկ գյուղատնտեսական վարկերն արտարժութայինից վերածել դրամայինի:
Քառյակն առաջարկում է նաև բացառել «Որոտան ՀԷԿ»-երի համալիրի գույքի վաճառքը՝ առանց Ազգային ժողովի հավանության, չգնալ հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացման, տնտեսական մենաշնորհները փաստացի վերացնելու և ազատ տնտեսական գործունեությունը երաշխավորելու մեխանիզմներ ստեղծել:

Փաստաթղթում առաջարկ կա նաև Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ԱԺ հաջորդ ընտրությունները 100 տոկոս համամասնական ընտրակարգով անցկացնելու , ինչպես նաև ընդդիմության մասին օրենսդրական փաթեթ ընդունելու անհրաժեշտության մասին:

Միակ պահանջը, որն անուղղակիորեն վերաբերում է արտաքին քաղաքականության ոլորտին և առնչվում է Եվրասիական միության անդամակցության գործընթացին, տեղ է գտել հայտարարության 12-րդ հորիզոնականում, հետևյալ ձևակերպմամբ ՝ չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի և ԼՂՀ միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն։ «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանը չհերքեց, որ ի սկզբանե արտաքին քաղաքականության ոլորտին անդրադառնալու նպատակ չի եղել և 12-րդ կետն ավելացել է Աստանայի հանդիպումից հետո։

Քառյակը հրաժարական չի պահանջում


Ի՞նչ կանի քառյակը, եթե այս պահանջները չկատարվեն, արդյո՞ք այդ դեպքում հաջորդ քայլը կլինի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: Ոչ իշխանական խմբակցություններն առայժմ չեն մանրամասնում, թե ինչ քայլերի կդիմեն, եթե իշխանությունները «սահմանված» ժամանակահատվածում չկատարեն առաջադրված պահանջները:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ քառյակի ուժերը տարբեր պատկերացումներ ունեն և՛ գաղափարախոսական, և մեթոդաբանական հարթություններում. մի մասը արմատական, անգամ հեղափոխական փոփոխությունների, մյուսներն ավելի շրջահայաց ու դանդաղ ընթացքի կողմնակից են: ՀԱԿ-ը նախագահի հրաժարականը պահանջելու կողմնակից է , բայց նաև հասկանում է, որ «պետք է ձևավորել միասնական օրակարգ, որը թույլ կտա շատ ավելի արդյունավետ դարձնել երկրում ընթացող քաղաքական գործընթացը»:

Քառյակի մյուս խմբակցությունների ղեկավարները Ս.Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտության մասին որևէ հայտարարություն չարեցին: Ա.Ռուստամյանն ասաց, որ եթե հարցեր ես բարձրացվում ու դրանք լուծում չեն ստանում, ապա միակ ճանապարհը մնում է իշխանափոխությունը, բայց իրենք այդ հարցում այլ մոտեցում ունեն. «Պարզապես Ս.Սարգսյանի հեռացումը երկիրը չի փրկի, եթե մենք չգիտենք դրանից հետո ինչպիսի համակարգ ենք ունենալու»:

«Կլուծվի, թե ոչ՝ կարծում եմ շատ քիչ ժամանակ է մնացել սպասելու, որից հետո արդեն մենք չորս քաղաքական ուժերով և ժողովրդի հետ միասին կծրագրենք մեր հետագա քայլերը: Մեզ համար տաբու հարցեր չկան»,- ԲՀԿ-ի անունից ասաց Ն.Զոհրաբյանը:

Ռ.Հակոբյանը նույնպես գտնում է, որ պետք է ոչ թե անձը փոխվի, այլ համակարգը: «Պարոն Ռուստամյանը ճիշտ նշեց: Ի վերջո՝ պիտի անձերը գնան, դրանում խոսք չկա: Բայց եթե համակարգը մնում է ու նոր անձ է գալիս, դրանից ոչինչ չի փոխվում»,- ավելացրեց նա։

Իշխանությունը կքննարկի քառյակի 12 պահանջները

ԱԺ փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը դրական է համարում այն հանգամանքը, որ քառյակի ներկայացրած կետերում արմատական կոչեր կամ պահանջներ չկան: Միաժամանակ ավելացնում է, որ պահանջներից մի քանիսը համակարգային, սահմանադրական փոփոխությունների դաշտում են, մինչդեռ քառյակն իր կետերում այդ խնդրին չի անդրադարձել: «Իշխանությունների օրակարգը հարցերի ընդգրկման առումով շատ ավելի լայն է, քան մեր ընդդիմադիր գործընկերներն են ներկայացրել: Այնուամենայնիվ, ընդդիմության ներկայացրած այն հարցերը, որոնք կառուցողական դաշտում են, մենք կքննարկենք: Ավելին, այնտեղ կան կետեր, որոնք արդեն իսկ քննարկվում են իշխանություն-ընդդիմություն ֆորմատով»,- ասաց Է.Շարմազանովը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները