Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ճոխ ընդունելություն, սկանդալային հայտարարություններ

Ճոխ ընդունելություն, սկանդալային հայտարարություններ

Ազգային ժողովում «Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի» հերթական՝ հունիսի 11-ի նիստը սկանդալային ընթացք ունեցավ «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի մասնակցության շնորհիվ, ով համարվում է Կրեմլի ոչ պաշտոնական ներկայացուցիչը և քարոզիչը: Հայաստանի Հանրապետության խորհրդարանում նա բավական ներկայանալի ընդունելության արժանացավ:

Դ.Կիսելյովին սպասարկող «Hummer» մեքենային թույլ էր տրվել մուտք գործել ԱԺ տարածք ու կայանել անմիջապես գլխավոր մուտքի մոտ: Ռուս լրագրողին մուտքի մոտ դիմավորել ու քննարկման սրահ էր ուղեկցել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով հայկական կողմից Հայ-ռուսական ակումբի համակարգողն է: Սովորաբար նման ընդունելության արժանանում են օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաները, մինչդեռ Դ.Կիսելյովն ընդամենը ռուսական լրատվական գործակալություններից մեկի ղեկավարն է:

Կիսելյովի սկանդալային հայտարարությունները

Դ.Կիսելյովն այդ նիստի ժամանակ մի քանի սկանդալային հայտարարություն էր արել՝ ասելով, թե Հայաստանում պետք է ավելացնել ռուսական դպրոցների թիվը, փոխել «Լեզվի մասին» օրենքը, այլապես դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա։

«Երևանում չեն մնացել ռուսական դպրոցներ, ռուսական մշակույթը երկրորդական է դառնում, դա էլ է վտանգավոր: Ես այսօր տաքսի նստեցի, քսան տարեկան տղան անգամ հաշիվը ռուսերեն չկարողացավ ասել: Եկեք ամեն մեկս աշխատանքի մեր մասն անենք: Եթե մենք խոսում ենք տրենդից, եկեք անենք այն, ինչ մեզնից է կախված»,- հայտարարել էր նա այդ նիստի ժամանակ:
Ռուս հյուրերի հետ հանդիպմանը ներկա են եղել միայն Հանրապետական խմբակցության անդամները՝ Հերմինե Նաղդալյանը, Հայկ Բաբուխանյանը, Կարինե Աճեմյանը և Տաճատ Վարդապետյանը: Ընդդիմադիր խմբակցություններից նիստին որևէ պատգամավոր չի հրավիրվել:

Persona non-grata-ից մինչև շան հաչոց

Դ.Կիսիելյովի հայտարարությունները խորհրդարանում բուռն քննարկման արժանացան: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով դրանց, հայտարարեց. «Անթույլատրելի իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի խորհրդարանում: Ռուսաստանցի լրագրող Դ.Կիսելյովը անհարգալից տոնով հայտարարություն է արել հայ ժողովրդի, Հայաստանի և մեր նախնիների հասցեին: Ես կարծում եմ, որ ՀՀ արտգործնախարարությունը պետք է քննարկի նրան ՀՀ տարածքում persona non-grata՝ անցանկալի անձ հայտարարելու մասին հարցը»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ ԱԺ ղեկավարությունից պահանջեց հարգել «Լեզվի մասին» օրենքը, խորհրդարանում տեղի ունեցող քննարկումների ժամանակ ապահովել հայերեն թարգմանությունն ու պահպանել պետական լեզվի կարգավիճակը: «Կարծում եմ, որ մենք նաև ունենք արարողակարգային խնդիր: Եթե ԱԺ փոխնախագահի ղեկավարած պատվիրակությունը Մոսկվայում օդանավակայանից հասնում է հյուրանոց երկուսուկես ժամում, բոլորովին այլ կարգի պատվիրակությունը կարող է Դեմիրճյան փողոցից ոտքով հասնել մինչև ԱԺ-ի շենք»,- ասաց Ա.Վարդանյանը:

«Տիկին Նաղդալյան, բազմակարծություն ապահովելու համար անհրաժեշտ է հրավիրել տարբերվող կարծիք ունեցող պատգամավորների, որպեսզի երբ վիրավորում են մեր ժողովրդին, կարողանանք պատասխանել: Պարոն Բաբուխանյանը ուղղակի ստում է, որովհետև այդ հանդիպումն ամբողջությամբ դրված է համացանցում, որտեղ հստակ երևում է, որ հայ ժողովրդի և հայոց պետականության վերաբերյալ մի շարք վիրավորական, սպառնացող, ցինիկ արտահայտություններ են արվել: Հիշեցման կարգով՝ ցինիկ կամ կինիկ բառի արմատը շուն բառն է: Հին Հունաստանում ցինիկ էին անվանում մարդկանց, որոնք շան պես հաչում էին հասարակության վրա: Պահանջում ենք հետայսու զերծ պահել հայոց խորհրդարանը նման հաչոցներից»,- իր հերթին ավելացրեց Ալեքսանդր Արզումանյանը:

Հանրապետականներն արդարանում են

Ալեքսանդր Արզումանյանի դիտարկումը վերաբերում էր Հայկ Բաբուխանյանի այն գնահատականին, թե նիստի ժամանակ «որևէ վիրավորական արտահայտություն չի եղել: Եղել է քննարկում»: Նույն պնդումն իր հերթին արեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Պատգամավորական ակումբը բանավեճային հարթակ է, որտեղ տարբեր կարծիքներ լսելու, տարբեր փաստարկներ հնչեցնելու հնարավորություն պիտի որ լինի: Վստահ եղեք, որ ինչպես դուք, այդպես էլ մեզանից յուրաքանչյուրը որևէ վիրավորական խոսք մեր նահատակների, սրբությունների և արժեքների վերաբերյալ թույլ չէր տա: Բանավեճի ընթացքում եղել են փաստարկներ, և մեր պատգամավորները, լրագրողներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց բարձունքի վրա են եղել»,- հայտարարեց նա:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խոստացավ լրացուցիչ ուսումնասիրել այդ միջադեպը և բոլոր միջոցառումների ժամանակ ապահովել թարգմանություն: «Միշտ մտածեք, Հայաստանը, հայոց լեզուն հայերի համար բավականին լուրջ, հոգևոր արժեք է: Այնպես որ, եթե նման իրողություններ կան, մենք կփորձենք տեսնել, թե դրանք ինչի հետ են կապված»,- ավելացրեց Գ.Սահակյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր նախկին լրագրողը դատապարտում է Դ.Կիսելյովի պահվածքը

Միջադեպը դուր չի եկել ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանին: Նա կարծում էր, որ պետք է համարժեք պատասխան տրվեր հնչած արտահայտություններին: «Չգիտեմ, թե ով է կազմակերպել այդ ռուս լրագրողի այցը: Կարծում եմ՝ մի քիչ չափազանցված ընդունելություն էր, պետք է ավելի համեստ լիներ նրա մուտքն ԱԺ: Եվ չեմ կարծում, որ Ռուսաստանում որևէ հայ լրագրողի այդպես կդիմավորեին: Բայց կարծում եմ, որ տեղի է ունեցել մի երևույթ, որը շատ դատապարտելի է, որովհետև մեր ազգային արժանապատվությունը, մեր երկրում գոյություն ունեցող օրենքները առաջին հերթին մենք պետք է հարգենք և պետք է թույլ չտանք, որ որևէ հյուր մեր տանը, մեր հանրապետությունում իրեն պահի այնպես, ինչպես պահել է ռուս լրագրողը»,- ասաց Մ.Եսայանը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները