Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Արտահերթի ավանդույթներն ու անակնկալները

Արտահերթի  ավանդույթներն ու անակնկալները

Արտահերթ նստաշրջանի մեկնարկը` ընդմիջումներով

Կառավարության օրակարգով հունիսի 18-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում 38 օրենսդրական նախաձեռնություն է և մեկ միջազգային համաձայնագիր: Ինչպես բոլոր արտահերթերի դեպքում, այս անգամ էլ անպատասխան մնաց հարցը, թե ինչով է կառավարությունը բացատրում այս բոլոր օրինագծերի ընդունման հրատապությունը: Նստաշրջանի մեկնարկին որոշ ընդդիմադիր պատգամավորներ նեղսրտեցին, թե արտահերթ ռեժիմով ներկայացվող հարցերը հանձնաժողովներում չեն քննարկվում, և խորհրդարանը նորից օրենքներ է ընդունելու առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու: ՀԱԿ պատգմավորների հորդորները՝ համոզել կառավարությանը որոշ նախագծեր հետ տանել, արդյունք չտվեցին: Լևոն Զուրաբյանի վերցրած 20 րոպեանոց ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը քվեարկության դրեց օրակարգում ընդգրկված նախագծերի քննարկման ընթացակարգի հարցը. այն տապալվեց: Տապալվեց նաև նախորդ քառօրյայում քննարկված օրենսդրական մի փաթեթի քվեարկություն: Ընդմիջում վերցնելու հերթը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանինն էր:

Ո՞վ ձախողեց քվեարկությունները

Արտահերթ նստաշրջանի առաջին օրը ՀՀԿ 7 պատգամավոր բացակայում էր դահլիճից, և այդ մասին,անշուշտ, գիտեին և ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը, և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Վերջինս, սակայն, այլընտրանք չուներ. ԱԺ կանոնակարգի համաձայն պետք է քվեարկության դներ կառավարության ներկայացրած նախագծերի քննարկման ընթացակարգը, նաև նախորդ քառօրյայում քննարկված ու չքվեարկված հարցը:

Ակնհայտ էր, որ քվորումի խնդիր է լինելու, բայց ՀՀԿ-ականների հույսը, թերևս, ընդդիմությունն էր, որի թեկուզ դեմ քվեարկությունը բավարար կլիներ քվորում ապահովելու և նախագծերի ընդունման համար: Ընդդիմությունը, սակայն, այս անգամ նախընտրեց չսատարել ՀՀԿ-ին, ու քառյակը, գումարած նաև ՕԵԿ-ը, չմասնակցեցին քվեարկությանը: Տապալված երկու քվեարկություններից հետո ԱԺ նախագահը քվեարկությունները դադարեցրեց: Նիստը շարունակվեց ավելի կառուցողական մթնոլորտում:

Քառյակի ուզածով, բայց ոչ ասածով

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում կա 2 հարց, որոնցով կառավարությունը քառյակին ընդառաջ քայլ է անում: Դրանցից մեկով առաջարկվում է փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում և փոփոխել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքները: Մյուսը վերաբերում է «Շրջանառության հարկի մասին» օրենքին, որով առաջարկվում է շրջանառության հարկը 3.5%-ից դարձնել 1%: Կառավարությունն ու ՀՀԿ-ականները, իհարկե, հարկ են համարում հիշեցնել, որ իրենք որոշել են այս փոփոխությունները կատարել ոչ թե քառյակի պահանջով, այլ՝ սեփական նախաձեռնությամբ, առավել ևս, որ դրանցից երկրորդը` շրջանառության հարկի մասին, բխում է նաև իրենց ծրագրային դրույթներից:

Կուտակայինը արտահերթով` ավանդաբար

Նստաշրջանի օրակարգում կա քառյակի 12 պահանջներից ևս մեկին առնչվող օրենսդրական նախաձեռնություն, բայց այս դեպքում կառավարությունը ոչ թե փորձել է բավարարել այն, այլ՝ ճիշտ հակառակը: Խոսքը վերաբերում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությանը:

Կառավարությունը կենսաթոշակային պարտադիր վճարումների փոխարեն առաջարկում է պետբյուջե մտնող նպաստային սոցիալական վճար` մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար 5% դրույքաչափով: Հուլիսի 1-ից այն պարտադիր կլինի բոլոր պետական հիմնարկների աշխատողների համար, իսկ մասնավորները դրան կարող են անցնել կամավոր` 3 տարվա ընթացքում:

Կառավարության նիստում հավանության արժանացած այս փոփոխությունների նախագիծը, սակայն, նստաշրջանի մեկնարկին դեռ բաժանված չէր պատգամավորներին: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ կուտակայինին վերաբերող փոփոխությունները կառավարությունը ԱԺ է ներկայացնում արտահերթ նիստով կամ նստաշրջանով: Այդպես եղել է 2013թ.-ի հունիսին, դեկտեմբերին, 2014 թվականի մայիսին:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները