Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

«Բյուջեի քվեարկության օրը ժողովուրդը պիտի հավաքվի ԱԺ-ի դիմաց» Հ. Բագրատյան

«Բյուջեի քվեարկության օրը ժողովուրդը պիտի հավաքվի ԱԺ-ի դիմաց» Հ. Բագրատյան
Հարցազրույց Ազգային ժողովի պատգամավոր, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի հետ

-Խորհրդարանը քննարկում է 2013 թվականի բյուջեի նախագիծը, Դուք ակտիվորեն մասնակցում եք  քննարկումներին. Ձեր գնահատմամբ` ինչ հնարավորություններ ունի հաջորդ տարվա բյուջեն:
-Գնահատականս բացասական է, նույնիսկ արդեն անունը կարող եմ ասել` դա միանշանակ արտագաղթի բյուջե է: Այսպես եմ ասում, որովհետեւ իմ խորին համոզմամբ այս բյուջեով հնարավոր չէ կանգնեցնել արտագաղթը: Կառավարությունը մատը մատին չի տվել բյուջեի եկամուտները ավելացնելու համար: Այդ 118 մլրդը, որ, իբր, ավելացել է, հեքիաթ է. երբ ինֆլիացիան ու հարկային վարչարարությունը հանում ես, տեսնում ես` բյուջեի աճ չկա, կամ կա  5 %-ի աճ, մի 5 % -ն էլ աճել է հարկային վարչարարության արդյունքում: Եկամուտները այս դեպքում չէին կարող աճած լինել, ու ստացվել են կատաստրոֆիկ ծախսեր, հատկապես եթե հաշվի առնենք, որ, ինչպես 2 տարի առաջ էին զգուշացրել, դեռ պարտքեր էլ ունեն փակելու: Կենտրոնական բանկից ևս ակնկալիք չենք կարող ունենալ,  նա էլ է պարտք տալու: Խոսքը  այն պարտքերի մասին է, որը ԿԲ-ն վերցրել է Արժույթի հիմնադրամից ու ծախսել է 2008 թվականի աշնանը, 2009-ի սկզբին, իբր դրամի կուրսը պահելու համար, բայց ի վերջո չկարողացավ պահել, դրամը արժեզրկվեց: Այսքանից հետո ոչ թե կառավարությունը շուռ է գալիս, քննադատում երևույթը կամ պատժում, այլ գալիս ասում է` այո, քանի որ ես եկամուտների աճ չունեմ, միայն ծախսերի աճ ունեմ, հազար ներողություն, ոչ մի կոպեկ չկա աշխատավարձ բարձրացնելու, բայց գները կաճեն: Սա է 2013-ի բյուջեի էությունը:

-Բայց գուցե կառավարությունը իսկապես եկամուտները ավելացնելու հնարավորություն չունի՞:
-Հնարավորություն ունի: Նախ պետք էր մանրամասնորեն քննարկել եկամուտները, այլ ոչ թե ծախսերը:  Ով է տեսել` սկզբից ծախսը քննարկեն, հետո եկամուտը: Զարմանալի է, որ կան մարդիկ, ովքեր ինձ փորձում են համոզել, թե ճիշտն այդպես է: Ինձ համար միանշանակ է` սկզբից եկամուտը պետք է քննարկել, հետո նոր ծախսերը, սկզբում պետք է տեսնել` ինչ ունես, ու հետո քննարկես, թե ինչպես բաժանել ունեցածդ:
-Իսկ կառավարությունը ինչո՞ւ է քննարկում նախ ծախսերը: 
-Դե, ուզում են ասել` մեր  եկամուտներին մի կպեք: 

-Այսքանից հետո ինչ-որ սպասելիքներ կարելի՞ է ունենալ այս բյուջեից: -Ոչ մի բան պետք չի սպասել: Ոչ մի առաջընթաց: Ես չեմ ասում ` երկիրը մեռնում է: Դե, կարող է մեկ-երկու քանդված բորդյուր սարքեն, բայց ընդհանուր առմամբ ավելի վատ ենք ապրելու: Բյուջեն ինչ է` տնտեսական գործողությունների ծրագիր, ես էլ ասում եմ, որ այդ գործողությունների հանրագումարում ես ու Դուք, Դուք որ` հաստատ, ավելի վատ եք ապրելու:

-ՀԱԿ-ը բյուջեի նախագծին վերաբերող ինչ առաջարկություններ ունի:

-Մենք քննարկել ենք 220 առաջարկ, դրանցից 40-ը, խմբակցության համաձայնությամբ, իմ անունից ներկայացվել են կառավարությանը: Ի դեպ, եկամուտները միմիայն չեն ավելացվում։ Առաջարկություններից մեկով նույնիսկ կրճատում ենք բյուջեի եկամուտները: Օրինակ, մենք գտնում ենք, որ լիցենզիաները չպիտի լինեն, և դրանից պետք չէ ակնկալիք ունենալ: Տաքսի քշելու համար լիցենզիա պետք չէ կամ պետք չէ ընդհանրապես լիցենզավորել կադաստրի գծագրողի  գործունեությունը:

-Բայց Դուք մշտապես քննադատել եք կառավարությանն ու բյուջեի նախագիծը, կարծում եք այդքանից հետո կընդունեն ՀԱԿ-ի առաջարկությունները:
-Ես չգիտեմ, թե ինչ կանի կառավարությունը, կընդունի՞ մեր առաջարկությունները, թե՞ չէ, բայց նման մոտեցումը ընդհանրապես հիմարություն կլինի: Ես պատգամավորի իմ  գործն եմ անում: Մենք ցույց ենք տվել, որ ծախսերի մեջ էլ ահագին պրոբլեմներ կան, օրինակ, հասարակ մի հարց ասեմ` ինչու թոշակները չեն բարձրացնում: Մինչդեռ ԿԲ-ի նախագահի առաջին տեղակալի համար  թանկարժեք մեքենա են նախատեսում, կամ կառուցում են մի շենք, որը, իրենց իսկ հայտարարությամբ, առաջիկա տարիներին պետք չի լինելու, ու դրա համար դեռ 12 մլրդ են նախատեսել: Խոսքը Դիլիջանում կառուցվող Կենտրոնական բանկի շենքի մասին է: Այդ 12 մլրդ. դրամը բավական էր թոշակառուների խնդիրը լուծելու համար:

-Դժվար չէ ենթադրել, որ ընդդիմության առաջարկությունների մեծ մասը չի ընդունվի. ինչ-որ բան կարո՞ղ է ընդդիմությունն անել այս դեպքում:  
-
Չգիտեմ` ընդդիմությունը կմիանա թե չէ, բայց ես կարծում եմ, որ բյուջեի քվեարկության օրը ժողովուրդը պիտի հավաքվի ԱԺ-ի դիմաց: Մենք արել ենք պրոֆեսիոնալ առաջարկներ: Հստակ ցույց ենք տվել, որ բյուջեն եւ եկամուտներով, եւ ծախսերով, արմատական բարեփոխման կարիք ունի:

-Այսքանից հետո կարելի է ենթադրել, որ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին:
-Մենք դեռ չենք որոշել, բայց եթե մեր առաջարկությունները չընդունվեն, պարզ է, դեմ ենք քվեարկելու:  Մենք, օրինակ, առաջարկել ենք տնտեսական քաղաքականության փոփոխություն, ասվել է, թե որն է սխալ, որոնք պիտի լինեն մեր նպատակները, որոնք պիտի չլինեն մեր խնդիրները: Եթե գանք հայտարարի, եթե տեսնենք եկամուտների ավելացում, ծախսերի վերաբաշխում, ես կողմ կքվեարկեմ: Ես ՀԱԿ-ի փոխարեն չեմ կարող խոսել, ես իմ փոխարեն եմ խոսում :

-Դուք թոշակների բարձրացում նախատեսող օրենսդրական նախաձեռնություն ունեիք: Ի՞նչ եղավ դրա ճակատագիրը:
-Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիտում ստացավ բացասական եզրակացություն: Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ինձ ասաց, որ ունեն հաստատված տնտեսական ծրագիր, ու եթե իմ արած առաջարկով 5 տարի հետո թոշակը այսքան կլինի, իրենց ծրագրով ավելի շատ է լինելու, բայց մյուս տարի, դժբախտաբար, նրանք նորից  ներողություն պիտի խնդրեն ժողովրդից, որ չեն կարողացել թոշակ բարձրացնել: Ես ժողովրդական խոսքով ասացի` նաղդը թողած` նիսիայի հետևից մի ընկեք: Ես սկզբունքն էի առաջարկում, որ սրանից հետո թոշակը միջին աշխատավարձից ցածր չլինի: Եկել էր նախարարը, բայց ես անձամբ նրանից ոչ մի հիմնավոր բացատրություն չլսեցի:

-Կարծում եք` իշխանությունը չի՞ ուզում ոչ մի լավ բան անել:
-Իհարկե, չի ուզում, որովհետև հենց տեսնում է, որ մեր լավից իրենց համար մի քիչ վատ է լինելու, իրենց եկամուտները պակասելու են, դեմ է դուրս գալիս:
-Մեկ-երկու հարց էլ ներքաղաքական կյանքից, պարոն Բագրատյան: ԲՀԿ-ն քաղաքական կոնսուլտացիաներ է սկսել, առաջարկում է 100% համամասնական ընտրակարգ և անցում խորհրդարանական կառավարման, ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն էլ չի բացառել, որ ի վերջո այս կոնսուլտացիաները կարող են բերել նաև միասնական թեկնածուի սատարելու հարցի քննարկմանը: Դուք այս ամենին ինչպե՞ս եք վերաբերվում:

-Ես անձամբ ոչ մի կերպ չեմ վերաբերվում: Բայց ասեմ, որ եթե ԲՀԿ-ն դեռ առաջարկում է 100% համամասնական ընտրակարգ, ապա մենք արդեն ներկայացրել ենք օրենսդրական նախաձեռնություն, որը մերժել են: Ինչ վերաբերում է միասնական թեկնածուին, ապա ես անձամբ գտնում եմ, որ ՀԱԿ-ը պետք է հանդես գա իր թեկնածուով: Սա իմ կարծիքն է, որը չի փոխվի:

-Ո՞վ է ՀԱԿ-ի թեկնածուն: Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը:
-Այս պահին` այո:

-Իսկ եթե նա հրաժարվի՞:
-Եթե հրաժարվի, էլի թեկնածուներ ունենք: Ամեն դեպքում, ՀԱԿ-ը, իմ կարծիքով, պետք է պաշտպանի իր թեկնածուին:

Քվեարկության պատմություն

Բագրատյան Հրանտ Արարատի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Բագրատյան Հրանտ «Հայ ազգային կոնգրես» 156 152 95 81 480 84 98
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները