Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ՀՀԿ-ն ընդունեց կուտակայինը. 3 ընթերցում ՝ մեկ օրում

ՀՀԿ-ն ընդունեց կուտակայինը. 3 ընթերցում ՝ մեկ օրում

Ազգային ժողովը միակուսակցական համերաշխության մթնոլորտում, հունիսի 21-ի արտահերթ նիստում միանգամից երեք ընթերցումներով ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծն ու կից փաթեթը: Երեք քվեարկությունների մասնակիցը միայն ՀՀԿ խմբակցությունն էր ու երկու անկախ պատգամավոր:

Մինչ քվեարկությունները` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նորից խոսել էր փաթեթի առավելություններից, ասել, թե այն փուլային փոփոխությունների ծրագիր է, որը պահպանում է քաղաքացիների կամարտահայտությունը, բայց, նկատենք՝ միայն մասնավոր հատվածի աշխատակիցների համար և միայն մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը: Գրավոր առաջարկներ պատգամավորներից չէին ստացվել, իսկ առաջին ընթերցման ժամանակ նախարարն ասել էր, թե ընդունել են ընդդիմության բանավոր արված առաջարկը:

Ընդդիմադիրներն իրենց միասնական առաջարկությունը կուտակայինի վերաբերյալ ներկայացրել էին 12 կետերի շարքում: Նրանք առաջարկել էին ընդհանրապես հրաժարվել պարտադիր բաղադրիչի ցանկացած դրսևորումից, բացի սա` ՀՅԴ-ն առանձին հրապարակել էր իր մոտեցումները նոր կուտակային համակարգի վերաբերյալ: Այս ամենի համատեքստում այն, ինչ ընդունել էր կառավարությունը, մեղմ ասած` զվարճալի էր. ընդունվել էին միայն Արամ Մանուկյանի` խմբագրական բնույթի առաջարկությունները:

Առաջին ընթերցում. մերժված քառյակը լքեց դահլիճը

Նախօրեին քառյակը մտադիր էր մասնակցել քվեարկությանն ու դեմ քվեարկել, այսօր, սակայն, նրանք նախընտրեցին իրենց դեմ դիրքորոշումը արտահայտել՝ քվեարկությանը չմասնակցելով: Քվեարկությունից առաջ, ինչպես և սպասվում էր, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը 20 րոպե ընդմիջում վերցրեց: Ինչպես Գալուստ Սահակյանը նկատեց` «Ազգային ժողովի աշխատանքը խոտանելու նպատակով»: «Խոտանումը» չստացվեց, քվեարկությունը տեղի ունեցավ, բայց ընդդիմությունը նորից ընդմիջում ուզեց: Այս անգամ արդեն Գալուստ Սահակյանը անդրդվելի գտնվեց: Նա մերժեց և Լևոն Զուրաբյանին, և Վարդան Օսկանյանին, և Հեղինե Բիշարյանին: Հետո նորից ընդդիմությունը խոսեց կեղծ քվեարկությունների մասին, Շարմազանովը հրապարակեց քվեարկության պատկերը` իբր թե, որ ժողովուրդը հանկարծ չմտածի, թե ՀՀԿ-ն կեղծ քվեարկություն է անցկացրել:

Նիստի հետագա ընթացքին քառյակն արդեն չմասնակցեց: Ոչ իշխանական ուժերը դուրս եկան դահլիճից` հայտարարելով, որ չեն ուզում մասնակցել ԱԺ կանոնակարգի խախտմամբ ընթացող նիստին: Ավելի ուշ քառյակը հայտարարություն տարածեց` չբացառելով, որ «Կուտակային կենսաթոշակային օրենքի» սահմանադրականությունը վիճարկելու խնդրով նորից կարող է դիմել Սահմանադրական դատարան: Քառյակը կուտակայինի քննարկումն ու ընդունումն անվավեր է համարում, հայտարարելով, որ փաթեթն ընդունվել է ԱԺ կանոնակարգ օրենքի կոպտագույն խախտումներով, պատգամավորների ու խմբակցությունների իրավունքների սահմանափակմամբ:

Արտահերթ արտահերթի հետևից

Արտահերթ նստաշրջանի վերջին կես ժամը Ազգային ժողովում քվեարկություններ էին: 67-68 կողմ ձայներով ՀՀԿ-ականները ընդունեցին բոլոր այն օրենքները, որոնք մնացել էին նստաշրջանի օրակարգում`այնտեղից վարչապետի առաջարկով որոշ նախագծեր դուրս հանելուց հետո: Նստաշրջանի ավարտից 15 րոպե անց ՀՀԿ-ականները նորից եկան դահլիճ, գրանցվեցին, Գալուստ Սահակյանի խոսքով`«մի կես ժամանոց նոր արտահերթ» անցկացնելու համար: Մի շարք նախագծեր ներկայացվեցին երկրորդ-երրորդ ընթերցմամբ, այդ թվում` Կուտակայինը, ու ընդունվեցին (երրորդ ընթերցմամբ Կուտակայինն ընդունվեց 66 կողմով):

Քվեարկեցին նաև հերթական նստաշրջանից մնացած որոշ նախագծեր, որոնց հեղինակները պատգամավորներն էին: Դրանք էլ ընդունվեցին. չնայած, օրինակ, Միքայել Մելքումյանի հեղինակած մի նախագծի քվեարկության ժամանակ լուսատախտակին գրանցվեց 64 թիվը, Գալուստ Սահակյանը նորից հայտարարեց` կողմ` 67. քվեարկության պատկերը նորից տեսնելու ցանկություն ոչ ոք չհայտնեց: Նստաշրջանը ավարտվեց, ՀՀԿ-ականները միմյանց շնորհավորեցին ու շնորհակալություն հայտնեցին` իրար սատար կանգնելու համար:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները