Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ի՞նչ է հայտնաբերել գազային հանձնաժողովը

Ի՞նչ է հայտնաբերել գազային հանձնաժողովը

ԱԺ արտահերթ նստաշրջանի վերջին օրը` հունիսի 21-ին, քննարկվեց ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ զեկույցը: Հիշեցնենք՝ խորհրդարանական հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 26-ին ընդունված որոշման համաձայն: Որոշման հեղինակներն էին կոալիցիոն Հանրապետական և «Օրինաց երկիր» խմբակցությունների ղեկավարներ Գալուստ Սահակյանը, Հեղինե Բիշարյանը, ինչպես նաև` ՀՀԿ-ից Դավիթ Հարությունյանը: ՕԵԿ-ն այդ ընթացքում դեռ կոալիցիայի անդամ էր, իսկ Դ. Հարությունյանը`պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Մինչ այս որոշումը նման հանձնաժողով ստեղծելու նախագիծ ներկայացրել էին ոչ իշխանական չորս խմբակցությունները: Կոալիցիան այն մերժեց, ապա ներկայացրեց սեփական նախագիծն ու ընդունեց այն:

Իսկ Հայաստանի գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրելու անհրաժեշտություն առաջացավ այս տարեսկզբին, երբ ՀՀ կառավարությունը «ՀայՌուսգազարդ»-ի իր 20 տոկոս բաժնեմասը հանձնեց ռուսական «Գազպրոմ» ընկերությանը 2011-2013թթ. գազի սպառումից գոյացած 300 մլն դոլար պարտքի դիմաց: Հանձնաժողովի հիմնական նպատակը ձեւավորված պարտքի հիմնավորվածության ու օրինականության, ինչպես նաև գազի մեծածախ եւ մանրածախ գների կազմը, կառուցվածքը եւ դրանց վրա ազդեցություն ունեցող գործոնների ուսումնասիրությունն էր:

Հանձնաժողովն ունի 12 անդամ՝ իշխանական և ոչ իշխանական խմբակցությունների հավասար ներկայացվածությամբ: Նախագահը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն է: Ի սկզբանե նախատեսվում էր, որ հանձնաժողովը պետք է գործի 5-րդ գումարման 5-րդ նստաշրջանի ընթացքում, իսկ իր եզրակացությունը կատարած ուսումնասիրությունների վերաբերյալ ներկայացնի 2014թ. հունիս ամսին:

Ի՞նչ է արել հանձնաժողովը նախորդ չորս ամիսներին

Ձևավորումից հետո հանձնաժողովը որոշեց աշխատել չորս ենթախմբով: Առաջին ենթախումբը (Խոսրով Հարությունյան, Գուրգեն Արսենյան, Աղվան Վարդանյան, Գագիկ Մինասյան) պետք է ուսումնասիրեր բնական գազի մատակարարման և օգտագործման բնագավառում սպառողների շահերի պաշտպանության ներկա վիճակի, բնական գազի ջերմատվության, գազի հաշվիչների ստուգաչափման, կորուստների հիմնավորման և ներտնային սպասարկման համակարգը: Երկրորդը (Խոսրով Հարությունյան, Ռուբեն Հակոբյան) նախատեսում էր 2011-2013թթ. գազի կուտակված պարտքի ձևավորման օրինականությանն ու չափի հիմնավորվածության, ինչպես նաև` «ՀայՌուսգազարդ» ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի ունեցած բաժնեմասի գնահատման գործընթացի ուսումնասիրություն:

Երրորդ ենթախումբը (Աղվան Վարդանյան, Հովհաննես Մարգարյան, Գագիկ Մելիքյան, Լեռնիկ Ալեքսանյան) պետք է ուսումնասիրեր Ռուսաստանից, Իրանից, Մերձավոր և Կենտրոնական Ասիայի երկրներից բնական գազի այլընտրանքային ներկրման հնարավորությունները: Չորրորդ ենթախմբի (Վարդան Այվազյան, Միքայել Մելքումյան, Արամ Մանուկյան և Գարեգին Նուշիկյան) ուսումնասիրության ոլորտը գազի սակագնի ձևավորումն էր, դրա հաշվարկման համապատասխանությունը միջազգային պրակտիկային և ազդեցությունը էլեկտրաէներգիայի սակագնի վրա:

Գործունեության 4 ամիսների ընթացքում հանձնաժողովը մոտ 100 հարց է ուղղել պատկան մարմիններին և ստացել մոտ 1800 էջից բաղկացած պատասխաններ: Պատասխաններից հետո ևս 15 հարցադրում է ուղղել և սպասում է նոր պատասխանների:
4 ենթախմբերն էլ գարնանային նստաշրջանի ավարտին չէին ավարտել իրենց ուսումնասիրությունները: Այդ պատճառով էլ հանձնաժողովը դիմեց ԱԺ-ին գործունեության ժամկետը մինչև աշնանային նստաշրջանի ավարտը երկարացնելու առաջարկով, որը խորհրդարանն ընդունեց առանց առարկության:

Ի՞նչ մտահոգություններ ունի հանձնաժողովը

Հանձնաժողովն իր միջանկյալ զեկույցում մի շարք մտահոգություններ է նշել: Դրանք հիմնականում վերաբերում են գազի սակագնի ձևավորմանը: Օրինակ, «ՀայռուսԳազարդի» աշխատավարձերի գծով ծախսը ավելացել է մոտ 8,9 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է եղել միջին ամսական աշխատավարձը 119 հազար դրամից 227 հազար դրամ բարձրացնելու հանգամանքով, ինչպես նաև՝ աշխատողների քանակը 4792-ից 5783 դարձնելու կամ մոտ 1000-ով ավելացնելու գործոնով: Հատկապես երկրորդ հանգամանքը հանձնաժողովում լուրջ մտահոգություններ է առաջացրել այն պատճառով, որ Հայաստանում գազիֆիկացումը գրեթե ավարտվել է, և այդ առումով լրացուցիչ աշխատուժ ներգրավելու անհրաժեշտություն, կարծես թե, չկա:

Մտահոգություն է առաջացրել նաև գազաբաշխման համակարգում գազի կորուստների հաշվարկման մեթոդաբանությունը: Վ.Այվազյանի ներկայացմամբ՝ կորուստները պետք է հաշվարկվեին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից 2002թ. հաստատված մեթոդաբանությամբ, ինչը սահմանվում է նաև «Էներգետիկայի մասին» օրենքի դրույթներով: Սակայն, «անհասկանալի պատճառներով, 2006 թվականից հակառակ օրենքի պահանջների՝ հաշվարկը կատարվում է նախարարի հրամանի համաձայն»:

Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը գտնում է, որ գազի սակագնի հաշվարկման ժամանակ համապատասխան հիմնավորում է պահանջում նաև նորոգման և նյութական ծախսերի համար սահմանված մոտ 670 մլն դրամ գումարը, որը նախկին սակագնի համեմատ ավելացել է մոտ 153,8 մլն դրամով կամ 29,8 տոկոսով: 

Բացի դրանից՝ ՀԾԿՀ-ն «ՀայՌուսգազարդի» համար սահմանել է 10 տոկոս շահութաբերություն: Իսկ խորհրդարանական հանձնաժողովն ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել է, որ Հայաստանի գազամատակարարման համակարգի թերբեռնվածության` 8 մլրդ խմ գազ սպառելու հնարավորության փոխարեն տարիներ շարունակ ընդամենը 1,7 մլրդ սպառելու պարագայում անգամ ընկերության շահույթը 11 մլրդ 282 մլն դրամից դարձել է 13 մլրդ 862 մլն դրամ: Միաժամանակ, անցած 5 տարիներին ընկերությունը ՀՀ-ին չի վճարել շահաբաժիններ: Այս բոլոր խնդիրների ուսումնասիրությունն ավարտին հասցնելու համար հանձնաժողովը ԱԺ-ին առաջարկեց գործունեության ժամկետը երկարաձգել մինչև 6-րդ նստաշրջանի ավարտը:

Գազամատակարարման ոլորտում փոփոխություններ կլինե՞ն

Հանձնաժողովի գրեթե բոլոր՝ թե դիմադիր, թե ընդդիմադիր անդամները դեռևս դժվարանում են կանխատեսել, թե հանձնաժողովի գործունեության և ուսումնասիրությունների արդյունքում գազամատակարարման ոլորտում փոփոխություններ կլինե՞ն, սակագինը կվերանայվի՞, թե՞ ոչ: «Դեռ շուտ է դրա մասին ասելը, դեռ պետք է ավելի մանրակրկիտ ու խորությամբ ուսումնասիրել, լսել շահագրգիռ մյուս կողմերին՝ ՀԾԿՀ-ին, Էներգետիկայի նախարարությանը, «Գազպրոմ Արմենիային»: Եթե կարողանանք մեր մտահոգությունները ծախսերի մասով հիմնավորել, իհարկե, շատ ցանկալի կլինի: Բայց չշտապենք, դրա համար էլ երկարացրել ենք հանձնաժողովի գործունեության ժամկետը»,- ասում է հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Միքայել Մելքումյանը:

Հանձնաժողովի ՀՅԴ-ական անդամ Աղվան Վարդանյանը նույնպես կարծում է, որ վաղաժամ է եզրակացություններ անելը: «Հանձնաժողովը ստեղծվել է նրա համար, որ փոփոխությունների հասնի: Որոշակի աշխատանք, իսկապես, կատարվել է, բայց վերջնական եզրակացությունների համար դեռ վաղ է: Ես հույս ունեմ, որ առաջիկա նիստերին մենք իսկապես բոլոր հավաքված նյութերը կուսումնասիրենք և կանենք առաջարկություններ: Դրա համար պետք է համբերություն ունենալ և սպասել»,- ասում է նա:

ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանն էլ ասում է, որ «մտահոգությունները նշված են ոչ թե այն պատճառով, որ դրանք մտահոգիչ են, այլ այն պատճառով, որ դրանք հավելյալ ուսումնասիրության կարիք ունեն»:

ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն էլ գտնում է, որ վերը նշված բոլոր մտահոգությունները կարող են գազի սակագինը վերանայելու հիմք հանդիսանալ: «2005թ. մենք  դիմել ենք Սահմանադրական դատարան, որի որոշման արդյունքում գազի սակագինը 9 դրամով կամ 15 տոկոսով իջավ: Այժմ նոր հիմքեր են ավելանում , օրինակ` այն, որ գազի սպառման նվազման, ինչպես նաև մեր երկրում գազիֆիկացման ավարտի պայմաններում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը 1000 աշխատատեղ է ավելացնում»,- ասում է Հ.Մարգարյանը:

Գազամատակարարման համակարգն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովն արդեն ամառային արձակուրդից հետո կշարունակի աշխատանքը: Եվ եթե կրկին չերկարացնի գործունեության ժամկետը, դեկտեմբեր ամսին կավարտի ուսումնասիրություններն ու կներկայացնի վերջնական զեկույցը, որից հետո էլ պարզ կդառնա՝ հանձնաժողովի գործունեությունը փոփոխությունների կհանգեցնի՞, թե՞ ոչ:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները