Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Եթե բոլոր ուժերը երես են թեքում իշխող կուսակցությունից, ուրեմն այն հաստատ հիվանդ է

Եթե բոլոր ուժերը երես են թեքում իշխող կուսակցությունից, ուրեմն այն հաստատ հիվանդ է

Հարցազրույց ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀ գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի անդամ Արամ Մանուկյանի հետ:

- Պարոն Մանուկյան, գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը ներկայացրեց իր միջանկյալ զեկույցը, որտեղ բազմաթիվ մտահոգություններ կային կառավարման արդյունավետության, գազի սպառման ցանցում կորուստների, իրավական  խնդիրների վերաբերյալ: Ձեր կարծիքով հանձնաժողովի ունեցած փաստերը բավարա՞ր են, որ Հայաստանի գազամատակարարման ոլորտում փոփոխություններ արվեն, օրինակ, դրանք հիմք հանդիսանան գազի սակագնի իջեցման համար:

- Այո, և ես մնում եմ նույն կարծիքին, պարզապես այս ընթացքում փաստերն ու իրավական հիմքերն են ավելացել: «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի ունեցած 20 տոկոսը «Գազպրոմին» հանձնելու, 300 մլն դոլար կուտակած պարտքի, գազի սակագնի գաղտնի թանկացումների, դրանք ընտրությունների հետ կապելու, սակագնի ուռճացման և այլ խնդիրների հետ կապված խախտումներն ակնհայտ են: Ուղղակի հանձնաժողովում ես աշխատում եմ միայն մեկ նպատակով՝ իմ համոզմունքները հնարավորինս ամրացնել իրավաբանորեն և փաստերով: Եվ եթե մենք դա կարողանանք այդպես հիմնավորել, տրամաբանական կլինի փոփոխություններ առաջարկելը: Հիմա էլ կարող եմ ասել, որ գազի գինը ուռճացրած է, և իջեցնելու հնարավորություն կա: Պարզապես հանձնաժողովը պետք է դրանում համոզվի, նաև այդ ամենը հայտարարելու կամք ունենա:

- Այս օրերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկվում է նաև էլեկտրաէներգիայի սակագինը 3,85 դրամով բարձրացնելու հարցը: Որքանո՞վ է հիմնավոր այդ թանկացումը:

- Սա էլ այն դեպքն է, երբ ասում են՝ եթե մի երեսիդ խփում են, մյուսն ես դեմ տալիս: Մտածում են, որ եթե ժողովուրդը մի թանկացումը մարսում է, մյուսն էլ կմարսի, քանի որ տեսնում են՝ խորհրդարանը ականջները կախ ինչ ասում են, խելոք անում է, հասարակությանն էլ չեն թողնում ըմբոստանա, ոստիկանները կանգնած են: Բայց այս թանկացումը անհիմն է: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մեծածախ էլեկտրաէներգիան գնում է 16 դրամով, վաճառում է 29 դրամով: ՀԷՑ-ը, որ արտադրող չէ, էլեկտրաէներգիայի ինքնարժեքի վրա մոտ 50 տոկոս թանկացում է դնում: Պարզ հարց է առաջանում` ունի՞ դրա իրավունքը: Չունի: Պահում են 8000 հոգանոց ուռճացված ապարատ, որից 1000 հոգին միայն կենտրոնական ապարատում նստած՝ մտածող են: Եվ այդ ամենը` շատ բարձր աշխատավարձով: Իսկ այդ բարձր աշխատավարձը ձևավորվում է 40 տոկոս աղքատություն ունեցող կամ ծայրահեղ աղքատ մարդկանց վերջին կոպեկներով: Իսկ սակագնային հանձնաժողովն էլ կնիք է դնում նրանց առաջարկների վրա ու թանկացնում է: Սրա միակ լուծումը  ժողովրդի ճնշումն է:

- Պարոն Մանուկյան, ինչպե՞ս եք գնահատում ԱԺ գարնանային նստաշրջանը, հատկապես արտահերթ նստաշրջանը, որի թե քննարկումները, թե քվեարկությունները դուք` ոչ իշխանական ուժերը բոյկոտեցին: 

- Երբեք նման նախադեպ չի եղել: Իսկ ի՞նչը զայրացրեց բոլոր պատգամավորներին: Կառավարության առաջարկությամբ հրավիրված այդ արտահերթ նստաշրջանի օրակարգում կար 39 նախագիծ, որի կեսը ոչ իշխանական ուժին, ոչ էլ ընդդիմադիրներին ծանոթ չէր: Դրանցից մոտ մեկ տասնյակը ծանր և կարևոր օրենքներ էին, մի քանիսը ծավալուն նախագծեր էին, փաթեթներ` կազմված հարյուրավոր էջերից: Դրանց թվում էր նաև «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որը արտահերթի մեխն էր: Եվ մենք ավելի շատ ըմբոստանում էինք այն բանի համար, որ չի կարելի պատգամավորին վիրավորել` կանչել նստաշրջանի և նիստերի դահլիճում դեմ տալ այդքան օրինագիծ: Ու այդ ծավալուն փաթեթները պիտի կարդաս ու քննարկես: Ավելին` կուտակայինը ներառել էին օրակարգ, բայց մինչև կեսօր նախագիծը չկար: Մինչդեռ այդ նախագիծը պետք է հանրային քննարկման ենթարկվեր, ՍԴ ապրիլի 2-ի որոշումն էլ դա էր պահանջում: Եվ իրենք խախտեցին մարդկային, կանոնակարգային օրենքներն ու պատգամավորին ոչնչի տեղ դնելով` առաջարկեցին քննարկել այն նախագծերը, որոնց մասին նրանք տեղյակ չէին: Հատկապես կուտակայինի նման կարևորագույն օրինագիծը, որն առաջիկա տասնյակ տարիների ընթացքում վերաբերելու է մի քանի հարյուր հազար մարդու:

Հովիկ Աբրահամյանը մի քանի ամիս առաջ խորհրդարանում բողոքում էր կառավարության աշխատաոճից, որ այն ոտնահարում է պառլամենտի իրավունքները, բայց հիմա ինքն է նույնն անում: Դրա համար էլ մենք բոյկոտեցինք ու բարձրացրեցինք 20 րոպեների հարցը: Իրենք գոնե խելքի եկան և 14 օրինագիծ հետ տարան: Իսկ համակարգային նշանակություն կուտակայինի կենսաթոշակների մասին նախագծի 3 ընթերցումները կազմակերպվեցին 24 ժամյա ռեժիմով ու մեկ օրում անցկացրեցին: Դա պարզապես ամոթ է, պառլամենտարիզմի ոտնահարում է, դա միապետության, ռեժիմի ցուցադրում և խայտառակ իրավիճակ է: Ու իրենք չեն ամաչում խայտառակվելուց: Իրենք ամենևին ամոթ չունեն, որ նման մեթոդներով` կեղծելով, քննարկումների գործընթացը խախտելով, մեզ ձայն չտալով, ուրիշի փոխարեն քվեարկելով, ցուցատախտակը չցուցադրելով և 5 րոպեում շփ-թփ անելով են ժողովրդին օրենք մատուցում:

- Ավարտվեց ԱԺ հինգերորդ գումարման ևս մի նստաշրջան: Եթե այն համեմատեք նախորդ նստաշրջանի, նաև նախորդ գումարման խորհրդարանների հետ, ի՞նչ առավելություններ կամ թերություններ կնշեք:

- Որքան էլ ասենք, որ իրենց դեմքը սա է, մենք կարողացել ենք նրանց ստիպել կարդալ, ուշադիր լինել, երբեմն նաև ելույթ ունենալ, իսկ անգրագետներին` երբեմն գրագիտանալ: Բայց ես ուզում եմ նաև արձանագրել ոչ իշխանական ուժերի հաջողությունը: Եթե հիշում եք, երկու տարի առաջ Հանրապետական կուսակցության կողքին էին «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները: Այսօր արդեն կարող ենք ասել, որ այս նստաշրջանը մենք ավարտեցինք` Ս.Սարգսյանին ՀՀԿ-ի հետ մենակ թողնելով: Եթե բոլոր ուժերը երես են թեքում իշխող կուսակցությունից, ուրեմն այն հաստատ հիվանդ է: Իսկ այս նստաշրջանի վերջին քվեարկություններն իրենք կեղծիքով կամ առանց կեղծիքի անցկացրեցին 66-67-68 ձայնով: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն հասել է իր եզրագծին: Իսկ ոչ իշխանական ուժերը խորհրդարանում ունեն 53-54 ձայն: Ես դա համարում եմ քաղաքական ուժերի հաջողությունը և խորհրդարանում մեր ճիշտ աշխատելու արդյունքը: Նաև դա է պատճառը, որ ՀՀԿ-ն ջղագրգիռ շարժումներ է անում, ոստիկաններին է փողոց հանում:

- Ասում եք, թե 53-54 պատգամավոր արդեն իշխանությունների հետ չեն և նրանց շարքերը նոսրանում են: Հնարավո՞ր է, որ առաջիկայում ՀՀԿ-ից բաժանվեն նաև այդ կուսակցության անդամները:

- Չեմ թաքցնում, ես համոզված եմ, որ այդպես էլ լինելու է: Վերջին հաշվով նրանց շարքերում նստած մարդիկ այս երկրի թշնամիները չեն, և բոլորը չէ որ թաթախված են ստվերային տնտեսության, մենաշնորհների, հանցագործությունների ու հարկերը թաքցնելու մեջ: Մենք շփվում ենք այդ մարդկանց հետ, նրանցից շատերն իրենց իշխանությունից դժգոհ են ծայրից ծայր, մինչև կոկորդը լցված են այս ապօրինություններից: Լինելու է ներքին ըմբոստության ալիք, և իրենք հրաժարվելու են Սերժ Սարգսյանից: Եվ դա շատ նորմալ է, հասարակությունն էլ դրան նորմալ կվերաբերվի: Մարդիկ գոնե իրենց արժանապատվությունը պահած կլինեն, կկարողանան իրենց երեխաներին ասել, որ ի վերջո մի օր հանցագործներից երես թեքեցին: Եվ պատահական չէր, որ ես հայտարարեցի, թե եկող իշխանություններում կլինեն մարդիկ, որոնք հանցագործություն չեն կատարել: Դա կյանքի օրենք է, և նրանք կարող են լինել ապագա իշխանություններում, եթե չեն փչացրել իրենց անունն ու արժանապատվությունը: Չեմ կարծում, որ որևէ մեկն ուզում է, որ Հայաստանում իշխանափոխություն լինի տրաքոցով ու ջարդոցով:

Քվեարկության պատմություն

Մանուկյան Արամ Վիգենի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Մանուկյան Արամ «Հայ ազգային կոնգրես» 279 157 142 56 330 74 88
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները