Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Թեժ աշնան մեկնարկը

Թեժ աշնան մեկնարկը


Սեպտեմբերի 8-ին մեկնարկեց 5-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ, աշնանային նստաշրջանը: Նախորդը` գարնանայինը ու դրան հաջորդած արտահերթ նստաշրջաններն անցել էին թեժ մթնոլորտում. կառավարությունը խորհրդարան էր ուղարկել 6 տասնյակ նախագծեր` հրատապ կարգով քննարկելու և ընդունելու համար, ընդդիմադիրները, ի նշան դժգոհության, բոյկոտել էին դրանց քննարկումը, իսկ դահլիճից դուրս քննարկվում էր կառավարությանը ներկայացրած նրանց 12 կետանոց պահանջագիրը: Նոր նստաշրջանը սկսվեց միանգամայն կառուցողական մթնոլորտում: Միջանցքներում քննարկվող հիմնական հարցն էլ լրագրողական քննարկումների օրակարգ էր մտել անսպասելի:

Ազգային ժողովի նիստերից պատգամավորների բացակայության հարցին սովորաբար նստաշրջանների ավարտին ենք անդրադառնում`պատկերն ամփոփելու համար: Այս անգամ,սակայն, հարցը դարձավ հրատապ հենց նստաշրջանի սկզբում: Պատճառը ՀՀԿ-ի նիստում Սերժ Սարգսյանի հնչեցրած համեմատությունն էր` Ազգային ժողովի նիստերը լքող պատգամավորի ու խրամատը լքող պատգամավորի միջև: Ու հենց սա էր պատճառը, որ նստաշրջանի ու քառօրյայի առաջին նիստից հետո դահլիճը լքող պատգամավորներից հատկապես ՀՀԿ-ականները հայտնվեցին լրագրողների ուշադրության կենտրոնում: «Ինչու եք լքում նիստերի դահլիճը» հարցին նրանց պատասխանը օրիգինալ չէր. գնում են աշխատելու իրենց աշխատասենյակներում:

Եթե ՀՀԿ-ականները օրենսդիր գործունեությամբ զբաղվում են ԱԺ նիստերի դահլիճից դուրս` աշխատասենյակներում, ապա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով նիստերից ամենաշատը բացակայած պատգամավորն է, աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի առաջին նիստին ևս չէր մասնակցում:

Տևական բացակայությունից հետո նորից խորհրդարան էր եկել «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Օրակարգի հաստատման ժամանակ նա «խոցելի մեծամասնություն» անվանեց ՀՀԿ-ին ու հնչեցրեց ավանդական դարձած հարցը` «երբ եք օրակարգից հանելու հայ-թուրքական արձանագրությունները»: «Լինի` կիմանաք»,-պատասխանեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` հակադարձելով` «խոցելին փոքրամասնությունն է»:

Ոչ իշխանական քառյակից կազմված խորհրդարանական փոքրամասնությունը նստաշրջանի առաջին նիստում իր մասին հիշեցրեց «թեթևակի». ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ քառյակը առաջարկում է կազմակերպել լսումներ` արտագաղթի հարցը քննարկելու համար: Դրա անհրաժեշտության մասին քառյակից խոսեց նաև «Ժառանգության» ղեկավար Ռուբեն Հակոբյանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե հարցը կարող է քննարկվել համապատասխան հանձնաժողովում:

Միասնական գործունեության մի փորձ էլ, դարձյալ հայտարարություններ անելու միջոցով, քառյակը հանդես բերեց հաշվիչ հանձնաժողովի կարգը հաստատելիս: Հանձնաժողովը նորից կունենա 13 անդամ` ՀՀԿ-ից` 7, ԲՀԿ-ից` 2, մյուս խմբակցություններից` 1-ական ներկայացուցչով: ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» հայտարարեցին, որ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին չեն մասնակցելու, ՀՅԴ-ն դիրքորոշում չհայտնեց, իսկ որոշման նախագծին քվեարկեց դեմ:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները