Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Քառյակից եռյակ դառնալու ճանապարհին

Քառյակից եռյակ դառնալու ճանապարհին

Ոչ իշխանական ուժերի խորհրդարանական քառյակը գարնանային նստաշրջանի ավարտին ուներ մի օրակարգ, որը, ինչպես պարզվեց աշնանային նստաշրջանի մեկնարկին, կորցրել է հրատապությունը: 12 կետանոց պահանջ կառավարությանը եւ դրանց կատարման ժամկետ՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը. ամառային հանգստի գնալուց առաջ 4 ուժերի օրակարգում այս հարցերն էին, այսօր օրակարգում սահմանադրության բարեփոխումներն են ու քառյակը կազմող ուժերի տարբեր մոտեցումները խնդրի վերաբերյալ: Ուստի, միանգամայն անկեղծ էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, երբ պատասխանելով արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելու հնարավորության մասին հարցին, ասաց. «Խորհրդարանականների հետ հորով-մորով անենք, հետո կանցնենք արտախորհրդարանականներին»:

Վերջին 10 օրերի ընթացքում քառյակի շրջանակում տարբեր ձևաչափերով 4 հանդիպում տեղի ունեցավ. ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի միջև, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ, և 2 հանդիպում՝ ամբողջական կազմով՝ 4 ուժերով: Հենց առաջին հանդիպումից հետո, որը նախաձեռնել էր ԲՀԿ-ն՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ՀՅԴ-ի վերջնական մոտեցումը ճշտելու համար, պարզ էր՝ քառյակում տարաձայնություններ կան: Չի բացառվում, որ 12 կետի շուրջ 4 ուժերի ձեռք բերած համաձայնությունն ի չիք դառնա մեկ հարցի՝ սահմանադրական փոփոխությունների շուրջ տարաձայնության պատճառով:

ՀՅԴ-ն, չհրաժարվելով իր ծրագրային դրույթներից, պնդում է, որ փոփոխություններն անհրաժեշտ են, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» դրանք համարում են վաղաժամ՝ պնդելով, որ երկրում առկա է ոչ թե սահմանադրական, այլ քաղաքական ճգնաժամ: Երկրորդ հանդիպման արդյունքում խոսակցությունները ՀՅԴ-ի հետ տարաձայնությունների մասին ավելի ակտիվացան. հատկանշական է, որ ՀՅԴ-ի լիդերի՝ Հրանտ Մարգարյանի և ՀԱԿ առաջնորդի միջև քառյակի գոյության 9 ամիսների ընթացքում այդպես էլ առանձին հանդիպում տեղի չունեցավ՝ ի տարբերություն ՀԱԿ ու ԲՀԿ առաջնորդրների գրեթե պարբերական դարձած հանդիպումների: Երրորդ՝ 4 ուժերի հանդիպումից հետո քառյակը և հատկապես դաշնակցականները նորից վստահեցնում էին, թե տարաձայնությունները պառակտման չեն բերել, քառյակը կա, բայց Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը, ավելի ճիշտ՝ դրա մեկնաբանությունները նորից առիթ տվեցին նկատելու, որ քառակողմ համագործակցությունը երկար չի ձգվի:

Փլուզումը հանրահավաքից առա՞ջ, թե՞ հետո

« Մեր երկրի, ժողովրդի խնդիրները քիչ էին, հիմա էլ դրվում է Սահմանադրական փոփոխութունների հարցը: Ձեր տեսակետը ո՞րն է:
- Ես լուրջ չեմ համարում խոսել մի բանի մասին, որը դեռ չկա, հայտնի չէ: Պարզ չէ` խոսքը ինչ փոփոխությունների մասին է: Երբ կլինի փաթեթը, հայեցակարգը, այն ժամանակ ես պատրաստ կլինեմ բոլոր հարցերին պատասխանելու»:

Գագիկ Ծառուկյանի՝ Zham.am-ին տված հարցազրույցի այս հատվածից ՀՅԴ-ն հասկացել էր, որ քառյակի ուժերը կամաց-կամաց մոտենում են իրենց դիրքորոշմանը: ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի խոսքով՝ Ծառուկյանը «նոր բան է ասում, այն է՝ փաթեթը լինի, նոր խոսենք»: ՀԱԿ-ը հասկացել էր, որ ԲՀԿ-ն, ինչպես մինչ այս եղած հանդիպումների ու հանրային քննարկումների ընթացքում է հայտարարել, այսօր էլ կտրուկ դեմ է սահմանադրության փոփոխություններին:

Ակնհայտ է, որ քառյակի 4 ուժերը, ու նրանցից հատկապես ՀՅԴ-ն, այսօր արդեն չեն պատկերացնում քառակողմ համագործակցությունը, ինչն անդրադառնալու է նաև քառյակի միասնական հանրահավաքի անցկացման վրա: Անցնող շաբաթվա ընթացքում քառյակի վերջին հանդիպումը հենց դրա շուրջ էր: Նրանք հավաքվել էին հանրահավաքի օրը որոշելու համար, բայց հանդիպումից հետո լրատվամիջոցներին ասացին, թե հանրահավաքի օրը որոշելու համար որոշեցին հանդիպել սեպտեմբերի 17-ին: Իսկ դրանից հետո, եթե անգամ միասնական հանրահավաքը կայանա էլ, ու քառյակը շարունակի պնդել, թե կա, գործում է, նրանք, միևնույն է, ամենամոտ ապագայում տարբեր ճանապարհներով են գնալու ու տարբեր հանդիպումներ են ունենալու. ՀՅԴ-ն՝ Սահմանադրության փոփոխությունները քարոզելու, եռյակը՝ դրանց հակաքարոզն անելու համար: Սա էլ ինքնաբերաբար բերելու է քառյակի փլուզմանը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները