Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հանրակրթության նկատմամբ պետության ուշադրությունը սպառնում է դժգոհություն հարուցել

Հանրակրթության նկատմամբ պետության ուշադրությունը սպառնում է դժգոհություն հարուցել

ԱԺ նախորդ՝ գարնանային նստաշրջանի ընթացքում (19.05.2014) առաջին ընթերցմամբ ընդունվել է «Հանրակրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթը: Թեև ԱԺ-ն որոշում էր ընդունել օրինագծերը հատուկ կարգով ընդունելու՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումն առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում անցկացնելու մասին, բայց նախորդ նստաշրջանում փաթեթն ամբողջությամբ այդպես էլ չընդունվեց և տեղափոխվեց 6-րդ նստաշրջանի մեծ օրակարգ:

Այն քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի վերջին նիստում և արժանացել ոչ իշխանական խմբակցությունների քննադատությանը: Կառավարությունն առաջարկում է երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում կատարել երաշխավորված անվճար տասներկուամյա կրթության համակարգին՝ փոփոխության շրջանակի մեջ ներառելով նաև մասնագիտական կրթությունը: «Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ ընդհանուր կամ նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթությունը անվճար է եւ պարտադիր մինչեւ սովորողի 18 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ»,- նշված է «Կրթության մասին» օրենքում փոփոխություն առաջարկող նախագծում:

Առաջարկվող փոփոխությունը գործադիրը հիմնավորել է «մրցունակ կրթական համակարգի, մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգում բոլորի համար հավասար կրթության մատչելիության, ընդգրկվածության ապահովման» նպատակով և կանխատեսել, որ նոր համակարգը հնարավորություն կընձեռի նաեւ սոցիալապես անապահով խավի երեխաներին անվճար մասնագիտական կրթություն ստանալ:

Բարեգործությո՞ւն, թե՞ պարտադրանք

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը գտնում է, որ եթե այս նախագիծն ընդունվի, այն «կքանդի» հանրակրթության և մասնագիտական կրթության ոլորտը: Նախ` քաղաքացին իրավունք չի ունենա սահմանափակվել իննամյա կրթությամբ և պարտադրված է անպայման ստանալ տասներկուամյա կրթություն: Եվ եթե որևէ մեկը փորձի հրաժարվել 12 ամյա կրթությունից, ապա դա կդառնա հակաօրինական արարք ու թերևս դրա համար պետք է նաև պատիժ սահմանվի:

«Կառավարությունն իր առաջարկությունը ներկայացնում է որպես մեծ բարեգործություն, մեծ առաջընթաց, որ պետությունն ամբողջությամբ իր վրա է վերցնում մասնագիտական և պարտադիր կրթությունը, նվազագույն տարիքը բարձրացնում է մինչև 12-րդ դասարան կամ 18 տարեկան: Բայց պետությունը պետք է երաշխավորի, ոչ թե պարտադրի: Պետությունը կարող է երաշխավորել 12 ամյա կրթության անվճար լինելը, բայց քաղաքացին ինքն է որոշում` օգտվի՞ դրանից, թե՞ ոչ, վճարովի՞ գնա, թե՞ անվճար: Բայց չէ՞ որ կան նաև մասնավոր կրթօջախներ, որոնք կազմակերպում են վճարովի և լավ կրթություն, իսկ այս օրինագիծը մարդուն զրկում է ընտրելու իրավունքից: Երկրորդը`մասնագիտական կրթությունն է դառնում պարտադիր և անվճար: Սա անհեթեթություն է, որովհետև մասնագիտական կրթության իրավունքը ազատ իրավունք է: Քաղաքացին ինքը պետք է որոշի՝ ուզում է վարսավի՞ր դառնալ, վարո՞րդ, թե՞ թարգմանիչ»,- ասում է Ա.Մանուկյանը:

Բացի դրանից, մասնագիտական կրթությունը դարձնելով պարտադիր ու անվճար՝ կառավարությունը տեխնիկումներին, ուսումնարաններին ու վճարովի մասնագիտական կրթություն կազմակերպող այլ կրթօջախներին մեծ հարված է հասցնում: Վերջիններ կկորցնեն մրցունակությունը, և համակարգը կփլուզվի: «Մեր երկիրն այսօր չի կարող այդպիսի օրենք կիրառել, կքանդվի ամեն ինչ: Այսօր շատ տեղերում կրթությունը վճարովի է, և դա շատ լավ է, մարդիկ վճարում են կրթություն, մասնագիտություն ստանալու համար: Հզոր սոցիալիստական երկիրը կարող է նման անվճար ծրագիր իրականացնել, բայց մեր երկիրը եղածը չի կարողանում պահել»,- ասում է Ա.Մանուկյանը` գտնելով, որ եթե նախագիծն այս տեսքով ընդունվի, ապա կրթական ոլորտում մեծ դժգոհությունների պատճառ կհանդիսանա:

Պատգամավորի մեկ այլ դիտարկմամբ ՝ կառավարության նախագիծն ունի ևս մի խնդրահարույց դրույթ, որը վերաբերում է թույլ կարողություններ ունեցող մարդկանց: Վերը նշված պարտադիր և անվճար պայմանները նրանց չի վերաբերում: «Աննորմալ բան է ստացվում: Այսինքն` բոլորին վերաբերում է դրական առումով, բայց այս խմբին չի վերաբերում: Հաշմանդամների համար մի սկզբունք կա, որ կոչվում է ներառական կրթություն: Ամբողջ աշխարհում հաշմանդամներին ոչ թե առանձնացնում, այլ ներառում են առողջ մարդկանց մեջ: Հենց դրա համար էլ կա ներառական կրթություն ոլորտը: Բայց օրինագծում այս խնդիրն էլ լուծված չէ»,- եզրափակում է Ա.Մանուկյանը:

Կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը համաձայն է Ա.Մանուկյանի միայն այն դիտարկման հետ, որը վերաբերում է հաշմանդամ անչափահասներին ու նրանց անհրաժեշտ ներառական կրթությանը, բայց չի կիսում նրա այն մտահոգությունը, թե ավագ դպրոցներում հանրակրթության և մասնագիտական կրթության պարտադիր լինելը «կքանդի» ոլորտը, և կվնասի միջին մասնագիտական կրթությանը: «Ավագ դպրոցը միջին մասնագիտական կրթություն չի տալու, այն ընդամենը նախապատրաստում է ապագա մասնագիտություն ընտրելուն: Մասնագիտական կրթությունը տալիս են ուսումնարաններն ու քոլեջները: Իսկ ինչ վերաբերում է վճարովի հիմունքներով հանրակրթություն կազմակերպող կրթօջախներին, ապա նրանք նույնպես կարող են շարունակել իրենց գործունեությունը, և նրանց որևէ վտանգ չի սպառնում»,- ասում է Ա.Դավթյանը:

ՕԵԿ-ի հետին թվով նախագիծը

Այդ նույն նիստի ժամանակ քննարկվել է նաև Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի և Մհեր Շահգելդյանի հեղինակած «Արտադպրոցական կրթության մասին» օրինագիծը: ՕԵԿ-ի այս նախագիծն առաջարկում է առանձնացնել արտադպրոցական որոշ պարապմունքներ և ուսումնական հաստատությունների բազայի վրա ստեղծել խմբակներ, ակումբներ կամ այլ միավորներ, որոնց հիման վրա էլ հանրակրթությանը զուգահեռ մշակութային, սպորտային կամ այլ բնույթի կրթություն կկազմակերպվի:

Հեղինակները սահմանել են, որ այս կրթությունը ապահովելու համար պետությունը բյուջեից առանձին ֆինանսավորում պետք է ապահովի՝ ուսուցիչների վարձատրության և այլ ծախսեր հոգալու համար: Կառավարությունը դեմ է ՕԵԿ առաջարկի թե բովանդակությանը, թե ձևակերպումներին: Եզրակացության մեջ գործադիրն, օրինակ, նշել է, որ նախագծում «օգտագործված են ՀՀ օրենսդրությամբ չսահմանված եւ հստակեցման կարիք ունեցող արտահայտություններ, մասնավորապես, «ունկնդիրներ», «միջդպրոցական ուսումնաարտադրական կոմբինատ», «Հայաստանի քաղաքացու ցանկալի դիմանկարի կերտում» եւ այլ արտահայտություններ»:

Ընդ որում՝ հանձնաժողովի քննարկմանը ներկայացված օրինագիծը թվագրված էր հետին թվով. նշված էր, որ այն ուժի մեջ է մտնելու 2008թ.: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը բացատրեց, որ նախագիծը գրվել և ԱԺ է ներկայացվել 2007թ., այն ժամանակ, երբ կուսակցությունը կոալիցիայի անդամ էր, իսկ Կրթության ու գիտության նախարարն իրենց կուսակից Սերգո Երիցյանն էր: Կառավարությունը տարբեր պատճառաբանություններով այն չի ընդունել, և օրակարգ ընդգրկվելը մի քանի անգամ հետաձգվել է: Հ.Բիշարյանը բացատրեց, որ իրենց փորձագետների անուշադրության արդյունքում ուժի մեջ մտնելու թվականը չի փոփոխվել:
Ի դեպ, նախագծի` օրակարգում ընդգրկվելն այս անգամ ևս հետաձգվեց մինչեւ մեկ տարով:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները