Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հայաստանի իշխանությունները չեն մասնակցում մեր երկրի վերաբերյալ որոշումների կայացմանը

Հայաստանի իշխանությունները չեն մասնակցում մեր երկրի վերաբերյալ որոշումների կայացմանը
Սպասվում է, որ այսօր` հոկտեմբերին 10-ին, Բելառուսի մայրաքաղաքում Հայաստանը կստորագրի Եվրասիական տնտեսական միությանն /ԵՏՄ/ անդամակցելու պայմանագիրը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մեկնել է Մինսկ` մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին: Ակնկալվում է, որ այդ շրջանակներում էլ կստորագրվի ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը, իսկ 2015թ.-ից Հայաստանը կդառնա կառույցի լիիրավ անդամ:

Հիշեցնենք՝ 2013թ. սեպտեմբերի 3-ին Ս.Սարգսյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո անսպասելիորեն հայտարարեց, թե Հայաստանը ցանկանում է դառնալ Մաքսային միության անդամ` ըստ էության հրաժարվելով Ասոցացման համաձայնագրից, որի շուրջ Արևելյան գործընկերության շրջանակներում մոտ չորս տարի բանակցում էր Եվրամիության հետ: Այս կտրուկ շրջադարձից հետո ակնկալվում էր, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը կստորագրի մյուս երեք երկրների` Ռուսաստանի, Բելոռուսի և Ղազախստանի հետ միասին մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ և կդառնա կառույցի հիմնադիր անդամ: Պայմանագիրը, սակայն, չստորագրվեց. ստորագրումը նախ հետաձգվեց 15 օրով, ապա ՝ անորոշ ժամկետով : Հոկտեմբերի 10-ը Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագիրը ստորագրելու արդեն չորրորդ ժամկետն է:

Փորձագետներն ու քաղաքական գործիչները, սակայն, չեն բացառում, որ այս անգամ ևս Հայաստանը չստորագրի այդ պայմանագիրը, և անդամակցության ժամկետը կրկին հետաձգվի: ԵՏՄ անդամ Բելոռուսն ու հատկապես Ղազախստանը որոշակի վերապահումներ ունեն Հայաստանի անդամակցության հարցի շուրջ: Հիմնական վերապահումն առնչվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին: Բացի այդ, Հայաստանը ԵՏՄ-ի հետ բանակցում է մոտ 900 անուն ապրանքների առևտրաշրջանառության համար անդամակցությանը հաջորդող 3 տարիներին մաքսային արտոնություններ ստանալու խնդրի շուրջ, ինչը չի արվում մյուս երկու երկրների նկատմամբ: 

Իսկ մեր երկրում վերջին մեկ տարվա ընթացքում ավելի բուռն քննարկվել է հարցը՝ կանդամակցի՞ Հայաստանն այդ կառույցին, թե՞ ոչ, քան այն, թե ինչ կշահի ու կկորցնի անդամակցության դեպքում: Նկատի ունենալով հատկապես այն հանգամանքը, որ միության ստեղծումը նախաձեռնած Ռուսաստանի և եվրոպական երկրների հարաբերությունները բավական լարված են, ՌԴ տնտեսությունն արևմտյան պատժամիջոցների արդյունքում անկում է ապրում, իսկ այդ իրավիճակը բացասաբար է ազդում ՀՀ-ի վրա:

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում վստահություն հայտնեց, որ այսօր` հոկտեմբերի 10-ին Մինսկում Ս.Սարգսյանը կստորագրի անդամակցության պայմանագիրը, բայց չցանկացավ խոսել սպասվելիք ձեռքբերումների կամ կորուստների մասին: «Ես կարծում եմ, որ որևէ խոչընդոտ չկա, և ամեն ինչ պատրաստ է ստորագրման: Ինձ թվում է, որ դա մեր հավաքական ճանապարհն է, մեր անվտանգության ուղին է: Իսկ ինչ վերաբերում է ՌԴ-ի տնտեսությանը, ապա չեմ կարծում, որ այն այդպես խորը անկում է ապրում: Բայց եթե դա այդպես է, մենք կարող ենք այդ իրավիճակից օգտվել, շահեկան վիճակում հայտնվել` խթանելով արտահանումը»,- ասաց Վ.Բաղդասարյանը:

ԵՏՄ անդամակցության դեպքում Հայաստանը կարող է ոչ միայն մեկուսանալ աշխարհից, այլև ձեռք բերել միջազգային հանրության բացասական վերաբերմունքը: Այս օրերին արդեն կարծիքներ կան, թե նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ն նաև այդ պատճառով որոշում ընդունեց «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» թեմայով զեկույցի նախապատրաստման մասին: «Ինչո՞ւ ենք մեկուսանում, մենք մեր հարաբերությունները պահպանում ենք Եվրոպայի հետ: Որևէ բան փոխվե՞լ է, որ մեր ուղղվածությունը դեպի եվրասիական միություն ենք տարել: Մենք շարունակում ենք բոլոր ծրագրերը, որևէ մեկի հետ մեր կապերը չենք խզել: Իսկ այդ բանաձևերն ու զեկույցները սովորական երևույթ են: ԵԽԽՎ-ին անդամակցելուց հետո միշտ եղել է նույն իրավիճակը, միշտ եղել է նույն խառնաշփոթը, միշտ եղել է ադրբեջանական ու թուրքական լոբբինգը: Դա մի կապեք եվրասիական ուղղվածության հետ»,- չհամացայնեց Վ.Բաղդասարյանը:

«Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չցանկացավ խոսել ԵՏՄ անդամակցության դրական և բացասական կողմերի մասին, սակայն վստահություն էլ չհայտնեց, թե պայմանագիրն այսօր կստորագրվի: «Միշտ հայտարարվել են տարբեր ժամկետներ: Ես որոշ վերապահում ունեմ, ես չեմ կարող վստահ ասել, որ այս անգամ անպայման կստորագրվի: Ես չեմ բացառում, որ նորից այլ ամսաթիվ նշվի կամ անդամակցումը որոշ ժամանակով առկախվի»,- ասաց Ա.Վարդանյանը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նույնպես չցանկացավ խոսել անդամակցության հեռանկարի մասին` նշելով, թե ծանոթ չէ Հայաստանին առաջարկվող պայմաններին: Պատգամավորը, սակայն, կարևորում է ԼՂՀ խնդիրը: «Սահման պետք է ձգվի՞ Հայաստանի ու Ղարաբաղի միջև, թե՞ ոչ: Դա առանցքային խնդիր է: Ի՞նչ է առաջարկվում Հայաստանին, որևէ մեկը գիտի: Անգամ եթե ԼՂՀ հարցը չլինի, ես չգիտեմ, թե ինչ տնտեսական առաջարկներ կան, բացարձակ հայտնի չէ, թե Ս.Սարգսյանն ինչի շուրջ է է բանակցում: ՀՀ իշխանությունները գործընթացների վրա չեն ազդում, դրա համար էլ ես չգիտեմ, թե Ս.Սարգսյանն ինչ է անում ընդհանրապես: Ես չգիտեմ` նա այս խաղում խաղացո՞ղ է, թե՞ ոչ: Տպավորություն ունեմ, որ դրսում ինչ որոշեն Հայաստանի համար, այդպես էլ կլինի: Եթե ԵՏՄ անդամ երեք երկրները որոշեն, որ ՀՀ-ն միանա` կմիանա, եթե ոչ` ոչ: Հայաստանը որպես որոշող կողմ, թե իր հետ ինչ է լինելու, չկա: Սա ողբերգությունն է: Ցավոք սրտի, ՀՀ իշխանությունները չեն մասնակցում մեր երկրի վերաբերյալ որոշումների կայացմանը»,- ասում է Ա.Մանուկյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում բացառեց, որ Հայաստանն այդ անդամակցությունից որևէ օգուտ կստանա: Պատգամավորի կարծիքով՝ անդամակցությունը հակասում է ՀՀ-ի և հայ ժողովրդի հավաքական շահին, բխում է այսօրվա իշխանությունների շահերից, իսկ մեր երկրի արտաքին քաղաքականությունը կորցնում է հավասարակշռությունը: «Դրա արձագանքներն արդեն լսում ենք ԵԽԽՎ-ից: Մեկ տարի է անցել Ս.Սարգսյանի հայտարարությունից, և մենք արդեն զգում ենք դրա հետևանքները: Միաժամանակ հաշվի չի առնվել, թե այսօր ինչպիսի տնտեսություն և քաղաքական ղեկավարություն ունի ՌԴ-ն: Հաշվի չի առնվել, որ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները բացասական հետևանքներ են ունենալու հենց Հայաստանի վրա»,- ասում է Զ.Փոստանջյանը:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները