Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Սահմանամերձ համայնքների նախագիծը քննադատվեց, բայց ընդունվեց

Սահմանամերձ համայնքների նախագիծը քննադատվեց, բայց ընդունվեց

Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ին ձայների 86 «կողմ», 5 «դեմ» և 2 «ձեռնպահ» հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագիծը ՝ հարակից 8 նախագծերով: Դեմ քվեարկեցին ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը և «Ժառանգություն»-ից Թևան Պողոսյանը: Օրենսդրական փաթեթը քննարկման էր ներկայացվել հատուկ կարգով`երկրորդ ընթերցումը առաջինից 24 ժամ հետո կազմակերպելու պայմանով, բայց քառօրյայի ընթացքում  հասցրեց քննարկվել միայն առաջին ընթերցմամբ:

Օրինագծով նախատեսվում է սահմանամերձ համայնքներում կազմակերպվող արտադրական գործունեությունը և դրանից առաջացած արդյունքի իրացումն ազատել հարկերից, իսկ իրականացվող առևտրային գործունեությունը՝ շրջանառության վերջերս սահմանված 1 տոկոս հարկից: Ներդրումների դեպքում նախատեսվում է հետաձգել ներկրվող ապրանքից ավելացրած արժեքի հարկի գանձումը:

Նախագիծը խորհրդարանում ներկայացնող ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի փոխանցմամբ՝ փաթեթով նախատեսում է ներդնել ԱԱՀ-ի հաշվանցման մեխանիզմ, ինչը շրջադարձային փոփոխություն է հարկային օրենսդրության մեջ: «Այս փաթեթով մենք, ըստ էության, հայտարարում ենք նոր ֆինանսատնտեսական քաղաքականության մեկնարկը: Մենք կոշտ հարկաբյուջետային քաղաքականությունից անցնում ենք առավել ընդլայնողական քաղաքականության, որպեսզի ներդրումների իրականացման և տնտեսական աճի ապահովման համար ձևավորվի բարենպաստ հարկային միջավայր»,- ասաց Վ.Միրումյանը:

Ըստ կառավարության՝ արտոնությունները պարունակում են նաև հարկումից խուսափելու ռիսկեր. տնտեսվարողները կարող են իրենց բիզնեսը տեղափոխել սահմանամերձ շրջաններ և խուսափել հարկերից: Այդ ռիսկերը չեզոքացնելու համար, ըստ ֆինանսների փոխնախարարի, նախատեսվել են «համապատասխան հաշվառման ինստիտուտներ և փաստաթղթավորման պահանջ, որպեսզի արտոնությունը չդառնա հարկումից խուսափելու հնարավորություն»:

Երկու առաջարկ. մեկը` Նիկոլ Փաշինյանից, մյուսը` վեց խմբակցություններից

Հիշեցնենք՝ սահմանամերձ համայնքների համար արտոնություններ սահմանելու գաղափարը հասունացել էր մոտ երեք ամիս առաջ` հայ-ադրբեջանական սահմանագծին դիվերսիոն գործողությունների ակտիվացումից հետո: ԱԺ բոլոր խմբակցություններից մի խումբ պատգամավորներ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ այցելել էին Տավուշի մարզ, հանդիպել սահմանամերձ համայնքների բնակիչների հետ: Այցից հետո ԱԺ բոլոր խմբակցությունները համատեղ առաջարկություն ներկայացրեցին կառավարությանը՝ պահանջելով սահմանամերձ համայնքների բնակիչներին ազատել կոմունալ և ոռոգման ջրի վճարներից, ավելացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, լուծել ճանապարհների, բուժկետերի բարեկարգման խնդիրը:

Գրեթե միաժամանակ նման նախագիծ ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը, ով առաջարկում էր  այդ բնակավայրերին տալ «սահմանապահ համայնքների» կարգավիճակ: Ըստ նախագծի՝ այդպիսին կարող են համարվել այն համայնքները, որոնց վարչական շրջաններն Ադրբեջանի սահմանից գտնվում են առավելագույնը 3 կմ հեռավորության վրա: Պատգամավորն առաջարկում էր նաև փոխհատուցել այդ համայնքների բնակիչների սպառած գազի, էլեկտրաէներգիայի, խմելու և ոռոգման վարձավճարների 50 տոկոսը, ազատել հողի հարկից և գույքահարկից, ինչպես նաև որոշակի փոխհատուցում տալ ռազմական գործողություններից տուժած բնակիչներին: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն չէր տվել, կառավարությունն էլ ներկայացրել էր իր վերապահումները:

«Դե եթե տնտեսական նոր քաղաքականություն է, անունն այդպես էլ դնեիք: Անունը դրել եք սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին փաթեթ, ինչ ասես բերել, մտցրել եք ստեղ: Այս օրենքի 90 տոկոսը ոչ մի առնչություն չունի սահմանամերձ գյուղերի հետ: Ճանապարհային վճարի մասին, բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին օրենքներում եք փոփոխություն բերում, ամբողջ հաշվապահությունը նորից խառնում եք իրար: Հետո էլ ասում եք՝ սահմանամերձ գյուղերի օբյեկտներին տալիս ենք հարկային արտոնություն: Կներեք, մենք տեսել ենք ձեր տված արտոնությունը»,- քննարկման ժամանակ հայտարարեց Ն.Փաշինյանը` ավելացնելով, թե այս օրենքով կառավարությունը սահմանամերձ գյուղերի փոքր օբյեկտների աշխատողներին «ցույցերի կհանի»:

Նախագիծը քննադատվեց, բայց ընդունվեց

Արդյո՞ք նախագիծն արդարացրեց պատգամավորների այն ակնկալիքները, որոնցով մի քանի ամիս առաջ հատուկ նամակով դիմել էին կառավարությանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասում է, որ նախագիծը մասամբ է լուծում առաջարկված խնդիրները, և թույլ է դրա արդյունավետությունը: «Պաշտոնական վիճակագրությամբ՝ մեր երկրում կան մոտ 58 հազար շրջանառության հարկ վճարողներ, որոնցից 40 հազարը տարեկան մինչև 5 մլն դրամ շրջանառություն ունի: Եթե նրանից գանձվող շրջանառության հարկը բաժանենք օրերի, ապա այն կազմում է 100-120 դրամ է: Եթե մենք սահմանամերձ համայնքներում զրոյացնում ենք հարկերը, դրա էֆեկտիվությունը յուրաքանչյուր օրվա համար լինում է 100 դրամ: Մինչդեռ շրջանառության փաստաթղթավորումը ավելի թանկ է, քան այդ 100 դրամի արտոնությունը»,- ասում է պատգամավորն ու ավելացնում, որ, այնուամենայնիվ, ԲՀԿ-ն դեմ չէ այդ արտոնություններին:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ Դաշնակցությունը դրական է գնահատում կառավարության նախագիծը, բայց ունի որոշ վերապահումներ: Պետք է ընդունել «սահմանապահ համայնք» սահմանումը, որպեսզի այդ համայնքներն առանձնացվեն սահմանամերձ շատ այլ համայնքներից: Ըստ ՀՅԴ-ի՝ կառավարության օրինագիծը նաև ռիսկեր է պարունակում, քանի որ արտոնությունը շատ տնտեսվարողների համար կարող է դառնալ հարկերից խուսափելու հնարավորություն: Եվ վերջապես՝ նախագիծն ամբողջությամբ չի լուծում սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու խնդիրը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ կարծում է, որ սահմանամերձ շրջաններ կատարած այցից հետո տեղի բնակիչներին օգնելու համաձայնությունը նախագծով խախտվել է և չի ներկայացվել այն, ինչ ակնկալվում էր: «Ինչո՞ւ է խախտվել մեր զինվորին պաշտպանելու, գյուղացուն սատարելու միասնական նախաձեռնության վերաբերյալ պայմանավորվածությունը»,- հարց բարձրացրեց Լ.Զուրաբյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ իր ելույթում հայտարարեց, որ սահմանամերձ գյուղի բնակիչներն արտագաղթում են, իսկ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո արտագաղթն ավելի մեծ թափ կստանա: «Հաջորդ տարի, համաձայն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի վերջին վերլուծությունների, Հայաստանն առաջին անգամ անցնելու է այն շեմը, երբ մահացությունն ավելի բարձր է լինելու ծնելիությունից: Այսինքն՝ այդ համայնքներում բիզնեսը զարգացնելու ծրագրերից առաջ նախ պետք է այնտեղ ապրելու պայմաններ ստեղծել»,-ասաց պատգամավորը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն էլ ի պատասխան հնչող մեղադրանքների հայտարարեց, որ կառավարությունն այդ համայնքներում արդեն մասամբ փոխհատուցում է հողի հարկը, գազիֆիկացման և ջրի վարձավճարները: «Եկեք այլ առաջարկներ անենք, բայց այս փաթեթը, որը տնտեսական քաղաքականության գործուն մեխանիզմներ է տալիս, պակաս կարևոր չէ և պետք է ընդունել»,- հայտարարեց Վ.Այվազյանը:

Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2015թ. հունվարի 1-ից. թե որ համայնքներում, կորոշի կառավարությունը: Նախնական տվյալներով՝ հարկային արտոնություններ կստանա 40-48 համայնք:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները