Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Աշնանային նստաշրջանում խորհրդարանում ակտիվության պակաս չի զգացվի. խմբակցությունները գիտեն` ինչ են անելու

Աշնանային նստաշրջանում խորհրդարանում ակտիվության պակաս չի զգացվի. խմբակցությունները գիտեն` ինչ են անելու
Ազգային ժողովի սեպտեմբերին մեկնարկող նստաշրջանը խոստանում է հետաքրքիր լինել. խորհրդարանական գրեթե բոլոր խմբակցությունները արդեն ունեն իրենց ծրագրերը և ընդհանուր պատկերացում` ինչով են զբաղվելու խորհրդարանական աշխատանքի ընթացքում:

Արտախորհրդարանական ընդդիմությունից խորհրդարանական ընդդիմության կարգավիճակ ստացած Հայ Ազգային կոնգրես խմբակցության անելիքները շատ են լինելու: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասում է, որ «ժողովրդի շահերից բխող օրենքներ» են մշակելու, իսկ նույն խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն էլ իր ֆեյսբուքյան էջում մանրամասնում է, թե ինչ օրինագծեր է ներկայացնելու խորհրդարանի դատին: Դրանք, ըստ Բագրատյանի, Հայաստանի հասարակական-տնտեսական կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող մոտ 50 օրինագծեր են: Դրանցից ներկայացնենք մի քանիսը. ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 72.500 դրամ դարձնելու մասին, ԽՍՀՄ խնայբանկի ավանդների չփոխհատուցված մնացորդը պետական պարտք ձևակերպելու և պարտատոմսեր բաժանելու մասին, 2009-2010թթ գյուղացիների վարկային պարտքերի տոկոսների վճարումները պետական բյուջեից և առևտրային բանկերի պահուստներից փոխհատուցելու մասին, Միջին աշխատավարձի, նվազագույն աշխատավարձի և միջին կենսաթոշակի կապի մասին, Պրոգրեսիվ եկամտահարկի սանդղակի մասին, Փոքր և միջին բիզնեսի նկատմամբ պարզեցված հարկի կիրարկման և այդ հարկի ու հարկային համակարգի փոխկապակցվածության մասին, Այլընտրանքային դատարանների մասին և այլն: «Կփորձեմ հասցնել բարձրացնել այդ հարցերը», -իր էջում գրել է Բագրատյանը:

Այս ամենից զատ, ՀԱԿ խմբակցությունը պատրաստվում է բարձրացնել նաև նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Իսկ թե հատկապես երբ` աշնանային նստաշրջանի սկզբի՞ն, թե՞, Զուրաբյանը չի կարող ասել. «Դրա համար պետք է քաղաքական ճիշտ պահը ընտրել»: Իսկ «քաղաքական ճիշտ պահը» Զուրաբյանի պատկերացմամբ, այն է, երբ ապահովվի պատգամավորների առավելագույն աջակցություն: «Հնարավոր է, որ Հայաստանում ստեղծվի մի քաղաքական իրավիճակ, երբ մեր նախաձեռնությանը կմիանան բազմաթիվ պատգամավորներ և ամբողջական ֆրակցիաներ», -նշում է Զուրաբյանը:

Մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունում թեթև են վերաբերում պաշտոնանակության հարցը բարձրացնելու մասին ՀԱԿ-ի մտադրությանը: «Թեթև պետք է տանել իրենց պլանները, որովհետև նախընտրական տարի է, -ասում է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ու նկատում, - Հայաստանում բազմաթիվ են եղել իմպիչմենտի գործընթացներ նույն ՀԱԿ-ի կոմից: Դա էլ խորհրդարանական պայքարի մի ձև է: Բնական է` ընդդիմությունը պետք է քննադատի, իսկ իշխանությունն էլ պետք է աշխատի: Կզարմանայի, եթե ՀԱԿ-ը գար Հայաստանի Ազգային ժողովում գովեր կառավարությանը, իշխանություններին, իրենք խնդիր ունեն ավելի ռադիկալ ու ավելի հեղափոխական երևալ, կոչեր անել»:

Ինչ վերաբերում է Հանրապետական խմբակցության` խորհրդարանի աշնանային նստաշրջանում անելիքին, ապա նրանք իրագործելու են խորհրդարանական ընտրություններում հասարակությանն առաջարկած ծրագիրը: «Մենք այդ ծրագրով հասել ենք ժողովրդի վստահությանը և այդ ծրագիրն էլ կյանքի ենք կոչելու խորհրդարանում», -ասում է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Օրինաց երկիր» խմբակցությունը, ինչպես վստահեցնում է խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, աշխատելու է «շատ ակտիվ, ինչպես նախկին գումարման խորհրդարանում էինք աշխատում»: «ԱԺ-ում հայտնվել նշանակում է կատարել իր առաքելությունը օրենսդրական գործունեության մեջ: Գիտեք, որ մենք երկու հարյուր և ավելի օրենքի հեղինակ ենք եղել, և շարունակելու ենք նույն ոճով աշխատել», -ասում է Բիշարյանը: Խորհրդարանի աշխատանքների մեկնարկային նստաշրջանում «Օրինաց երկիր»-ը առաջնահերթությունը տալու է ավանդների վերադարձման շարունակականության, կրթության և առողջապահության համակարգի մատչելիությունը ապահովման հարցերին: «Բայց մեր կողմից բարձրացվելիք հարցերը բավական շատ են», -նկատում է ՕԵԿ-ական պատգամավորը:

Խորհրդարանում ակտիվ է աշխատելու նաև «Ժառանգություն» խմբակցությունը, խոստանում է խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Ճիշտ է առայժմ չեն հստակեցրել խորհրդարանում աշխատանքային ծրագիրը, բայց վստահ են, որ գործելու են «ընդդիմադիր դաշտում»: «Թե ինչ ծրագրեր կներկայացնենք, բնականաբար ժամանակ ունենք, այդ ծրագրերը կճշտենք: Միանշանակ է, որ մենք գործելու ենք ընդդիմադիր դաշտում: Այս ընթացքը բավականին ակտիվ է լինելու նկատի ունենալով այն, որ առջևում նախագահական ընտրություններ են: Բնականաբար մեր գործողությունները, մեր գործունեությունը կհամապատասխանեցնենք, առկա քաղաքական իրավիճակին ընդդիմադիր դաշտում», -ասում է Ռուբեն Հակոբյանը: Հաշվի առնելով այն, որ «Ժառանգություն»-ը գործելու է «ընդդիմադիր դաշտում», պարոն Հակոբյանից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է միանան խորհրդարանական մյուս ընդդիմությանը և «իմփիչմենթի» հարց բարձրացնեն: «Ես ձեզ խորհուրդ կտամ` դուք մեզ ոչ մեկին մի ցիտեք, թե ով, ինչ է ասում: Մենք առանձին քաղաքական ուժ ենք, ինչ որոշենք, այն էլ կանենք», -կոշտ պատասխանեց Ռուբեն Հակոբյանը:

Այս պահի դրությամբ ոչինչ հայտնի չէ ԱԺ Դաշնակցություն խմբակցության գործողություններում: «Խորհրդարանում մեր ծրագիրը դեռ նոր պետք է քննարկենք: Գործունեության ծրագիրը կկազմենք, կքննարկենք, կհրապարակենք, նաև ձեզ կտանք», -խոստանում է Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

Ակտիվ են խոստանում լինել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում, ավելին, բացի Հայաստանի խորհրդարանից, օգտագործելու են նաև միջազգային խորհրդարանների հարթակները. ԲՀ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն է վստահեցնում: «Արդեն իսկ մեր փորձագետներին տրված է հնարավորություն մեր պատգամավորների հետ միասին աշխատել նախագծերի վրա, որոնք մենք սեպտեմբերյան նստաշրջանում կներակայացնենք խորհրդարանին», -ասում է Նաիրա Զոհրաբյանը` ընդգծելով, որ դրանք առնչվում են տնտեսական, գյուղատնտեսական, մշակութային ոլորտներին: ՀԱԿ-ի նախաձեռնելիք «իմփիչմենթ»-ի գործընթացին միանալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի պատրաստվում: «Մենք մեր առանձին քաղաքական գիծն ունենք: «Բարգավաճ Հայաստան»-ը հայտարարել է, որ գործելու է կառուցողական դաշտում: Մենք մեր քաղաքականությունն ունենք», -ընդգծում է տիկին Զոհրաբյանը:

Բայց մինչ աշնանային նստաշրջանի աշխատանքների մեկնարկը, առաջիկա օրերի ընթացքում սպասվում է կառավարության գործունեության ծրագրի քննարկումը: Քննարկմանը ներկա են լինելու խորհրդարանի բոլոր 6 խմբակցությունները:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները