Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Պետք է հայտարարվեր, որ հեղափոխությունն ավարտվելու է մեծարգո պարոն Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակով

Պետք է հայտարարվեր, որ  հեղափոխությունն ավարտվելու է մեծարգո պարոն Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակով

Փետրվարի 20-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն չներկայացրեց հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին Նիկոլ Փաշինյանի հեղինակած որոշման նախագծին: Նախագիծը մերժվեց հանձնաժողովի՝ նիստին մասնակցող անդամներից 5-ի դեմ և 1-ի կողմ քվեարկությամբ: Կողմ էր միայն «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը: Հիշեցնենք, որ ստորագրահավաք նախաձեռնելու և պատգամավորների 1/3-ի ստորագրությունն ապահովելու ճանապարհով Փաշինյանը նույն նախագիծը փորձել եր արտահերթ քննարկման ներկայացրել նաև նախորդ նստաշրջանում: Նախաձեռնությանը, սակայն, Փաշինյանից բացի միացել էր միայն երկու պատգամավոր ՝ Զարուհի Փոստանջյանն ու Ալեքսանդր Արզումանյանը:

Նիստի ավարտից հետո Ն. Փաշինյանը պատասխանել է լրագրողների, նաև՝ parliamentmonitoring.am-ի հարցերին: 

- Պարոն Փաշինյան, Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ Ձեր նախագիծն իրավական առումով անգրագետ է: Ինչպե՞ս ընդունեցիք այս հայտարարությունը:

- Գոյություն ունի անմեղության կանխավարկած: Ով մեղադրում է, պիտի ցույց տա, թե ինչով է անգրագետ: Իսկ այն, ինչ այստեղ ներկայացված է, առանց բացառության ապացուցելի է: Ապացույցների մի մասը շարադրված է փաստաթղթի մեջ, մյուս մասը պատրաստ եմ ապացուցել իրավական ընթացակարգերով:

-Տարօրինակ չե՞ք համարում, որ իշխանափոխության պահանջ ներկայացնող քաղաքական ուժերը չեն միանում Ս.Սարգսյանի իմպիչմենթի նախաձեռնությանը:

- Դուք իրադարձություններից մի փոքր հետ եք մնացել: Այն ուժերը, ում մասին խոսում եք, արդեն մեծարգո Ս.Սարգսյանին բաց նամակներ գրող քաղաքական ուժեր և քաղաքական գործիչներ են: Եվ ես կարծում եմ, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է ի վերջո բավարար կամք ունենար և հայտարարեր, որ դեռեւս երկու տարի առաջ իր հրապարակած բուժուադեմոկրատական հեղափոխությունը ավարտվելուէ «մեծարգո պարոն Ս.Սարգսյանին» ուղղված բաց նամակով:

- Դուք ՀԱԿ խմբակցությանը ներկայացրե՞լ էիք ձեր նախագիծը: Նրանց հետ քննարկվե՞լ էր այն:

- Այս նախագիծը մի քանի ամիս արդեն շրջանառության մեջ է: Եվ ես ուզում եմ հիշեցնել, որ ՀԱԿ խմբակցության պատգամավորները նախընտրական շրջանում իրենց ողջ ելույթներում ասել են, թե ԱԺ են գալիս Ս.Սարգսյանի պաշտոնանկությանը հասնելու համար: Նախկինում էլ եղել են այդպիսի ձեւակերպումներ: Իսկ ես ասել եմ՝ թող Գ. Ջհանգիրյանը հենց այսօր Ս.Սարգսյաին պաշտոնանկ անելու գրագետ նախագիծ գրի, ես առանց քննարկման կողմ կքվեարկեմ եւ կստորագրեմ դրա տակ:

- Իսկ Ս.Սարգսյանին պաշտոնանկ անելու պայքարն այլ հարթությունում տեսնո՞ւմ եք: Օրինակ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկեց նախաձեռնության քննարկումը տեղափոխել Ազատության հրապարակ:

- Խնդիրն Ազատության հրապարակ գնալը չէ, մարդկանց այնտեղ հրավիրելը չէ: Խնդիրն Ազատության հրապարակ հրավիրված մարդկանց չհիասթափեցնելն է: Արդեն 20 տարի է, մենք՝ ընդդիմադիր քաղաքական գործիչներս, հաղթանակի խոստումներով մարդկանց հրավիրում ենք Ազատության հրապարակ եւ ամեն անգամ չենք կարողանում դրան հասնել: Ի վերջո ժամանակն է, որ մեր գործողություններից հետեւություններ անենք ու հասկանանք, որ պետք է ունենանք ինստիտուցիոնալ ընդդիմություն: Միայն ինստիտուցիոնալ ընդդիմության գոյության պայմաններում տեղի կունենա իշխանափոխություն: Վերջին իրադարձություններից եւ դրանից առաջ էլ մենք ականատես եղանք իրավիճակների, երբ մի անձը իրեն լիրավունք է վերապահում որոշել հարյուր հազարների փոխարեն: Նման իրավիճակներում մենք ունենալու ենք այսպիսի ձախողումներ: Մեզ հարկավոր է ինստիտուցիոնալ ընդդիմադիր համակարգ, որտեղ որոշումների կայացումը եւ ընդհանրապես քաղաքական պրոցեսների ճակատագրերը կախված չեն մեկ-երկու անձերի քմահաճույքից կամ որոշումից:

- Իսկ ո՞ւմ եք համարում ինստիտուցիոնալ քաղաքական ուժ:

- Կարծում եմ՝ այդպիսի ուժ այս պահին չկա: Համենայն դեպս, «Քաղաքացիական պայմանագիր միավորումն» իր առաջ խնդիր է դրել՝ ստեղծել այդպիսի համակարգ:

- Դուք չէիք հավատում, որ ՀԱԿ-Գագիկ Ծառուկյան համագործակցությանը: Վերջին իրադարձություններից հետո ի՞նչ եզրահանգման եկաք:

- Կարծում եմ՝ ընդամենն ապացուցվեց մի բան՝ այն, ինչ տեղի էր ունենում, ձախողված էր ի սկզբանե: Ես հենց դա էի ասում, որ մենք մարդկանց կեղծ ուղենիշներով եւ կեղծ ճանապարհներով չտանենք դեպի կեղծ նպատակներ: Մենք ինչո՞ւ էինք եռյակին քննադատում: Ասում էինք, որ ժողովուրդն այդ գործընթացից դուրս է մնացել: Եվ այսօր տեսնում ենք դրա հետեւանքը, որովհետեւ մեկ-երկու-երեք հոգին հարյուր-հազարների փոխարեն որոշում կայացրեցին:

- Ձեր կարծիքով ի՞նչ եղավ ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանի հետ: Նրան վախեցրի՞ն, թե՞ դա շոու էր:

- Լինում են նաեւ ռեալիթի շոուներ, դա կարող ենք տեղավորել այդ ժանրի մեջ:

- Օրերս Լ. Տեր-Պետրոսյանը մի նյութ հրապարակեց «Սրտի խոսք» վերնագրով՝ ուղղված Գ. Ծառուկյանին: Ինչպե՞ս կմակնաբանեք նրա այդ քայլը:

-Կարծում եմ, որ այդ հոդվածով Լ. Տեր-Պետրոսյանը փորձում է խուսափել այսպես կոչված՝ բուրժուադեմոկրատական հեղափոխության խայտառակ ձախողման պատասխանատվությունից եւ դրանով նախ թվում է, թե ժեստ է անում Գ. Ծառուկյանի նկատմամբ: Բայց հակառակը՝ մեղմ, նուրբ ոճով փորձում է ամբողջ պատասխանատվությունը դնել նրա վրա:

- Օրերս Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ Գ. Ծառուկյանը նաև Ձեզ է խանգարում: Համաձա՞յն եք նրա հետ:

- Ես էլ եթերում ասացի, որ ինձ խանգարում է Սերժ Սարգսյանը:

Քվեարկության պատմություն

Փաշինյան Նիկոլ Վովայի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Փաշինյան Նիկոլ «Հայ ազգային կոնգրես» 355 402 55 70 82 95 60
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները