Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ներկայացմա՞ն, թե՞ արարի վերջը

Ներկայացմա՞ն, թե՞ արարի վերջը

ԱԺ հերթական քառօրյան մեկնարկում է բոլորովին նոր իրավիճակում։ Այլեւս կարող ենք արձանագրել, որ հայաստանյան քաղաքական դաշտի նոու-հաուն՝ ոչ իշխանական կամ այլընտրանք հասկացությունը կորցնում է իր արդիականությունը։ Այլեւս հստակ է դառնում, որ իշխանության եւ ընդդիմության «լպրծուն» սահմանաբաժանման ժամանակներն անցել են։

Իհարկե՝ իշխանություն-ոչ իշխանություն սահմանի հստակ սահմանաբաժանումը պայմանավորվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վարքագծով, որն արդեն իր առջեւ հստակ քաղաքական նպատակ էր դնում՝ պայքարել պետության ղեկավարի պաշտոնի համար։ Հայաստանյան իշխանական դաշտում, որտեղ գործում են կլանային խաղի կանոնները, սա վտանգավոր եւ քաղաքական լուրջ հայտ էր, որին, ինչպես ցույց տվեցին հերթական զարգացումները, Գագիկ Ծառուկյանն ամենեւին պատրաստ չէր։ Խնդիրը միայն այն չէր, որ վերջինս քաղաքական պայքարի փորձ չուներ, այլեւ այն՝ որ չուներ նաեւ նման պայքարի համարձակություն։ Մտնելով այս խաղի մեջ՝ Գագիկ Ծառուկյանը, ամենայն հավանականությամբ, փորձում էր օգտագործել Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական պայքարի փորձը, նաեւ ակնկալում էր ներպալատական խարդավանքների վարպետ Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը։

Սակայն Գագիկ Ծառուկյանը, որը Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, ինչպես այն ժամանակ հայտարարվում, բայց չէր հերքվոմ, իր թիկնազորի միջոցով ակտիվորեն ներգրավված էր քաղաքական հալածանքների եւ տեռորի գործողություններին, չէր կարծում, որ նույն մեթոդները կկիրառվեն նաեւ իր դեմ։ Սակայն, ի տարբերություն քաղաքական «թեթեւքաշայինների», որոնք տեւական մի շրջան դիմագրավում էին այդ ճնշումներին՝ մինչեւ իշխանական ինչ- որ ծրագրերում ներգրավվելը կամ արտասահմանում քաղաքական ապաստան գտնելը, Գագիկ Ծառուկյան «ծանրքաշայինն» այդ ճնշումներին դիմացավ ընդամենը մի քանի ժամ։

Ընկերներիցս մեկը ուշադրությունս գրավեց «քաղաքական ճնշումների» էվոլուցիայի վրա։ Եթե 1996-ին դրանք հիմնականում սկսվեցին ընդդիմության՝ ԱԺ շենքը գրոհելուց հետո, 2003-ին՝ ընտրությունների ընթացքում, 2008-ին՝ մարտիմեկյան արյունոտ իրադարձություններից հետո, ապա 2015-ին դրանք սկսվեցին ընդդիմության իրական ակտիվության շրջանում՝ այն օրորոցում ճնշելու վճռականությամբ։

Ինչեւէ՝ Գագիկ Ծառուկյանի կապիտուլիացիայից հետո խորհրդարանական մեծամասնությունը կարող է այսուհետ դուրս գալ քվեարկության վտանգավոր դաշտից։ ՕԵԿ- ի՝ իշխող կոալիցիան լքելուց հետո 70 հոգանոց խմբակցությունն ստիպված էր կարգապահության չտեսնված օրինակներ ցուցադրել, երբ խորհրդարան կանոնավոր էին գալիս նաեւ ՀՀԿ- ական մականունավոր պատգամավորները։
«Քաղաքական» դաշտի հերթական մաքրազարդումից հետո ՀՀԿ-ն կարող է նաեւ իր «կարգապահությունը» կորցնել, որովհետեւ շուտով մենք կտեսնենք, թե ինչպես ԲՀԿ-ական բազմաթիվ պատգամավորներ ՀՅԴ իրենց գործընկերների հետ միասին իշխանությանը հարմար օրինագծերին կամ կողմ կքվեարկեն, կամ դրանց համար կապահովեն անհրաժեշտ քվորումը։

Պիտի արձանագրենք, որ ի տարբերություն 2008-ի, երբ մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից հետո ՀՅԴ-ն փորձվեց օգտվել իշխանական կոալիցիա մտնելու պատեհ առիթից, այժմ ավանդական այս կուսակցությունը ինքը փորձեց ստեղծել նման պատեհ առիթ։ Կրկին կոալիցիա մտնելու խանգարող հանգամանքներ, կարծես, չկան։ Հայ- թուրքական արձանագրությունները հետ են կանչվել, Ծառուկյան- Սարգսյան երկխոսությունը հայտնի արդյունքով ավարտվել է, եւ այժմ միայն Սերժ Սարգսյանի կամքից է կախված հեղափոխական դաշնակցության իշխանական ապագան։

Ինչ վերաբերում է ՀԱԿ- ին ու «Ժառանգությանը», ապա այստեղ փոփոխություններ կարծես չեն ակնկալվում։

Այս պայմաններում մնում է միայն մտածել. վերջին այս իրադարձությունները ներկայացմա՞ն, թե՞ հերթական արարի վերջն են։ Ըստ իս՝ սա ներկայացման ավարտն է, քանի որ գործող հերոսներն այլեւս ոչինչ չունեն տալու ոչ հասարակությանը, ոչ Հայաստանին։ Արդյո՞ք կգան նոր դերակատարներ նոր ներկայացման համար, ցույց կտա ժամանակը։ Համենայն դեպս՝ նոր դերակատարների մուտք այս պահին չի սպասվում։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները