Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Մայդանի այլընտրանքը

Մայդանի այլընտրանքը

ԱԺ վերջին քառօրյայում երկու օր փորձում էին որոշել՝ Հայաստանում կա՞ ճգնաժամ, թե՞ ոչ, եղածը կառավարմա՞ն, թե՞ քաղաքական ճգնաժամ է, եւ վերջապես՝ ո՞վ է մեղավոր ստեղծված իրավիճակի համար՝ իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զուրաբյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագծի քննարկումը եւս մեկ առիթ էր հասկանալու, թե որքանով է իշխանությունը պատասխանատվություն զգում երկրում ստեղծված իրավիճակի համար, կամ ո՞րն է ընդդիմության զարգացման դեղամիջոցը։

Ասում են՝ ձախողված հեղափոխություններն ավելի ցինիկ են դարձնում իշխանությանը։ Ասվածի բացարձակ ճշմարտությանը կհավատայիք, եթե հետեւեիք երկօրյա քննարկումներին։ Իշող ՀՀԿ մեծամասնությունը որդեգրել էր «Պաշտպանության ամենալավ միջոցը հարձակումն է» բանաձեւը եւ հարձակման անցել սույն նախաձեռնության հեղինակներից ՀԱԿ-ի դեմ։ Ասել, որ իշխանության մեղադրանքներն անհիմն էին, ճիշտ չէր լինի։ Ընդհանրապես՝ ԲՀԿ-ի հետ կապված իրադարձությունները մի պարադոքսալ վիճակ են ստեղծվել.  բոլոր կողմերն ասում են միայն ճշմարտությունը, դառը ճշմարտությունը, որն էլ ավելի տեսանելի էր դարձնում երկրում առկա բարոյահոգեբանական «գաղջ» մթնոլորտը՝ փաստելով, որ Հայաստանում այսօր կա եւս մեկ՝ ինտելեկտի եւ հիշողության ճգնաժամ։

ՀՀԿ-ն անցած տարիներին մի քանի հասարակական բուռն ընդվզումներ ճնշելուց հետո այնքան է կորցրել ռեալության զգացողությունը, որ չի էլ փորձում հասկանալ, թե Հայաստանում իրավիճակը որքան վատ է։ Եթե լինեինք Եվրոպայի կենտրոնում, կարող էի հասկանալ իշխանության անտարբերությունը. դե ինչ որ ժամանակ ամեն ինչ կարող է եւ կարգավորվել։ Բայց երբ հայրենիքդ գտնվում է պատերազմական իրավիճակում, երբ գրեթե ամեն օր հերթական զինվորի աճյունն է բերվում, երբ մարդիկ արտագաղթում են (երբ անգամ արտագաղթում է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը) ու իշխանությունը հանդես չի բերում պատասխանատվության գոնե չնչին գզացում, անկեղծ ասած, սկսում ես վախենալ երկրիդ ապագայի համար։

ՀԱԿ-ի դեմ հարձակման անցած ՀՀԿ գործիչները խոսում էին ամեն ինչից՝ սկսած ընդդիմադիրների կաղությունից (եւ ուղղակի, եւ անուղղակի իմաստով. Լեւոն Զուրաբյանը հարցը ներկայացնելու համար ամբիոնին ձեռնափայտով մոտեցավ), փորձում պահանջել ճգնաժամ եզրույթի բացատրությունը, սակայն երբեք ոչ այն պատճառների, որը մեր երկիրը հասցրել է նման ողբալի վիճակի։ «Տնտեսական ոչ մի բարեփոխում չունի եւ չի կարող ունենալ մեկ օրում կամ մեկ ամսում արդյունք»,- հայտարարում էր ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ փորձելով ապացուցել, որ երկրում չկա ճգնաժամ, այլ կան խնդիրներ, որոնք պետք է լուծել։

Գուցե համաձայնեի տիկին Նաղդալյանի հետ, եթե մոռանայի, որ այս տարի լրանում է ՀՀԿ-ի իշխանամուտի 20-ամյակը։ 1995-ի ԱԺ ընտրություններին այս կուսակցությունը մաս կազմեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեւավորած «Հանրապետություն» դաշինքին։ Այստեղ միայն կարող ենք բախտի հեգնանք համարել, որ ՀՀԿ օգնությամբ քաղաքական վերակենդանացում ապրած Հայկ Բաբուխանյանը ՀՀՇ իշխանության տարիների անխնա քննադատության ժամանակ խոսում էր նաեւ այն շրջանի ապօրինությունների մասին, որին մասնակից էր նաեւ ՀՀԿ-ն։ Այն ՀՀԿ-ն, որի խմբակցության անդամ է ինքը։ Ինչպես ասում են, քաղաքականության մեջ դժվար է բարոյականություն որոնել։

Այս քննարկումները հարմար առիթ էր ՀԱԿ-ի համար՝ խոսելու այն խնդիրների մասին, որոնք այս շարժումը բարձրացնում է 2008 թվականից ի վեր՝ հայտարարելով, որ եկել է «ավազակապետության» վերջը։ Սակայն ՀԱԿ պատգամավորներն էլ հետ չէին մնում ՀՀԿ-ականներից՝ փորձելով վարկաբեկել այն գործընկերներին, որոնք, չլինելով իշխանության դաշտում, քննադատում էին իրենց։

«Իշխանությանը պետք է բացառապես կառավարելի եւ ցանկալի է արեւմտամետ ներկայացող ընդդիմություն, որով մշտապես պետք է վախեցնի Մոսկվային նարնջագույն հեղափոխության իբր գոյություն ունեցող վտանգով եւ ապահովի իր ներքաղաքական դիրքերը»,- հայտարարում էր Լեւոն Զուրաբյանը՝ ըստ էության այս կերպ հակադարձելով «Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանին, նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի քննադատություններին։

Իսկ Մարուքյանը լոկ արձանագրել էր. «Ինձ համար տարբերություն չկա՝ դո՞ւք եք ինտեգրում Հայաստանը ԵՏՄ- ին, թե՞ ՀՀԿ- ն»,- խորհուրդ տալով ընդդիմադիր խմբակցության պատգամավորներին դեկտեմբերի 4- ից հետո (երբ ՀԱԿ- ը եւս կողմ քվեարկեց ԵՏՄ անդամակցությանը), այլեւս ոչ թե եվրոպական երկրների հետ անել համեմատությունները, այլ՝ Բելառուսի կամ Ղազախստանի։ «Դուք էլ այս ճգնաժամի մի մասն եք որպես ընդդիմություն, դուք էլ իշխանության հետ պետք է հեռանաք։ Իրար հետ պետք է հեռանաք, որ դաշտը մաքրվի»,- ասաց նա։

Ցավոք սրտի՝ մեր տիպի երկրներում, որտեղ գոյություն չունեն ընտրական ինստիտուտներ, դաշտերը չեն կարող մաքրվել առանց հեղափոխության։ Այնպես որ՝ այն, ինչ կատարվում է մեր երկրում՝ Մադյանի այլընտրանքն է. կրկին արյունահեղություն կա (թեկուզ Ավետիսյան ընտանիքի սպանությունը հիշենք), կա տնտեսական եւ սոցիալական իրավիճակի վատթարացում, կան խոշոր կորուստներ՝ 300 հազարից ավելի արտագաղթողների տեսքով, սակայն չկա հույս՝ թե «21-րդ դարը մերն է լինելու», ինչն այնքան շատ էր սիրում ասել հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ դարձած ՀՀԿ առաջնորդ եւ ՀԱԿ շատ գործիչների ընկեր Վազգեն Սարգսյանը։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները