Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Փոփոխված Սահմանադրությունը չի կարող վերաբերել հաջորդ ընտրություններին

Փոփոխված Սահմանադրությունը չի կարող վերաբերել հաջորդ ընտրություններին

Հարցազրույց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ:

- Պարոն Բագրատյան, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն օրերս հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների Դաշնակցության առաջարկների վերաբեյալ դիտարկումներ եք ներկայացրել:


- Դաշնակցությունը դիմել էր մեզ՝ «Ազատություն» կուսակցությանը, ներկայացրել իր առաջարկները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ և խնդրել, որ կարծիք հայտնենք: Նկատի ունենալով իշխանություննների կողմից արդեն հրապարակած փոփոխությունների կոնցեպտը՝ մեր կուսակցության անունից մի շարք մտահոգություններ եմ հայտնել: Մասնավորապես, որ նախագահական ինստիտուտի վերացումը կարող է երկրում քաոս ստեղծել: Մենք պատերազմի մեջ ենք, պատերազմական վիճակը կարող է ահագնանալ, և երկրում միշտ պետք է լինի մեկը, ով ի վիճակի է որոշումներ կայացնել: Խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում կառաջանան իրավիճակներ, որոնք փակուղային կլինեն: Երկրորդ՝ Եվրասիական տնտեսական միությունը նախագահների միություն է: Անհասկանալի է՝ այնտեղ մտնելուց հետո պե՞տք է նման որոշում կայացնեինք։ Երրորդ՝ ես կողմ եմ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, բայց անցումը այդ համակարգին կարելի է ապահովել առանց սահմանադրական փոփոխությունների։ Բացի այս ամենից՝ մենք ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Սահմանադրության մեջ Կենտրոնական բանկին վերաբերող ողջ հատվածը պետք է վերաշարադրվի:

- ԿԲ-ի վերաբերյալ ի՞նչ փոփոխություններ եք առաջարկում:

- Պետք է գնաճի պատասխանատվությունն ընկնի ԿԲ-ի ու կառավարության վրա: Այս տեսակետից ԿԲ-ն պետք է ստիպված լինի սերտորեն համագործակցել կառավարության հետ: Գոյություն ունեցող վիճակը անհանդուրժելի է: Արել եմ ևս մի շարք կարևոր առաջարկություններ տնտեսակարգի փոփոխության, կառավարության իրավասությունների վերաբերյալ: Մասնավորապես, տեղական ինքնակառավարման մարմինները բյուջետային առումով պետք է ինքնաբավ դարձնել, հետո հաշիվների տարբերությունը փոխանցել կոնսոլիդացված պետական բյուջեի:

- Իսկ ինչո՞ւ եք կողմ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու գաղափարին:

- Որովհետև այդպես խորհրդարանի դերն ավելի է ուժեղանում, կառավարության ինքնուրույնությունն էլ բարձրանում է: Ի դեպ, կողմ չլինելով փոփոխությունների առաջարկված տարբերակին, մենք շեշտակիորեն ավելացնում ենք Ազգային ժողովի դերն ու կառավարության գործառույթները։ Բայց, մեր կարծիքով, նախագահի ընտրությունը պետք է կատարվի համաժողովրդական ընտրության տարբերակով: Նախագահին անպայման պետք է հասցեագրել զինված ուժերի ու արտաքին քաղաքականության գործառույթները: Մինչդեռ նախագահն այսօր նշանակում է Ոստիկանության պետին, միջամտում է հարկային մարմնի աշխատանքներին, հարկային դասեր է շնորհում և այլն: Դա նրա գործը չէ:

- Դա կառավարությա՞ն գործն է: Այդ մարմինները պետք է ստանան նախարարության կարգավիճակ և գտնվեն կառավարությա՞ն վերահսկողության տակ:

- Այո:

- Իսկ ինչո՞ւ եք դեմ հայեցակարգի այն դրույթին, ըստ որի՝ նախագահը պետք է ընտրվի Ազգային ժողովի կողմից:

- Որովհետև արտաքին քաղաքականության և երկրի պաշտպանության հարցերում նախագահի իշխանությունը պետք է լինի անվիճելի: Մինչդեռ հակառակ պարագայում ԱԺ-ն կարող է մի օր հավաքվել ու նոր նախագահ ընտրել կամ վիճարկել նախագահի արածը: Երկիրը պաշտպանելու քվեն պետք է ժողովրդին տալ: Այսօր մենք ամենօրյա պատերազմի մեջ ենք: Այս տարի 60 օրում ունեցել ենք 17 զոհ: Երեք-չորս օրը մեկ մի զոհ ենք տալիս: Այս պայմաններում հանուն ինչի՞ ենք վերացնում նախագահական ինստիտուտը: Ժողովուրդն ունի տնտեսական զարգացման, արդյունավետ կառավարման, բայց նաև՝ պաշտպանված լինելու և արտաքին քաղաքականություն իրականացնելու պահանջ: Կարծում եմ՝ վերջին երկու գործառույթները միասնական են և անպայման պետք է լինեն նախագահի տնօրինության տակ: Չի կարելի վերացնել նախագահին համաժողովրդական ընտրությամբ ընտրելու մեխանիզմը: Իհարկե, համաձայն եմ, որ ընտրությունները կեղծվել են և կկեղծվեն: Բայց, ի վերջո, կյանքը ցույց տվեց, որ հենց այս ընտրությունների ժամանակ է դիսկուրս ստացվում։ Եթե դրանք չլինեին, Հայաստանում վաղուց բացարձակ դիկտատուրա կլիներ։

- Իսկ համաձա՞յն եք, որ ահմանադրական փոփոխությունները ծառայելու են իշխանությունների վերարտադրմանը: Շատերն արդեն Սերժ Սարգսյանին տեսնում են վարչապետի կամ ԱԺ նախագահի պաշտոնում:

- Վերարտադրվելու խնդրի հետ համաձայն եմ, բայց վստահ չեմ, որ Ս.Սարգսյանը կդառնա վարչապետ կամ ԱԺ նախագահ: Նա կարող է ղեկավարել ՀՀԿ-ն և իր մտերիմներից կամ հարազատներից մեկին հրել այդ պաշտոններին: Ամփոփեմ՝ երկու նկատառում անելով։ Առաջին՝ ինչ-որ լուրջ պատճառ պիտի լինի, որ պատերազմի մեջ գտնվող պետությունն անցնի իբր թե ձևականորեն դեմոկրատական համակարգի։ Երկրորդ՝ պետությունը կարող է փոխել Սահմանադրությունը, բայց փոփոխության ենթարկված Սահմանադրությունը չպետք է վերաբերի 2017-2018թթ. հերթական ընտրություններին: Այն կարող է վերաբերել 2022-2023թթ. ընտրություններին: Չի կարող այսօրվա խորհրդարանը կամ կառավարությունը բարձրացնել իր աշխատավարձը: Այն ժամանակ, երբ խորհրդարանը բարձրացնում էր իմ աշխատավարձը, ես դեմ քվեարկեցի: Մենք կարող ենք բարձրացնել հաջորդ խորհրդարանի աշխատավարձը: Մենք չենք կարող հաջորդ ընտրությունից սկսած, որ մեր ընտրությունն է, փոխել պետության կազմակերպման ձևը: Այսինքն՝ Հանրապետական կուսակցությունն այսօր ուժեղ է, փոխում է ընտրակարգը և գնում է ընտրության: Սա ճիշտ չէ: 

Քվեարկության պատմություն

Բագրատյան Հրանտ Արարատի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Բագրատյան Հրանտ «Հայ ազգային կոնգրես» 156 152 95 81 480 84 98
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները