Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Սովետականից դեպի «ազգային» խորհրդարան

Սովետականից դեպի «ազգային» խորհրդարան

ՀՍՍՀ Գերագույն սովետի 1988 թվականի հունիսյան նստաշրջանում առաջարկվեց դատապարտել Սումգայիթի կոտորածները՝ դրանք որակելով ցեղասպանություն։ Անկեղծ ասած՝ չեմ հիշում, թե ով էր առաջարկի հեղինակը, սակայն հիշում եմ, որ ԳՍ նախագահության նախագահ Հրանտ Ոսկանյանը (այն ժամանակվա Գալուստ Սահակյանը) փորձում էր նման բան թույլ չտալ, քանի որ Մոսկվան հստակ հայտարարել էր, որ դրանք կոտորածներ չեն, այլ՝ խուլիգանական արարքներ։ Սակայն 88-ի Հայաստանն ու հայ հասարակությունը բոլորովին ուրիշ էին ու Խորհրդային Հայաստանի ղեկավարությունն ստիպված էր հաշվի նստել նրա հետ՝ անգամ եթե դա դուր չգար Կրեմլին։

Հունիսյան նստաշրջանում փոխզիջումը կայացավ եւ Սովետական Հայաստանի խորհրդարանը դատապարտեց սումգայիթյան «ոճրագործությունները»: Սա մեծ նվաճում էր, եթե նկատենք, որ Մոսկվայի վախից Հայաստանն այդ ժամանակ դեռ չէր ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը՝ հակառակ Ուրուգվայի, որն այն ճանաչել էր 1965-ին, հակառակ Եվրախորհրդարանի, որն այն ճանաչել էր 1987-ին, անգամ հակառակ ԱՄՆ Կոնգրեսի, որը 1975-ին ԱՄՆ նախագահին կոչ էր արել «ապրիլի 24-ը նշել որպես ցեղասպանությունների՝ հատկապես 1915-ի ցեղասպանության զոհ դարձած հայերի ոգեկոչման օր»:

1988- ին Հայաստանի խորհրդարանը կարողացավ ազգային արժանապատվությունը վեր դասել կրեմլյան շահերից։
ՀՀ ԱԺ 2015- ի մարտի 23-ին մեկնարկած հերթական քառօրյայում պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրել էր «2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ» հայտարարության նախագիծ։ Հայտարարությունն ինքը որեւէ արտառոց բան չէր պարունակում։

Այնտեղ կար հարգանք՝ ռազմական ոլորտում հայ- ռուսական համագործակցության նկատմամբ, ենթադրություն՝ երկկողմանի հարգանքի եւ համագործակցության վերաբերյալ, փաստ, որ Ավետիսյանների սպանությունը ցնցել է հայ հասարակությունը, արձանագրում, որ սահմանախախտ Պերմյակովի հանձնումը ռուսական ռազմաբազայի ղեկավարությանը խախտում է Հայաստանի օրենսդրությունը եւ 102- րդ ռազմակայանի մասին հայ- ռուսական համաձայնագրերը և ակնկալիք, որ Պերմյակովը կհանձնվի Հայաստանի արդարադատությանը։

Այսինքն՝ այս հայտարարությունը որպես քաղաքական փաստաթուղթ ավելի թույլ էր, քան 88-ին սումգայիթյան կոտորածները ցեղասպանության որակելը։ Սակայն ի տարբերություն 1988-ի, 2015-ի Հայաստանն ուրիշ է եւ խորհրդարանական մեծամասնության կողմից Մոսկվայի նկատմամբ վախն ավելի ուժեղ` Հայաստանի պետականության եւ ազգային արժանապատվության նկատմամբ ակնածանքից։ Մինչ մյուս խմբակցությունների պատգամավորները, քննադատելով հայտարարության ձեւակերպումները, առաջարկում էին գոնե քննարկել հայտարարությունը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը իր խորհրդային նախորդի՝ Հրանտ Ոսկանյանի նման, փորձում էր բացատրել, թե ինչու չի կարող քաղաքական մարմինը քաղաքական քննարկում անցկացնել, իսկ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ դիմում ղարաբաղյան շարժման ընթացքում գորբաչովյան բառապաշարից՝ կոչ անելով զերծ մնալ քաղաքական շահարկումներից։

Ի տարբերություն գործադիրի՝ օրենսդիր ներկայացուցչական մարմինը ավելի ազատ գործելու հնարավորություն է ունենում։ Նրա որոշակի գործողություններ, որոնք իրավական իմպերատիվ պահանջ չեն ենթադրում, ինչպիսին Փոստանջյանի հայտարարությունն էր, նպատակ ունեն հասկացնել՝ այս պարագայում ռուսական կողմին, որ հայ հասարակությունը խիստ վրդովված է Մոսկվայի՝ Հայաստանի պետականության դեմ նման արհամարհական վերաբերմունքից, միաժամանակ ցույց տալով, որ նման գործողություններով նաեւ վիրավորված է հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը։ Սակայն «ազգային» խորհրդարանը մարտի 23-ին հստակ արձանագրեց, որ ինքը շարունակում է մնալ «սովետական» պառլամենտարիզմի իրավահաջորդը, որի համար Արցախը Ադրբեջանին հանձնելու Կովբյուրոյի որոշումն ավելի վերադաս էր, քան՝ հայ ժողովրդի շահերը։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները