Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ԲՀԿ-ն խոստանում է` քննադատության պակաս չի լինի

ԲՀԿ-ն խոստանում է` քննադատության պակաս չի լինի

Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի հետ:

- Պարոն Մելքումյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն հարմարվե՞լ է իր նոր՝ «առանց Գագիկ Ծառուկյանի» կարգավիճակին, թե՞ դեռ կողմնորոշվելու խնդիր ունի: ԲՀԿ առաջնորդի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո Ձեր կուսակիցները տևական ընթացք մեկնաբանություններ չէին տալիս՝ ասելով, թե ժամանակ է պետք:

- Մենք մեր քաղաքական օրակարգով առաջ ենք շարժվում: Ես նորմալ եմ գնահատում մեր գործունեության ընթացքը: Թիմն աշխատում է ամեն օր:

- Ընդդիմադիր դառնալուց հետո ի՞նչ է փոխվելու այլընտրանքային ԲՀԿ-ի կեցվածքում:

- Կարծում եմ՝ բովանդակային առումով ոչինչ չի փոխվի, որովհետև մենք պարզապես մեր բնույթը ձևակերպեցինք դե յուրե:

- Իսկ չե՞ք կարծում, որ ընդդիմադիր ԲՀԿ-ն ավելի պակաս ընդդիմադիր է, քան այլընտրանքայինն էր:

- Ոչ: Նախորդն այլ միջավայրում էր, սա ուրիշ միջավայրում է: Ես ինչ ասել եմ, նույնը շարունակելու եմ ասել և անել: Որևէ փոփոխություն չի լինելու: Անձամբ իմ կողմից քննադատության պակաս չի լինելու:

- Աբովյանի նախկին քաղաքապետ, Գ.Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ: Չե՞ք կարծում, որ իշխանություններն այդ նշանակմամբ քաղաքականությունից հեռանալու համար փոխհատուցեցին Գ.Ծառուկյանին:

- Ես դա չեմ քննարկում: Եկեք դետեկտիվ ժանրից չխոսենք: Կ.Գուլոյանը համայնքային կառավարման փորձ ունեցող մարդ է, նշանակել են: Դա իրենց խնդիրն է:

- Պարոն Մելքումյան, գազային հանձնաժողովն ավարտեց իր մոտ մեկամյա աշխատանքն ու Ազգային ժողովին ներկայացրեց ոլորտի ուսումնասիրության արդյունքում կազմված եզրակացությունը: Հանձնաժողովը ձևավորած ոչ իշխանական խմբակցությունները չեն միացել այդ եզրակացությանը, բայց նաև չեն ներկայացրել իրենց հատուկ կարծիքը: Ինչո՞ւ:

- Հատուկ կարծիք չենք ներկայացնելու: Եզրակացության քննարկման ժամանակ ես պարզապես ելույթ կունենամ: Եվ քանի որ քաջածանոթ եմ ուսումնասիրության ամբողջ գործընթացին, կունենամ ծավալուն ելույթ, որն, ամենայն հավանականությամբ, կներկայացնի նաև խմբակցության դիրքորոշումը: Հանձնաժողովի աշխատանքը ես նորմալ եմ գնահատում, բայց գնահատականները կհնչեցնեմ ելույթի ժամանակ:

- Համաձա՞յն եք հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հնչեցրած գնահատականին, թե 305 միլիոն դոլար պարտքի գոյացումն ու դրա մարման դիմաց «ՀայՌուսգազարդ» ընկերությունում կառավարության 20 տոկոս բաժնեմասի փոխանցումը ռուսական կողմին օրինական է:

- Կա իրավական ընթացակարգերին համապատասխանության և տնտեսական նպատակահարմարության խնդիր: Դրանք տարբեր են: Հարցեր կան, որոնք տնտեսապես նպատակահարմար չեմ համարում: Օրինակ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքը համարում եմ ոչ արդյունավետ: Ինչ վերաբերում է 20 տոկոսին, ապա պետք է քննարկվեր՝ հարցը լուծել մասնավորեցմա՞ն, թե՞ այլ ընթացակարգերով: Իրավական առումով գործարքը գուցե խոցելի չէ, բայց տնտեսական առումով ,կարծում եմ, որ այդ բաժնեմասը պետք է գնահատվեր: Թեև չի բացառվում, որ գնահատելու դեպքում կարող էին ավելի ցածր արժեք սահմանել:

- Այդ դեպքում գազի գնի բարձրացումն էլ պետք է խնդրահարույց լիներ:

- Միայն գնի բարձրացումը չէ: Խնդիր կա ռազմավարության առումով. չէ՞ որ հանձնաժողովը ներդրումային ծրագրեր է հաստատում: Կա սակագնի մեջ մտած բնական կորուստների խնդիր և այլն:

- ԲՀԿ-ն ներկայացուցիչ առաջադրեց Հ.Աբրահամյանի նախաձեռնած հակակոռուպցիոն խորհրդում: Ոչ իշխանական մյուս խմբակցությունները հրաժարվեցին մասնակցել այդ կառույցի աշխատանքներին:

- Ես կողմնակից եմ աշխատելուն: Եթե աշխատելու հնարավորություն կա, պետք է աշխատել: Լավ չի լինի, դուրս կգանք, մեր ձեռքերը ոչ մեկը չի կապել:

- Ձեր կարծիքով հակակոռուպցիոն պայքարը ո՞ր ոլորտից պետք է սկսել, Դուք ի՞նչ առաջարկություն եք ներկայացնելու այդ կառույցին:

- Որտեղ ռիսկերը մեծ են, այնտեղից էլ պետք է սկսել: Ես չեմ ուզում ենթադրություններ անել, կաշխատենք՝ կտեսնենք: Բայց խնդիրը պետք է համակարգային լուծում ստանա:

Քվեարկության պատմություն

Մելքումյան Միքայել Սերգեյի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Մելքումյան Միքայել «Բարգավաճ Հայաստան» 549 62 152 87 114 191 185
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները