Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հայկական «եւ.. եւ»- ն ու արդեն ռուսական «կամ... կամ»-ը

Հայկական «եւ.. եւ»- ն ու արդեն ռուսական «կամ... կամ»-ը

2013-ի սեպտեմբերյան մեկ օրում եվրոպականից դեպի եվրասիական ինտեգրում անցում կատարած Հայաստանը փորձում է համոզել, որ իր արտաքին քաղաքականության հիմքում շարունակում է մնալ «եւ... եւ...»- ի սկզբունքը։ Ոչ միայն համոզում է, այլև փորձում է այդ համոզմունքին տալ նաեւ վիզուալ բնույթ։

Մարտ ամսի վերջին երկու շաբաթները դրա լավագույն ապացույցն էին։ Եվ ամենահամար վայրն էլ արտաքին քաղաքական ուղղությունների շեշտման համար Ազգային ժողովն էր։ Մեկ շաբաթը խորհրդարանում եվրոպական էր. նախ՝ տեղի ունեցան ԵՄ արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանականներին միավորող Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովը՝ ԵՄ հանձնակատարի մասնակցությամբ, ապա ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության նիստը, հաջորդ շաբաթվա ընթացքում՝ ԵՏՄ-ի անմիջական մթնոլորտը փոխանցող հայ- ռուսական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստն ու «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովը՝ ՌԴ Պետդումայի նախագահի մասնակցությամբ։

Հյուրերը Երեւանում Հայաստանի իշխանություններից ու խորհրդարանական ընդդիմությունից լսեցին այն, ինչը հաճելի էր իրենց ականջներին։ Եվրոպացի հյուրերի համար հատուկ հայտարարեցինք, թե ինչ կարեւոր են մեզ համար եվրոպական արժեքները՝ մարդու իրավունքներ, քաղաքացիական հասարակություն եւ այլն, ռուսական եւ ԵՏՄ հյուրերին վստահեցրինք, թե ինչքան ամուր է հայ- ռուսական դարավոր բարեկամությունը, թե ինչպիսի գիտակցված ընտրություն է կատարել Հայաստանը՝ գնալով դեպի եվրասիական ինտեգրում։
Դժվար է ասել, թե որքանով հայաստանյան հավաստիացումներին հավատաց ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, սակայն նշեց, որ ԵՄ-ն պատրաստ է հետագայում եւս համագործակցել Հայաստանի հետ՝ շարունակել աջակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության, ընտրական բարեփոխումների ուղղությամբ: Չորս ոլորտներ, որոնք Ռուսաստանը համարում է գունավոր հեղափոխությունների կատալիզատոր։

Արեւմուտք- Ռուսաստան հակամարտության առիթ դարձած ուկրաինական իրադարձությունները եւս հայաստանյան օրակարգում էին։

Մարտի 17- ին Եվրանեսթի ԽՎ-ում քննարկվեց «Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիայի վերաբերյալ» խոսուն վերնագրով բանաձեւը։ Իրավիճակն անգամ չէր փրկում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի դիտարկումը. «Այս հարթակում ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ ներկայացված բանաձեւի կապակցությամբ մեր պատվիրակությունը միակարծիք չէ: Մենք քվեարկելու ենք՝ հիմնվելով մեր համոզմունքների վրա՝ առաջնային համարելով հակամարտությունների բացառապես խաղաղ միջոցներով կարգավորման տեսլականը»։

Բնական է, որ հայաստանյան պատվիրակության՝ եվրոպացիներին հավատարմության երդումները, ինչպես նաեւ Երեւանում Ուկրաինային նվիրված քննարկումները չէին կարող անտարբերության մատնել ռուս պաշտոնյաները։ Եվ ահա մարտի 31- ին «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովում Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ բավականին կոշտ ու հստակ մեսիջներ փոխանցեց։

Նա հայտարարեց, որ Բրյուսելի և Վաշինգտոնի կողմից կիրառվող քաղաքական ու տնտեսական կոպիտ շանտաժից՝ հակառուսական պատժամիջոցներից, առավելապես տուժել են Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրեր ստորագրած Ուկրաինան և Մոլդովան (կարելի է միայն ենթադրել, թե ինչու չհիշատակեց Վրաստանը)։ Նարիշկինը նաեւ շեշտեց, որ Եվրասիական տնտեսական միության անդամները պաշտպանված են: Սակայն երբ ռուսական տնտեսագետների դեսանտ է իջնում Հայաստան՝ նշելով, որ ԵՏՄ-ն դեռ նոր կառույց է եւ մի քիչ էլ սպասենք ու ամեն ինչ լավ կլինի, ինքնին նշանակում է, որ այնքան էլ պաշտպանված չենք եւ ԵՏՄ- ում ամեն ինչ այնքան էլ լավ չէ։

Ինչեւէ՝ Արեւմուտք-Ռուսաստան խորացող հակամարտության պայմաններում հայաստանյան «եւ... եւ»- ը կարծես անլսելի էր երեւանյան հանդիպումներում։ Ինչպես ցույց տվեցին երկու շաբաթները՝ ԵՏՄ-ում Հայաստանին այնքան էլ չեն վստահում, ճիշտ այնպես՝ ինչպես Եվրոպայում:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները