Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Երկու նախագծի ներկայացումը գրեթե բացառում եմ

Երկու նախագծի ներկայացումը գրեթե բացառում եմ

Հարցազրույց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի հետ:

-Պարոն Պողոսյան, օրերս մամուլը գրեց, թե 2005 թվականին ընդունված Սահմանադրության «հայր» Վարդան Պողոսյանը համաձայն չի եղել այդ Սահմանադրության բազմաթիվ կետերի հետ: Այսօր մշակվող նախագծի բոլոր կետերի հետ համաձա՞յն եք:

-Նախ՝ այդ ձևակերպումը «Սահմանադրության հայր», լրագրողի երևակայության արդյունքն է: Ես հայրը չեմ եղել, ես ընդամենը մասնակցել եմ այդ գործընթացին: Տեքստի առումով իմ մասնակցությունը նշանակալի է եղել, բայց տրված կոնցեպտուալ լուծումները իմ սահմանադրաիրավական հայացքներին չեն համապատասխանել: Այս նոր նախագծի 95%-ի հետ ես համաձայն եմ ու կարծում եմ, որ այն պրոգրեսիվ փաստաթուղթ է:

-Սահմադրության փոփոխությունների հայեցակարգը հրապարակված է, իսկ դրա հիմքով պատրաստվող նախագիծը մշակման փուլում է: Մե՞ծ է լինելու տարբերությունը հայեցակարգի և նախագծի միջև:

-Նախագիծը գրեթե ամբողջությամբ կհամապատասխանի հայեցակարգում ներկայացված դրույթներին: Ասում եմ գրեթե, որովհետև հայեցակարգում կան այլընտրանք պարունակող որոշ տեղեր, իսկ դատական իշխանությանը վերաբերող բաժնում հստակ նշված չեն բարեփոխումների ուղղությունները: Տրված են միայն ընդհանուր նպատակները՝առանց դրանց հասնելու հնարավոր տարբերակների: Ինչ վերաբերում է հիմնական իրավունքներին և կառավարման համակարգին, ապա այս բաժինների համար հայեցակարգը բավականին հստակ կողմնորոշիչ է:

-Ո՞ր բաժնի վրա է այսօր աշխատում հանձնաժողովը, և ե՞րբ պատրաստ կլինի նախագիծն ամբողջությամբ՝ նախագահին ներկայացնելու համար:

-Նախագահը հայեցակարգին հավանություն տվեց մարտի 14-ին: Դրանից հետո 10 ամսվա ընթացքում հանձնաժողովը պարտավոր է նախագահին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Առայժմ աշխատում ենք առաջին 2 գլուխների վրա: Ընդ որում, հանձնաժողովը անհրաժեշտություն է տեսել 2-րդ՝ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները գլխում տարանջատել սուբյեկտիվ, հիմնական իրավունքները պետության նպատակներից, օրենսդրական երաշխիքներից: Հաջորդ շաբաթ հանձնաժողովը առաջին ընթերցմամբ կընդունի այս փաստաթութղը, որից հետս կսկսենք աշխատել կառավարման համակարգին վերաբերող հատվածի վրա:

-Խորհրդարանական համակարգի անցնելու հարցում հանձնաժողովի դիրքորոշումը վերջնակա՞ն է:

-Այո: Մենք վերլուծել ենք գործող կառավարման համակարգը, փորձել ենք վեր հանված խնդիրների լուծումներ առաջարկել, բայց եզրակացրել ենք, որ կան խնդիրներ, որոնք կարող են արդյունավետ լուծում ունենալ խորհրդարանական համակարգի անցնելու պարագայում: Հանձնաժողովը, սակայն, գիտակցում է, որ կառավարման մի համակարգից մեկ այլ համակարգի անցնելու համար միայն մասնագիտական գնահատականները բավարար չեն, պետք է լինի քաղաքական կամք, քաղաքական ուժերի որոշակի համաձայնություն: Դրա համար էլ հանձնաժողովը դիմել է քաղաքական ուժերին՝ մինչև մայիսի 5-ը իրենց առաջարկությունները ներկայացնելու համար:

-Հնարավո՞ր է, որ նախագահի կողմից նախագծի 2 տարբերակ ներկայացվի Ազգային ժողովին:

Նախագահը հավանություն է տվել խորհրդարանական համակարգ առաջարկող հայեցակարգին: Նա կարող էր դա անել վերապահումներ նշելով կամ առաջարկելով, որ խորհրդարանական համակարգից բացի մշակենք նաև գործող կառավարման համակարգի բարելավման մի տարբերակ, բայց այսպիսի բան չի եղել: Նախագահը հստակ ասել է, որ խորհրդարանական համակարգի անցնելու դեպքում որոշ կասկածներ ունի կոնկրետ հարցերի հետ կապված՝ ներքին և արտաքին անվտանգություն, կառավարության կայունություն: Եթե քաղաքական ուժերը ներկայացնեն այնպիսի առաջարկներ, որոնք այս խնդիրների կարգավորման հարցում լուծումներ կառաջարկեն, գուցե ԱԺ ներկայացվի 1 նախագիծ՝ կոնկրետ հարցերի այլընտրանքային տարբերակներով, իսկ նախագահի կողմից 2 նախագծի ներկայացումը ես ռեալ չեմ համարում, գրեթե բացառում եմ:

-Բարեփոխումներին դեմ քաղաքական ուժերը ասում են, որ հենց կառավարման համակարգ բաժնում, այսպես կոչված, ականներ կան. առաջարկվող փոփոխությունները ապահովելու են իշխանության վերարտադրությունը:

-Միակ ռացիոնալ հատիկը ընդդիմության քննադատության մեջ այն է, թե քանի որ Սերժ Սարգսյանը 3-րդ անգամ պաշտոնավարելու իրավունք չունի, գործող համակարգի պայմաններում ինքը չի կարող իր իշխանությունը պահպանել: Բայց նայեք Ռուսաստանի օրինակին, որտեղ նույն կիսանախագահական համակարգն է գործում: Մեդվեդևի նախագահության ժամանակ էլ վարչապետ Պուտինը, ով Դումայում մեծամասնություն կազմող ուժի ղեկավարն էր, փաստացի իշխանության կրողն էր, և ակնհայտ էր, որ նախագահը չունի դոմինանտ դերակատարում: Ասում են նաև, թե կիսանախագահական համակարգում պաշտպանության խնդիրը ավելի ճիշտ է լուծված: Ես դա վերագրում եմ միայն փաստացի իրավիճակին և միայն այն մոդելի պարագայում, երբ նախագահը ունի պառլամենտի աջակցությունը, և փաստացի նա է կառավարության գլխավոր պատասխանատուն: Եթե այդ պայմանները չկան, զինված ուժերի հրամանատարությունը օդի մեջ կախված է լինում:

-Կառավարման խորհրդարանական համակարգում ո՞ւմ վրա է դրվում գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթը:

-Այս հարցին դեռ չենք հասել: Տարբեր մոդելներ կան: Իսրայելական մոդելում գերագույն գլխավոր հրամանատար հասկացություն չկա, կա բանակ, որը ենթակա է կառավարությանը և գտնվում է պաշտպանության նախարարի իրավասության ներքո: Նախագահը որևէ դերակատարում չունի: Մյուս՝ գերմանական մոդելում տարբեակվում է գերագույն գլխավոր հրամանատարության երկու դեպք՝ խաղաղ պայմաններ, երբ հրամանատարը պաշտպանության նախարարն է, և պատերազմական, երբ այս գործառույթը դրվում է կանցլերի վրա: Կա ևս մեկ՝ ավանդական մոդել, որն ամենատարածվածն է: Այս դեպքում նախագահը, անկախ այն բանից՝ գործադիր իշխանությունում ռեալ ազդեցություն ունի թե ոչ, ձևականորեն հանդիսանում է գերագույն գլխավոր հրամանատար, բայց բոլոր ֆունկցիաների իրականցումը դրվում է կամ վարչապետի, կամ իրավասու նախարարի վրա: Հրամանատարական կազմը նշանակվում է նախագահի կողմից, բայց միայն վարչապետի կամ պաշտպանության նախարարի առաջարկությամբ: Այլ կերպ ասած՝ նախագահը ընդամենը նոտարական ֆունկցիա է կատարում:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները