Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ի՞նչ վատ բան կա, երբ նույն նախագծի վերաբերյալ նույն խմբակցության երեք պատգամավոր ելույթ է ունենում

Ի՞նչ վատ բան կա, երբ նույն նախագծի վերաբերյալ նույն խմբակցության երեք պատգամավոր ելույթ է ունենում

Հարցազրույց Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ:

-Մայիսի 5-ին լրացավ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին հայեցակարգի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու ժամկետը: Ի՞նչու ՕԵԿ-ը որևէ առաջարկություն չներկայացրեց:

-Կոնկրետ առաջարկներ, բովանդակային քննարկումներ կլինեն այն դեպքում, երբ կհրապարակվի կոնկրետ փաստաթուղթը: Նույնիսկ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնած կողմը կարծես տատանվում է կառավարման 2 մոդելների ընտրության հարցում: Իսկ մեր ընդհանուր մոտեցումները մենք բազմիցս հրապարակավ ներկայացրել ենք: Մենք համոզված ենք, որ Հայաստանում պետք է ձևավորել գործուն և արդյունավետ զսպումներով և հակակշիռներով քաղաքական համակարգ, պետք է իրականացնել ընտրական բարեփոխումներ՝ անցում կատարելով 100% համամասնական ընտրակարգին, պետք է ձևավորել իրապես անկախ դատական համակարգ և այլն: Միաժամանակ, ՕԵԿ-ը կողմ չէ նախագահի ինստիտուտի վերացմանը կամ դրա՝ միայն խորհրդանշական բնույթ ունենալուն` հաշվի առնելով տարածաշրջանային ռազմաքաղաքական իրողությունները և ԵՏՄ-ին անդամակցությունը:

-Կմասնակցի՞ ՕԵԿ-ը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին թե՞ կբոյկոտի կամ կլինի պասիվ:

-Մեր դիրքորոշումը կախված է Սահմանադրության փոփոխությունների նախագծի բովանդակությունից: Երբ հանրությանը ներկայացվի կոնկրետ փաստաթուղթ, մենք կներկայացնենք մեր մոտեցումները: Դեռևս չեղած փաստաթղթի վերաբերյալ չեմ կարող տեսակետ արտահայտել: Բայց մենք կմասնակցենք քննարկումներին, քանի որ կուսակցությունը չի կարող պարզապես դիտորդ լինել այս կարևոր գործընթացում:

-Վերջերս ԱԺ նախագահը հայտարարեց, որ խորհրդարանը ամբողջ քառօրյայի ընթացքում ընդամենը 1 հարց է հասցրել քննարկել, այսինքն, օրենքներ ընդունելու հարցում հետ է մնում: Նաև հորդորեց պատգամավորներին ավելի կոնկրետ ու հակիրճ արտահայտվել: Ունի՞ խորհրդարանը այսպիսի խնդիր Ձեր կարծիքով:

-Քաղաքացին քաղաքական ուժին կամ պատգամավորին ընտրում է հենց օրենսդրական գործունեությամբ զբաղվելու, հանրության խնդիրները հետևողականորեն ներկայացնելու համար, չնայած կան պատգամավորներ, որ 5 տարում ամբիոնից գեթ մեկ նախադասություն չեն արտասանում: Իսկ աշխատող պատգամավորները, ովքեր օրենքի նախագծեր են մշակում, հարցեր են տալիս, ելույթներ ունենում, լավ գիտեն իրենց գործն ու ասելիքը: Ողբերգություն չէ, որ որևէ հարց, մանավանդ եթե կարևոր նշանակություն ունի, քննարկվի մեկ կամ երեք օր: Ողբերգությունն այն է, երբ Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվում, և կարևորագույն օրենքի նախագծերը, չանցնելով պատշաճ քննարկումներ, պարզապես դակվում են: Հետո որևէ սոցիալական խավ բողոքի ցույց է անում, ու օրենքը կամ փոփոխվում է կամ մի քանի անգամ հետաձգվում: Այս խնդրին պետք է ուշադրություն դարձնել:

-ՕԵԿ-ը, մասնավորապես, վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացել է, և լինում են հարցեր, երբ ելույթ են ունենում խմբակցության բոլոր պատգամավորները: Չե՞ք կարծում, որ սա ինքնանպատակ ակտիվություն է, և հենց այսպիսի ելույթները նկատի ուներ ԱԺ նախագահը:

-Ցանկացած գումարման Ազգային ժողովում, ցանկացած քառօրյայում ՕԵԿ-ի գրեթե բոլոր պատգամավորները կոնկրետ հարցերի վերաբերող հայտարարություն են արել, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հասարակությանը հուզող հարցեր բարձրացրել: Ինչ վերաբերում է նախագծերի քննարկումներին. ի՞նչ տարօրինակ ու վատ բան կա, եթե նույն նախագծի վերաբերյալ խմբակցության երկու կամ երեք պատգամավոր ելույթ է ունենում կամ հարց տալիս: Հաճախ նույնիսկ 7-8 հարց տալու անհրաժեշտություն է լինում: Ինչպե՞ս կարող է մեկ պատգամավորը 3 րոպեի ընթացքում ձևակերպել բոլոր հարցերը: Անկախ նրանից, դա ում է դուր գալիս, ում՝ ոչ, ժողովուրդը մեզ վստահության քվե է տվել, որ Ազգային ժողովում իր խնդիրները բարձրացնենք, հարցեր տանք ու ելույթներ ունենանք»:

-ԲՀԿ-ի՝ ընդդիմադիր դառնալուց հետո ՕԵԿ-ը հայտարարեց, թե շատացել են կուսակցությանն անդամագրվելու դիմում ներկայացնողները. ի վերջո, քանի՞ ԲՀԿ-ական է միացել ՕԵԿ-ին:

Հարցն արհեստականորեն շահարկվեց, ինչի կարիքը չկար: Ի՞նչ է պատահել, ցանկացած կուսակցությունից էլ կարող են մարդիկ դուրս գալ ու գնալ ուրիշ կուսակցություն: Սրանից ինտրիգներ սարքել պետք չէ: Ավելին` ՕԵԿ-ին անդամագրվել ցանկացողների թիվը վերջին մեկ տարում ընդհանրապես ավելացել է: Մենք հատուկ վերաբերմունք չենք դրսևորում հենց ԲՀԿ-ից դուրս եկած և ՕԵԿ-ին անդամագրվածների հանդեպ: Մարդը մարդ է, ու կարևոր չէ, թե նախկինում որ քաղաքական ուժին է համակրել: Մեր հաջորդ համագումարում մենք կհրապարակենք, թե քանի անդամ ունի ՕԵԿ-ը և քանիսն են անդամագրվել վերջին շրջանում՝ առանց նրանց նախկին կուսակցական պատկանելությանը անդրադառնալու: Դա է ճիշտ և ընդունված ձևը:

Քվեարկության պատմություն

Բիշարյան Հեղինե Վաչեի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Բիշարյան Հեղինե «Օրինաց երկիր» 558 74 163 104 63 156 124
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները