Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Լյուդմիլա Սարգսյանի նկատմամբ խտրականություն է դրսևորվել

Լյուդմիլա Սարգսյանի նկատմամբ խտրականություն է դրսևորվել

Հարցազրույց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ: 

- Տիկին Հարությունյան, 2014թ. բյուջեի սոցիալական ոլորտի կատարողականի քննարկման ժամանակ վրդովվեցիք ու լքեցիք դահլիճը: Ի՞նչն էր պատճառը:


- Դա իմ դժգոհության արտահայտման ձևն էր: Որպես Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ՝ ես ունեի հարց տալու առաջնային իրավունք, որի մասին մի քանի անգամ տեղյակ պահեցի նախագահողին՝ համապատասխան հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին, բայց դա անտեսվեց: Դրանից հետո ինձ մնում էր լքել դահլիճը և այդպիսով ցույց տալ իմ դժգոհությունը: Հումորով կարող եմ ասել, որ քննարկման ժամանակ սեռական խտրականություն տեղի ունեցավ, որովհետև միակ կին պատգամավորն էի, որ հարց ունեի ուղղելու: Բայց ինձ այդ հնարավորությունը չտրվեց:

- Ի՞նչ եք կարծում, ինչու՞:

- Անկեղծ ասած՝ չեմ կարող հասկանալ: Կարծես թե վատ հարաբերություններ չունենք պարոն Հակոբյանի հետ: Միգուցե մտածեց, որ իմ հարցը կարող է ավելի սուր լինել: Իսկ ես ասելիք ունեի, նաև դիտարկումներ, որոնց մասին գուցե նախարարը տեղյակ չէ: Բայց եթե չեն ցանկանում, կարծիքը հնչեցնելու այլ հնարավություններ կան: Կա ԱԺ նիստերի դահլիճը, կան լրատվամիջոցները:

- Իսկ ի՞նչ էիք ցանկանում հարցնել Արտեմ Ասատրյանին:

- Իմ հարցը վերաբերում էր գործազրկության նպաստին, որից կառավարությունը մեկ տարի առաջ որոշեց հրաժարվել: Ընդ որում, որքան հիշում եմ, ունեինք մոտ հարյուր հազար գործազուրկներ, որոնք օգտվում էին այդ նպաստից: Դադարեցումը հիմնավորվեց այն պատճառաբանությամբ, թե այդ քաղաքացիների հետ պետք է այլ հարաբերություններ հաստատել, անցնել զբաղվածության ապահովման ակտիվ ծրագրերի: Նշվում էր, որ կազմակերպվելու են վերապատրաստման, վերաորակավորման ծրագրեր, որոնց արդյունքում քաղաքացին կկարողանա աշխատանք գտնել: Այսօր գործազուրկների քանակը տասնմեկ հազարով գերազանցում է անցած տարվա ցուցանիշը և հասել է 66 հազարի: Սա հասկանալի է, քանի որ մեզանում զբաղվածությունը շատ ցածր մակարդակի է և նոր աշխատատեղեր չեն ստեղծվում: Ես նաև տեղյակ եմ, որ զբաղվածության կենտրոն դիմողների մեջ կա դժգոհություն, որ իրենց չի առաջարկվում մասնակցել վերապատրաստման, վերաորակավորման կուրսերին: Ընդամենն ասում են, թե աշխատանք լինելու դեպքում տեղյակ կպահենք: Դա նույնն է, թե ոչինչ չանեն: Ես թերահավատորեն եմ վերաբերվում նախարարի հնչեցրած այն մտքին, թե բավական լուրջ աշխատանք է արվում:

- Ինչո՞ւ եք համոզված, որ գործազրկության նպաստների վերացումից հետո տնտեսված գումարները չեն ուղղել գործազուրկների վերապատրաստման ծրագրերին:

- Ես չգիտեմ, թե որքան է ուղղվել, բայց գիտեմ, որ դժգոհությունը մեծ է, շատ քիչ մարդիկ են աշխատանքի տեղավորվում: Այստեղ հնչեց, որ այդ ծրագրերի միջոցով 12 հազար գործազուրկի վերապատրաստման միջոցով աշխատանքով են ապահովել: Ես մեծ կասկածներ ունեմ, որ այդ թիվը համապատասխանում է իրականությանը: Մարդիկ նաև ինքնուրույն են տեղավորվում աշխատանքի, և դա հավանաբար վերագրվում է այդ ծրագրերին: Ես դեմ չեմ, որ մարդիկ ինքնուրույն կարողանան իրենց աշխատանքով ապահովել, բայց փաստ է, որ վիճակը չի փոխվում, գործազուրկներ բանակն օրեցօր ավելանում է, և մարդիկ այլ ճանապարհ չեն տեսնում, քան երկիրը լքելը: Իսկ այսօր, երբ հասկանալի է, որ էլեկտրաէներգիայի թանկացումն անխուսափելի է, գործազրկության նպաստների միջոցով այդ խոցելի հատվածը գոնե կկարողանար սակագնի բարձրացման վնասը փոխհատուցել: Վատ չէր լինի, որ այդ ծրագրերը առժամանակ դադարեցվեին, ու գործազրկության նպաստը վերականգնվեր:

- 2014թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկումներին ընդդիմադիր ուժերն այդքան էլ ակտիվ չէին: ՀԱԿ-ը գրեթե չմասնակցեց քննարկումներին: Ինչո՞ւ էիք անտարբեր նախորդ տարվա բյուջեի ծախսերի նկատմամբ:

- Ես պատասխանատու եմ այն հանձնաժողովների համար, որոնց անդամակցում եմ: Եվ ես այդ քննարկումներին ներկա եմ եղել: Գագիկ Ջհանգիրյանը նույնպես մասնակցել է: Հրանտ Բագրատյանը գործուղման էր: Միգուցե քաղաքում չեն եղել որոշ այլ անդամներ: Այնպես որ, երբեմն պարզապես ինչ-որ բաներ զուգադիպում են: Պետք չէ ենթատեքստեր փնտրել:

Քվեարկության պատմություն

Սարգսյան Լյուդմիլա Նարիմանի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Սարգսյան Լյուդմիլա «Հայ ազգային կոնգրես» 433 101 196 84 150 21 16
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները