Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա 7 դրամով՝ հունիսի 17-ին

Էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա 7 դրամով՝ հունիսի 17-ին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը կբավարարի մասնակի՝ պահանջված 17 դրամի փոխարեն հոսանքի սակագինը բարձրացնելով մոտ 7 դրամով: Այս մասին հունիսի 12-ի Ազգային ժողովում «Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածությունը» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Լսումներին ներկա էին նաև էներգետիկ, սպառողների շահերը պաշտպանող և այլ ոլորտների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Լսումներին հրավիրված էր, բայց ներկա չէր ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, ինչը հարուցեց ներկաների վրդովմունքը: Ե.Բիբինը էլեկտրոնային նամակով Ազգային ժողովին տեղեկացրել էր, որ իրենց ամբողջ ասելիքը, հիմնավորումները ներկայացրել են կայքում, ավելացնելու ոչինչ չունեն և նպատակահարմար չեն գտնում ներկա լինել այդ լսումներին: Պատգամավորները սա համարեցին անհարգալից վերաբերմունք:

Իսկ Ռ.Նազարյանը հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայումն անխուսափելի է, դրա անհրաժեշտությունը պայմանավոված է անցած տարվա սակավաջրությամբ ու դրամի կտրուկ արժեզրկմամբ։ ՀԷՑ-ի կուտակած ողջ պարտքերի մեջ 37 մլրդ դրամը բաժին է հասնում այս պատճառներին: Անցած տարի օգոստոսին էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվեց 4 դրամով, բայց այդ վնասներից դեռ մոտ 24 միլիարդը մնում է: Նա ընդգծեց, որ ՀԷՑ-ի ճոխ՝ ավտոմեքենաների ու շքեղ բնակարանների վրա կատարված ծախսերը չեն ներառվի սակագնում: Ռ.Նազարյանը նաև նշեց, որ 2007-2015-ին ՀԷՑ-ը կատարել է 102 մլրդ դրամի ներդրում, որից 22 մլրդ դրամը իրենց կողմից չի ընդունվել: Պատճառն այն է, ՀԷՑ-ը շուկայականից բարձր գներով է գնումներ կատարել, իսկ ներդրումների արդյունքում ակնկալվող արդյունքները չեն ստացվել: 2007-ից սկսած՝ տարեկան 1.5-2 տոկոսով կորուստներն ավելի բարձր են եղել, քան սակագնում սահմանված չափն է:

Կրկին 2007-ից  ամեն տարի 1 մլրդ դրամի չափով ՀԷՑ-ի աշխատավարձի ֆոնդն ավելացել է, եւ դա եղել է շահույթի հաշվին: 2007-ից մինչեւ այսօր 6 մլրդ 500 մլն դրամ ավելի աշխատավարձ է տրամադրել ընկերությունը, քան նախատեսված էր սակագնով: Նազարյանի խոսքերով՝ «Հիմա կասեք՝ ի՞նչ է եղել, իրենց շահույթն է, ոնց ուզում են, թող տնօրինեն: Բայց, ցավոք, այդպես չէ: Իմ ասած թվերը լրջագույն թվեր են, որոնք եթե չլինեին, այսօր այս իրավիճակը չէր լինի»:

Ռ.Նազարյանն ու ՀՀԿ-ականները՝ Բիբինին, պատգամավորները՝ Ռ.Նազարյանին և իշխանություններին

Լսումների ժամանակ եթե Ռ.Նազարյանն ու իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորները ՀԷՑ-ում տիրող իրավիճակի, կուտակած պարտքի ու էլեկտրաէներգիայի թանկացման համար մեղադրում էին Ե.Բիբինին, ապա ոչ իշխանական պատգամավորները մեղադրում էին իշխանություններին: Վերջիններիս կարծիքով էներգետիկ համակարգում նման իրավիճակ է առաջացել Հայաստանի իշխանությունների թողտվության, միգուցե նաև՝ մասնակցության արդյունքում:

Լսումների ժամանակ Ռ.Նազարյանը չթաքցրեց, որ իրեն բարկացրել «Ռեգնում» գործակալությանը Ե.Բիբինի տված վերջին հարցազրույցը, որտեղ նա «որեւէ կերպ չի տեսնում ընկերության սխալները»: Ե.Բիբինը նշված հարցարզրույցում ասել էր, որ ՀԾԿՀ-ին և ՀՀ կառավարությանը առկա խնդիրների մասին բազմիցս տեղեկացրել է, բայց որեւէ միջոց չի ձեռնարկվել: «Դուք՝ որպես գլխավոր տնօրեն, ինչո՞ւ չեք ասում, թե դուք ինչ խնդիրներ ու թերացումներ ունեք և ի՞նչ եք պատրաստվում անել այս իրավիճակը շտկելու համար»,- հեռակա կարգով Ե.Բիբինին հարցնում էր Ռ.Նազարյանը:

«Դուք տեղյա՞կ էիք, թե ինչ բարեգործություններ է արել ՀԷՑ-ը: Սա ծախս է, որ իմ հաշվին, բոլոր հարկատուների հաշվին են արել՝ մանկապարտեզներ, մանկատներ, ծերանոցներ, Հովիկ Աբրահամյանի եկեղեցին, մանկատներում ապրողների ամուսնություններ եւ հազար ու մի ծախսեր: 7 հատ եկեղեցի են վերանորոգել, ի՞նչ իրավունքով, ո՞վ է թույլ տվել, ո՞վ է նրանց դիմել՝ այս բարեգործություններն անելու համար: Ուրեմն, կա երկար ցուցակ, որն արել են եւ բոլորը՝ կառավարության խնդրանքով. Ջերմուկի լուսավորություն, «Աիդա» օպերա, «Սպարտակ» բալետ եւ այլն: Այս բոլորը՝ ո՞ւմ հաշվին: Էներգետիկ համակարգում ամենաթողություն է եւ անտերություն է: Եթե կառավարությունը միջնորդություն է ներկայացնում «Քիմպրոմի», «Նաիրիտի», «Գլենդեյլ Հիլզի» էլեկտրաէներգիայի ծախսերը չվերցնելու համար, նրանց հոսանքները չանջատելու մասին, է թող ինքն էլ մուծի: Բիբինը կարողանում է այսպես խոսել, որովհետեւ նրա բերանը լեզու է դրել կառավարությունը»,- արդեն Ռ.Նազարյանին հարցնում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանի խոսքով՝ ամեն անգամ որպես հոսանքի թանկացման պատճառ ներկայացվող սակավաջրությունը կամ ատոմակայանի չաշխատելը կարող են 10 տարի կրկնվել: «Ի՞նչ ենք անելու: Մենք պետք է ելքեր գտնենք, որ դրանք չդառնան փորձանք ՀՀ բնակչության համար: Դուք ասում եք, թե 22 մլրդ դրամի ծախս չեք ընդունում, քանի որ շուկայականից թանկ գնում են կատարել, և դա համարում եք վատ տնտեսվարում: Դրա անունը ուրիշ է և տեղավորվում է Քրեական օրենսգրքում: Եվ այնտեղ միայն Բիբիբը չէ, այնտեղ կողոպուտով զբաղված յան-երով լիքը մարդիկ կան, ում մասին չենք խոսում», ասում է Գ.Արսենյանը:

Պատգամավորների կողմից եղան նաև ՀԷՑ-ի հայտը մերժելու և էլեկտրաէներգիան չթանկացնելու առաջարկներ:

«6-7 դրամով էլ ավելացրեցինք, բայց եթե նույն գողերն են, նույն սխալ մենեջերներն են, որոնք նույն կերպ են աշխատելու, ի՞նչն է փոխվելու: Ուրեմն եկեք մենեջմենթից սկսենք, աուդիդ անցկացրեք, և ի վերջո այս անգամ չթանկացնենք»,- առաջարկեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:

«Հնարավոր համարո՞ւմ եք հիմա մերժել հայտը, անցկացնել միջազգային փորձաքննություն, և դրանից հետո նոր հանրությանն ու մեզ բոլորիս ներկայացնել այդ ուղղությամբ անելիքների մասին»,- իր հերթին հարցրեց «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ռ.Նազարյանը պատասխանեց, թե «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հայտը մերժելու պատասխանատվություն իր վրա չի վերցնի։ «Մերժելու ձևը ո՞րն է. պետք է գտնենք այն աղբյուրը, որն այսօր մեզ խիստ անհրաժեշտ է ամբողջ էներգահամակարգի ֆինանսական կայունությունը և հետագա շարունակականությունը ապահովելու համար։ Պարզունակ երկու պատասխան կարող եմ տալ՝ դոլար-դրամ փոխարժեքը իջեցնենք մինչև 407, որքան գործող սակագնում է, և գտնենք այն 24 միլիարդը, որի մասին խոսում եմ։ Կա՞ էդ աղբյուրը։ Ես նման պատասխանատվություն ինձ վրա չեմ վերցնի. մերժել՝ առանց որևէ աղբյուր ցույց տալու»,- պատասխանեց նա։

Նազարյանի խոսքով՝ ՀԷՑ-ին այսօր որևէ ֆինանսական կազմակերպություն վարկ չի տալիս, մինչդեռ ընկերությանը գումար է անհրաժեշտ: Այդ գումարի մի մասը պետք է տրվի սակագինը բարձրացնելու միջոցով: Ռ.Նազարյանը չբացառեց, որ ՀԷՑ-ի ֆինանսական միջոցները փոխհատուցելուց հետո հաջորդ տարի հնարավոր է սակագնի վերանայում՝ միգուցե իջեցում:

ՀԾԿՀ-ի նիստը տեղի կունենա հունիսի 17-ին, որտեղ էլ կկայացվի էլեկտրաէներգիան 7 դրամով թանկացնելու որոշումը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները