Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Պետք չէ կառավարության երիկամներին այդքան ուժեղ խփել. նա ցանկանում է ուղղվել

Պետք չէ կառավարության երիկամներին այդքան ուժեղ խփել. նա ցանկանում է ուղղվել

Հարցազրույց Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ:

- Պարոն Ջանջուղազյան, համաձա՞յն եք ընդդիմադիր պատգամավորների այն պնդումների հետ, թե «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններով կառավարությունը ցանկանում է ընդլայնել պարտք վերցնելու հնարավորությունները:

- Ոչ, համաձայն չեմ, որովհետև այդ նախագիծը այլ նպատակ է հետապնդում՝ օրենսդրությունը համահունչ դարձնել միջազգայնորեն ընդունված այն մոտեցումներին, որոնցով սովորաբար գնահատվում է այս կամ այն երկրում պարտքի բեռը: Նախ՝ պարտքի մասին օրենքներում սահմանափակումները նախատեսվում են հայտնի Մաստրիխտի համաձայնագրի համաձայն, որը, ըստ էության, Եվրամիությունը ստեղծելու համաձայնագիրն է: Դրա արձանագրություններից մեկը նախատեսում է, որ որոշակի կողմնորոշիչ ցուցանիշներ պետք է համաձայնեցվեն, որպեսզի ԵՄ երկրները ունենան մակրոկայունություն: Դրանցից մեկը վերաբերում է պարտքին, մյուսը բյուջեի դեֆիցիտին: Հստակ սահմանված է, որ կառավարության պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 60 %-ը: Այս նախագծով փորձում ենք տրամաբանության մեջ դնել սահմանափակումները: Գործող օրենքում ունենք պարտքի համար դրված սահմանապակում՝ պարտքը չպետք է գերազանցի նախորդ տարվա ՀՆԱ-ի 60%-ը: Բայց կա նույն հոդվածի մեկ այլ մաս. եթե պարտք/ՀՆԱ-ն գերազանցի 50 %-ը, ապա պետական բյուջեի պակասուրդ/ՀՆԱ-ն չպետք է գերազանցի 3 %-ը: Դա նշանակում է, որ մենք հիմա պետք է մտնենք պարտք ներգրավելու ավելի զգուշավոր ռեժիմի մեջ:

Բայց տեսեք, թե ինչումն է անհամաչափությունը: Խոսքը վերաբերում է պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշին, իսկ պետական պարտքը սահմանված է որպես ԿԲ-ի ու կառավարության կողմից ստանձնած պարտքային պարտավորությունների հանրագումար: Մինչդեռ օրենքի կարգավորումը վերաբերում է միայն կառավարության բաղադրիչին: Այսինքն՝ բյուջեի դեֆիցիտը ԿԲ-ի հետ որևէ առնչություն չունի: Օրենսդրական այս փոփոխությունը անհրաժեշտ է դարձել նաև այն պատճառով, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո մակրոտնտեսական ցուցանիշները պետք է համաձայնեցվեն:

- Կառավարության նոր նախագիծն ի՞նչ է առաջարկում:

- Առաջարկում է սահմանափակումը կիրառել կառավարության պարտքի համար: Այսինքն՝ վերը նշված շեմն ու կարգավորումները բացառապես վերաբերելու են կառավարությանը:

- Այսինքն՝ դրանք ԿԲ-ին չեն վերաբերելու և ազատելու են սահմանափակումներից:

- ԿԲ-ն այսպես թե այնպես ազատ էր: ԿԲ-ին տրված է բացարձակ ազատություն իր սահմանադրական պարտավորությունը կատարելու համար: Նախագիծը պարզապես որոշակիացնում է, որ սահմանափակումը վերաբերում է միայն կառավարությանը:

- Պատգամավորները նշում են, որ այս նախագծով ԿԲ-ն կունենա ՀՆԱ-ի ևս 6-7 %-ի չափով պարտք ներգրավելու հնարավորություն:

- Մինչև այս նախագիծը չունե՞ր: Գործող օրենսդրությամբ ԿԲ-ն չունի պարտք ներգրավելու որևէ սահմանափակում: ԿԲ-ն կարող է անսահմանափակ չափով պարտք վերցնել: Այստեղ այլ հարց կա՝ ԿԲ-ն հաշվի առնելով իր հիմնական գործառույթը՝ գների կայունության ապահովումը, ինքն է, որ առաջինն է դեմ պարտքի ընդլայնմանը: Չէ որ դա կարող է գները կայուն պահելու տեսակետից խնդիրներ հարուցել: Բայց եթե կարիք լինի և հիմնավորում, որ պետք է ավելի շատ պարտք վերցնել, քան ՀՆԱ-ի 60 %-ն է, չե՞ք պատկերացնում այնպիսի իրավիճակ, որ կարող է նման օրենսդրական առաջարկ ներկայացվել և քննարկվել:

- Հիմա որքա՞ն է Հայաստանի պարտքը:

- Մոտ 50 % է, բայց մենք մտահոգություն չունենք, քանի որ մեր պակասուրդը ՀՆԱ-ի 3 %-ից ցածր է:

- Իսկ ինչո՞ւ կառավարությունը մինչ այժմ չէր հիշում Մաստրիխտի սկզբունքներին համապատասխանեցման մասին:

- Պետք չի մեր երիկամներին այդպես ուժեղ խփել, թե ինչու չենք արել: Հիմա չուղղվե՞նք:

- Դա մինչև հիմա պարտք վերցնելուն չի խանգարել, բայց հիմա հանկարծ խանգարե՞ց:

- Այդ հարցերն անընդհատ եղել են, ներդրողներն անընդհատ հարցրել են: Ընդ որում՝ «Պետական պարտքի մասին օրենքը» լավ օրենք է, ընդունվել է 2008թ., և այս տարիներին ընդամենը մեկ փոփոխություն է արվել:

- Այսինքն դուք հերքո՞ւմ եք պատգամավորների այն մտահոգությունը, թե այս նախագծով ավելի է ընդլայնվելու պետական պարտք վերցնելու հնարավորությունը:

- Ես այլ տեսանկույնից կպատասխանեմ: Եթե անգամ այս նախագիծը չընդունվի, գործող օրենքով և դեռևս չվերանայված ՀՆԱ-ով կառավարությունը մոտ 1,5 մլրդ դոլարի պարտք ներգրավելու հնարավորություն ունի: Բայց արդյո՞ք մենք այդքան իրատեսական ենք համարում այդքան պարտք տվող գտնելը:

- Բայց երբ մեր պարտքն արդեն կազմում ՀՆԱ-ի 50 %-ը, միջազգային ֆինանսական կառույցները մեզ նոր պարտքեր կտա՞ն:

- Հանգիստ:

- Իսկ Հայաստանի համար պարտքի այդ չափը սպասարկելը դժվար չի՞ լինի:

- Դա արդեն այլ ցուցանիշ է: Մեր պարտքի միջին տոկոսադրույքը 4,3 % է, միջին ժամկետը մոտ՝ 10 տարի: Մեր երկիրը միանշանակ գնահատվում է որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր բոլոր այն ցուցանիշներով, ինչով դատողություններ են արվում պարտքի բեռի վերաբերյալ:

- Եթե հանկարծ ինչ-որ հրաշքով Հայաստանը հնարավորություն ունենա միանգամից մարել ողջ արտաքին պարտքը, կմարի՞:

- Ոչ, չենք մարի, չի կարելի ամբողջ պարտքը թեկուզ հրաշքով մարել: Գումարով պետք է զարգացնել Հայաստանի տնտեսությունը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները