Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Վարկային լուծում՝ էներգետիկ կրքերին

Վարկային լուծում՝ էներգետիկ կրքերին

Հուլիսի 2-ին Ազգային ժողովը կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նստաշրջանում քննարկեց և վավերացրեց «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը: Փաստաթղթին կողմ քվեարկեցին ԱԺ բոլոր խմբակցությունները: Այն ընդունվեց ձայների 98 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ: Դեմ քվեարկած միակ պատգամավորը «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանն էր:

Համաձայնագրի առարկան

2015թ. հունիսի 26-ին Երեւանում ստորագրված համաձայնագրով ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարությանը կտրամադրի մինչեւ 200 մլն դոլարի չափով պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման համար:
Համաձայնագիրն ԱԺ-ում ներկայացնող պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը հայտարարեց, թե ՀՀ զինված ուժերը ՌԴ-ից ձեռք են բերելու այնպիսի զինատեսակ, որից երբևէ չեն ունեցել: Հանրության լայն շրջանակներից, նաև լրագրողներից գաղտնի պահվեց, թե կոնկրետ ինչ զինատեսակի մասին է խոսքը: Ա.Նազարյանը միայն նշեց, թե «ձեռք բերվող սպառազինությունը նպաստելու է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության ապահովմանը»:

Հայաստանը վարկն օգտագործելու է 2015-2017թթ. ընթացքում: Վարկի մարման ժամկետը 13 տարի է, որից 3-ը՝ արտոնյալ, տարեկան 3% տոկոսադրույքով: Ընդ որում՝ ռուսական կողմը Հայաստանին գումար չի տալու: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի խոսքով՝ միանգամից ռազմական տեխնիկան է տալու, իսկ վաճառքի 200 մլն դոլարը ձևակերպելու է որպես արտահանման վարկ: Նա նաև տեղեկացրեց, որ ռազմական տեխնիկան Հայաստանին տրվելու է ՌԴ գործարանային գներով: Ընդգծեց, որ գործարքի շուրջ բանակցությունները սկսվել էին մոտ մեկ տարի առաջ, բայց փաստաթուղթը ստորագրվեց ընդամենը մեկ շաբաթ առաջ:

Էլեկտրաէներգիայի թանկացումն ու ռուսական մտավախությունները

Համաձայնագիրը կնքվել է հունիսի 26-ին Երևանում՝ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ համանախագահներ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի կողմից: Նշենք նաև, որ Մ.Սոկոլովը Հայաստան էր ժամանել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ծավալված քաղաքացիական թեժ պայքարի օրերին, երբ երիտասարդ ակտիվիստները փակել էին Բաղրամյան պողոտան ու Սերժ Սարգսյանից պահանջում էին չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը: Վարկային համաձայնագիրը ստորագրվել է պայքարի ամենաթեժ շրջանում՝ Բաղրամյանը փակելու չորրորդ օրը:

Հենց դա էլ դարձավ պատճառը այն մեկնաբանությունների, թե քաղաքացիական շարժման ճնշման արդյունքում Հայաստան ժամանեց ռուսական պատվիրակությունը և կնքվեց այդ համաձայնագիրը: Ռուսական մամուլում, քաղաքական ու փորձագիտական շրջանակներում այդ օրերին մեկնաբանություններ էին հնչում, թե բողոքի երևանյան ակցիան հակառուսական երկրորդ «Մայդանն» է և հենց հակառուսական տրամադրությունները կանխելու նպատակով է ՌԴ-ն արտոնյալ պայմաններով վարկ տրամադրում Հայաստանին: Անգամ մեկնաբանություններ էին հնչում, թե գումարի մի մասով փակվելու է ՀԷՑ-ի այն 23 մլրդ դրամ պարտքը, որն առաջացել է անցած տարվա սակավաջրության, դոլարի փոխարժեքի բարձրացման և ատոմակայանի՝ նախատեսվածից ավելի երկար չաշխատելու պատճառով:

Քննադատությամբ, բայց միաձայն 


Վարկային համաձայնագիրը խորհրդարանում ընդունվեց գրեթե միաձայն, բայց՝ բազմաթիվ քննադատություններով ու մտահոգություններով: Համաձայնագրին դեմ քվեարկած միակ պատգամավորը՝ Զ.Փոստանջյանը, փաստաթուղթը ստորացուցիչ է որակում: «Պարզ է, որ ՌԴ-ն այս զինատեսակով զինել է Ադրբեջանին, հիմա էլ վարկ է տրամադրում Հայաստանին, որի միջոցով մեր արտաքին պարտքը ավելացնում եք: Սա իրո՞ք ռազմավարական դաշնակցի գործընկերային հարաբերություններ են։ Թե՞ ուղղակի այնպես է, որ մեր թշնամուն զինում է, հետո մեզ ստիպում է, որ պարտք վերցնենք իրենից այս տիպի զինատեսակ գնելու համար: Սա ուղղակի ստորացուցիչ պայմանագիր է, որը բացարձակ կապ չունի մեր պաշտպանության հետ»,- հայտարարեց Զ.Փոստանջյանը։

Վարկային համաձայնագիրն անգամ կռիվ գցեց «Ժառանգություն» խմբակցությունում: Ի տարբերություն Փոստանջյանի՝ նույն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, թե համաձայնագիրը փաստում է հայ-ռուսական հարաբերությունների գործընկերային և ռազմավարական բնույթը: Նա իր ելույթի սկզբում նշեց, որ խմբակցությունում հարցի կապակցությամբ տարբեր կարծիքներ կան, եւ ինքն իր անձնական տեսակետն է ներկայացնում: Զ.Փոստանջյանը տեղից հակադարձեց. «Այդ դեպքում որպես առանձին պատգամավոր ելույթ ունեցեք, ոչ թե խմբակցության անունից»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը դժգոհեց համաձայնագրի բովանդակային, տնտեսական բաղադրիչներից , իսկ Հայաստանին ներկայացված վարկային պահանջները որակեց «դաժան»: Պատգամավորը մտահոգություն հայտնեց, թե 200 մլն դոլար վարկը մեծացնում է արտաքին պարտքի ծավալը, բայց նպատակն, ըստ Բագրատյանի, այս դեպքում ավելի կարևոր է:

Նույն խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ դժգոհեց, որ համաձայնագիրը կազմվել է հապճեպ և անփույթ , հայերեն տարբերակում բազմաթիվ տառասխալներ կան: Ոտքի ծայրի վրա գրված փաստաթուղթ է՝ ասաց Մանուկյանը:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տարածաշրջանային անվտանգության տեսակետից կարևորեց համաձայնագիրը: Պատգամավորի խոսքով՝ ՌԴ-ից 200 մլն դոլար արժողությամբ զինտեխնիկա ձեռք բերելով՝ Հայաստանը տարածաշրջանում կարող է դառնալ մրցունակ երկիր:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանին մտահոգում էր այն հանգամանքը, որ վարկը տրվում է դոլարով և ոչ թե ռուսական ռուբլով: «Այսօր, ըստ էության, մենք ՌԴ-ի հետ միասին Արևմուտքին գործիք ենք տվել, որ մեզ վրա ճնշում գործադրվի: Եթե վաղը դոլարի տատանումների արդյունքում ռուսական տնտեսությունը վնասներ կրի, ապա դրանք մեխանիկորեն տարածվելու են նաև ՀՀ-ի վրա: Ես հասկանում եմ, որ ռուսական կողմի համար ձեռնտու ՝է համաձայնագիրը կապակցել արտարժույթի հետ, բայց մեզ համար կարևոր է ունենալ կանխատեսելի ֆինանսական խողովակներ»,- ասաց Մինասյանը:

ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ հերքեց պատգամավորների այն կասկածները, թե իշխանությունները էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման փոխհատուցումը ցանկանում են ապահովել ռուսական վարկից: Նա նաև կարևորեց, որ ՌԴ-ն վարկը արտոնյալ պայմաններով է ՀՀ-ին տրամադրում: «Ադրբեջանին ռազմական տեխնիկան վաճառում են շուկայական գներով, կանխիկ փողով՝ 100 տոկոս վճարմամբ: Իսկ մեզ զենք են մատակարարում ու այնպիսի պայմաններով, ինչպիսի պայմաններով մատակարարում են ռուսական բանակին եւ Բելառուսին: Հայաստանի համար բացառիկ պայմաններ են ապահովված՝ զենք գնել արտոնյալ պայմաններով ու գործարանային գներով»,- հայտարարեց Հ.Նաղդալյանը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները