Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Երբ մեծամասնությունը դառնում է փոքրամասնություն կամ հակառակը

Երբ մեծամասնությունը դառնում է փոքրամասնություն կամ հակառակը
Երբ ՀՀԿ-ական, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը  հեղինակում էր էթիկայի հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգող օրենսդրական նախաձեռնությունը, հազիվ թե պատկերացներ, որ դրա կիրառման արդյունքում ինքը մի օր կիսատ կթողնի էթիկայի հանձնաժողովի նիստն ու դուրս կգա դահլիճից, որովհետև իրեն կզրկեն նիստին մասնակցելու հնարավորությունից: Այդպես եղավ հանձնաժողովի դեկտեմբերի 7-ի նիստում, երբ հանձնաժողովը քննարկում էր ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանի դիմումը վարույթ ընդունելու հարցը: Դիմումը վերաբերում էր նոյեմբերի 21-ին ընդդիդմության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստից ՀՀԿ-ական, ՕԵԿ-ական և ԲՀԿ-ական պատգամավորների բացակայությանը: Այդ բացակայությունների պատճառով արտահերթ նիստը չկայացավ, և ըստ դիմումի` հանձնաժողովը պետք է քննության առներ հարցը, թե  բացակայելով նիստից` պատգամավորները խախտե՞լ են էթիկայի կանոնները,  թե՞  ոչ:  Ռուստամյանի դիմումը հանձնաժողովը վարույթ ընդունեց, բայց ձայների ինչպիսի հարաբերակցությամբ, հայտնի չէ. էթիկայի հանձնաժողովի նիստերը ընթանում են դռնփակ: Հայտնի է միայն, որ այդ քվեարկությանը չի մասնակցել հանձնաժողովում ՀՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը: Համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի` պատգամավորը չի կարող հանձնաժողովի անդամի կարգավիճակով մասնակցել հանձնաժողովում հարցի քննարկմանը, եթե հանձնաժողովը քննում է նրա հարցը: Դավիթ Հարությունյանը արտահերթ նիստին չմասնակցած 83 պատգամավորներից մեկն էր, և այս հիմնավորմամբ էր  հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը Հարությունյանին արգելել մասնակցել հարցի քննարկմանը:   Դրանից հետո Դավիթ Հարությունյանը հայտարարություն տարածեց նիստի ապօրինի լինելու մասին` ասելով, որ ինքը կարող էր որպես հանձնաժողովի անդամ մասնակցել նիստին` նոյեմբերի 21-ի արտահերթից բացակայած մյուս 82 պատգամավորների մասով. oրենքը որևէ կերպ չի սահմանափակում մնացած 82-ի մասով հարցի քննարկմանը մասնակցելու իր իրավունքը: Ըստ Դավիթ Հարությունյանի հայտարարության` Նիկոլ Փաշինյանը խախտել է ԱԺ կանոնակարգ-օրենքը, համաձայն որի պատգամավորը իրավունք ունի օրենքով սահմանված կարգով ելույթ ունենալ, հարց տալ ու առաջարկություն անել Ազգային Ժողովի և հանձնաժողովների նիստերում և պարտավոր է մասնակցել դրանց: Հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը պատասխան հայտարարությամբ հանդես չեկավ, բայց լրատվամիջոցներով, բնականաբար, հերքեց ապօրինի նիստ անցկացնելու` Դավիթ Հարությունյանի հայտարարությունը. «Մեր օրակարգում 83 հարց չկար ընդգրկված, որ պարոն Հարությունյանը 82-ի քննարկմանը մասնակցեր, մեկի քննարկմանը` ոչ: Տվյալ թեմայի վերաբերյալ կար մեկ հարց, որը նաև Դավիթ Հարությունյանի հարցն էր, և ըստ ԱԺ կանոնակարգի` Դավիթ Հարությունյանը չէր կարող մասնակցել այդ  հարցի քննարկմանը»: Թե ինչպես կանդրադառնա այս միջադեպը էթիկայի հանձնաժողովի հետագա գործունեության վրա, դժվար է ասել: Ակնհայտ է, սակայն, որ խորհրդարանական մեծամասնություն կազմող «Հանրապետականն» ու «Օրինաց երկիրը» այս հանձնաժողովում փոքրամասնություն են. մյուս 4 անդամները խորհրդարանական ընդդիմության` ՀԱԿ-ի, «Ժառանգության», ՀՅԴ-ի և իրեն այլընտրանք հայտարարած ԲՀԿ-ի ներկայացուցիչներն են, ու պատահական չէր, որ այն, ինչ կատարվեց էթիկայի հանձնաժողովում, լրատվամիջոցներում Դավիթ Հարությունյանը անվանել էր «քաղաքական հաշվեհարդար» ու խոստացել, որ խորհրդարանական մեծամասնությունը հարցը կդարձնի լուրջ քննարկման առարկա և փոփոխություն կկատարի օրենքում: Ազգային Ժողովի հերթական նստաշրջանը ավարտված է, մնացել է միայն մեկ արտահերթ` հրավիրված կառավարության կողմից, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ի այս որոշումը կարող է իրագործվել միայն ԱԺ գարնանային նստաշրջանում կամ նախագահական ընտրություններից հետո: Կհասցնի՞ էթիկայի հանձնաժողովը այս ընթացքում ավարտել Ռուստամյանի դիմումի քննությունը և որոշում կայացնել ՀՀԿ-ական և ՕԵԿ-ական պատգամավորների բացակայությունների հարցով. հարզիվ թե:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները