Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Պաշտպանին պակասում է վճռականությունը

Պաշտպանին պակասում է վճռականությունը

Հարցազրույց ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի հետ:

- Պարոն Ջհանգիրյան, ինչո՞ւ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին հորդորեցիք հրաժարական տալ: Կարծում եք՝ նա իսկապես ի զորու չէ՞ կրել այդ «ծանր բեռը»:

- Սա Պաշտպանի երրորդ զեկույցն է: Ես նախորդ տարիների զեկույցների ներկայացման ժամանակ ելույթով հանդես չէի եկել՝ մտածելով, թե առաջին կամ երկրորդ տարին է, և Պաշտպանը դեռ պետք է ուսումնասիրի իր ոլորտը, լիազորությունների շրջանակը, հարմարվի իր պաշտոնին, որպեսզի հասկանանք՝ լիարժեք կարողանո՞ւմ է տիրապետել իր լիազորություններին: Բայց նրա պաշտոնավարման չորսուկես տարին արդեն անցել է, ու տեսնում ենք, որ տրաֆարետային զեկույցներն ամեն տարի կրկնվում են: ՄԻ պաշտպանը, ունենալով լուրջ լծակներ, դրանք չի գործադրում:

- Ո՞ր լծակները նկատի ունեք:

- Մեղավորներին քրեական, վարչական, կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններ ներկայացնելու, մամուլին օգնության կանչելու, հարցը հանրայնացնելու, մեղավորների, թերացում կատարողների տվյալները հրապարակելու, իր նկատմամբ արհամարհական վերաբերմունք դրսևորող պետական մարմինների ու պաշտոնատար անձանց խնդիրներով նրանց պատասխանատվության կանչելու միջնորդությամբ իրավապահ մարմիններին դիմելու լիազորությունները չի իրականացնում: Ինքն իրեն արհեստականորեն սահմանափակել է քրեական գործերի ընթացքում կատարվող տասնյակ ու հարյուրավոր չարաշահումների մասին բարձրաձայնելուց: Ինքն իր լիազորություններն ամբողջ ծավալով չի իրականացնում, և դրա համար որևէ մեկը մեղավոր չէ: Նա անձեռնմխելի է, պետության կողմից պաշտպանվում է, պետբյուջեից պատշաճ ֆինանսավորում ու բարձր աշխատավարձ է ստանում: Նա ունի Եվրոպայի ժողովրդավարական երկրների մարդու իրավունքների պաշտպանին բնորոշ բոլոր լիազորությունները, որոնք լիարժեք չի կենսագործում: Հավանաբար համարձակությունը կամ վճռականությունն է պակասում: Իսկ որքա՞ն սպասի այն մարդը, ում իրավունքներն աջուձախ ոտնահարվում են:

- Երբ Կ.Անդրեասյանին հարց է ուղղվում, թե հանրային հնչեղություն ունեցող հանցագործությունների դեպքում իր ձայնը լսելի չէ կամ պայքարը նկատելի չէ, նա հակադարձում է, թե Պաշտպանի մասին օրենքը թույլ չի տալիս նախաքննության կամ հետաքննության փուլում միջամտություններ անել:

- Նա շատ սխալ է մեկնաբանում: Նա միակ պետական պաշտոնյան է, ով գիտակցաբար նեղացնում է իր լիազորությունները: Հավանաբար այդ ոլորտներ նրան թույլ չեն տալիս մուտք գործել, ու ինքն էլ ստիպված այդպես է մեկնաբանում, որ դեմքը փրկի: Իրականում նա չի կարող միջամտել միայն դատարանի կողմից լուծվող հարցերի դեպքում: Իսկ միջդատական վարույթում բոլոր հարցերը չեն, որ դատարանն է լուծում: Քննիչն է նման հարցերը լուծում, գործը հսկող կամ վերադաս դատախազն է լուծում:

- ՄԻ պաշտպանը նշում է, թե զարգացած երկրների իր գործընկերներն իրեն խորհուրդ են տալիս աշխատանքում էմոցիոնալ չլինել, լինել հավասարակշռված: Ասում է նաև, որ իր զեկույցներն այնքան սուր են, որ իր եվրոպացի գործընկերներին հաճախ «շոկի մեջ են գցում»:

- Համենայնդեպս ես վստահ եմ, որ նրա զեկույցները երկար-բարակ լոլոներ են: Նույնիսկ իշխանության ներկայացուցիչներն ասացին՝ եղբայր, պետք չէ 500 էջ գրել: Դուք չգիտե՞ք, որ ոչ մեկը չի կարդում մեծածավալ զեկույցներ: Հո դրանք Ալեքսանդր Դյումայի վեպերը չե՞ն:

- Այնուամենայնիվ՝ Ձեր կարծիքով ՄԻ պաշտպանի ինստիտուտը գոյության 10 տարիների ընթացքում կայացե՞լ է կամ ի՞նչ զարգացում է ապրել:

- Որքան էլ ես վատ հիշողություններ ունենամ նախկին պաշտպան Արմեն Հարությունյանի մասին, քանի որ նրա պաշտոնավարման տարիներին էր, որ մենք հայտնվել էինք քաղբանտարկյալի կարգավիճակում, ամեն դեպքում նա համարձակություն ուներ, նա միջամտում էր: Դրա համար առաջացրեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ անհաջող կադր լինելու հայտնի արձագանքը: Ամեն հաջորդ պետք է նախորդի արածի վրա ավելացնի, ոչ թե հետ գնա: Ցավոք, այս դեպքում մակուլատուրան է շատանում, բայց լուծվող խնդիրներ չեմ տեսնում: Լուծում չեմ տեսնում այդ 500 էջի մեջ:

- Ձեր կարծիքով մեր հանրությանն անհրաժե՞շտ է օմբուդսմենի ինստիտուտը, մարդիկ գիտակցո՞ւմ են իրենց իրավունքների խախտումների դեպքում Պաշտպանին դիմելու անհրաժեշտությունը:

- Կարծում եմ, որ լավ էլ անհրաժեշտ է: Ես չեմ ասում, թե ՄԻ պաշտպանը պետք է ընդդիմությանը պաշտպանի, իշխանության մարդկանց էլ պետք է պաշտպանի: Նա մարդուն պետք է պաշտպանի: Նրա սահմանադրական կոչումը մարդու՝ պետական կառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից խախտված իրավունքները պաշտպանելն է: Ի՞նչ է, այդ մարմիններն իրավունք չե՞ն խախտում: Առավոտից երեկո խախտում են: Նախկինում Հայաստանում կար հարյուր դատավոր, ովքեր հասցնում էին լուծել բոլոր վեճերը: Հիմա ունենք 250 դատավոր, բայց դատարանները հեղեղված են վեճերով: Դա նրանից է, որ մարդու իրավունքներն աջուձախ ոտնահարվում են: Որևէ պաշտոնյա չի վախենում, որ իրեն պատասխանատվության կկանչեն:

Բայց ՄԻ պաշտպանն այդ հարցերը միայն իր լիազորություններով չէ, որ պետք է լուծի: Որքան էլ կարևորեմ դրանք, բայց նա պետք է նաև իրավաբանական աշխարհում, իրավապահ մարմիններում, հասարակության մեջ ունեցած իր հեղինակությամբ առաջ մղի այդ լիազորությունները: Նրա հիմնական զենքը պետք է լինի իր խոսքի ուժը, իր հեղինակությունը:

Քվեարկության պատմություն

Ջհանգիրյան Գագիկ Վրեժի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Ջհանգիրյան Գագիկ «Հայ ազգային կոնգրես» 393 154 196 73 148 84 61
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները