Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Նորին մեծություն Սահմանադրությունը 3

Նորին մեծություն Սահմանադրությունը 3

Կամ ում գխին է իջնում «արդարադատության» մուրճը

Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող,
անհաստատ, հակառակող։ Եվ առհասարակ սերն ու ամոթն ամենքից վերացած։
                                                                                                Մովսես Խորենացի

Գերագույն դատարանը հրամայել է ձերբակալել վարչապետին, Գերագույն դատարանը վերջերս մեղադրել է կառավարությանը մի շարք հանցագործություններում եւ պահանջել, որ նախագահն ու վարչապետը հրաժարական տան, Գերագույն դատարանի նախագահը, որին նախագահը պաշտոնանկ էր արել լիազորությունները վերազանցելու եւ չարաշահումների համար, փաստաբանական հանրության ակտիվ միջամտության շնորհիվ Դատավորների գերագույն դատական խորհրդի կողմից վերականգնվել է պաշտոնում։ Սրանք Պակիստանում գործադիր եւ դատական իշխանությունների միջեւ պայքարի մասին լուրերից հատվածներ են, իսկ Գերագույն դատարանի նախագահին պաշտոնանկելու անհաջող փորձի հեղինակը այս երկրում ռազմական հեղաշրջում իրականացրած Փերվեզ Մուշարաֆն էր։ Ահաբեկչությունների եւ խժդժությունների, ռազմական հեղաշրջումների բովով անցնող այս երկրում դատավորները փորձում են պահպանել իրենց իշխանությունը եւ գործադիր, նաեւ ռազմական իշխանությանը ձեռնոց են նետում։ Սա այս երկրում բրիտանական գաղութատիրությունից մնացած ժառանգություն է։ Ցավոք՝ ոչ պարսկական, ոչ թուրքական, ոչ ռուսական տիրապետությունները մեր երկրում դատական իշխանության ավանդույթ չէին կարող ստեղծել, դա պետք է աներ անկախ Հայաստանը։

1995 թվականի Սահմանադրությամբ ձեւավորվող Արդարադատության խորհուրդը չէր կարող դատական համակարգի համար անկախություն ապահովել, ու նախեւառաջ այն պատճառով, որ այն ղեկավարում էր ՀՀ նախագահը, իսկ փոխնախագահները արդարադատության նախարարն ու գլխավոր դատախազն էին։ 2005-ի սահմանադրական փոփոխություններից հետո արդեն Արդարադատության խորհուրդը ղեկավարում էր վճռաբեկ դատարանի նախագահը, նաեւ դատավորների ընդհանուր ժողովն ընտրում էր խորհրդի ինը անդամի։ Կարծես թե՝ դատական իշխանության անկախության ապահովման օրենսդրական հիմքերը դրվել էին եւ այժմ խոսքը դատավորներինն էր։ Սակայն, իրենց իշխանության դեմ ամենաշատը անցած տասնամյակում, կարծես, պայքարում էին հենց դատավորները՝ մոռանալով, որ իրենք իշխանության կրողն են եւ այդ իշխանության գործողությունների պատասխանատուն հենց իրենք են, այլ ոչ թե հանրապետության նախագահը։ Սակայն դատական մեր համակարգում հոռի ավանդույթներին հետեւելու ցանկությունն ավելի մեծ էր, քան՝ անկախ պետականությանը ծառայելու մղումները։

Ցանկացած իրավաբանի համար դատավոր, էլ չեմ ասում դատարանի նախագահ, նշանակվելը մասնագիտական կարիերայի գագաթնակետն է, դատավորի պատմուճանը իրավաբանի համար նույնն է, ինչ զինվորի համար գեներալական կամ մարշալական աստղը։ Սակայն ոչ Հայաստանում։

2005 թվականը 36-ամյա իրավաբան Տիգրան Մուկուչյանի մասնագիտական կարիերայի համար, կարծես պետք է լիներ դեպի դատական իշխանության Օլիմպոս առաջին քայլը։ Նա նշանակվել էր քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ, իսկ երեք տարի անց՝ ՀՀ վարչական դատարանի, եւս երկու տարի անց վարչական վերաքննիչ դատարանի նախագահ։ Եվ նման առաջխաղացումից հետո 2011-ին դատավորի անփոփոխելի պաշտոնից Տիգրան Մուկուչյանը հրաժարական է տալիս, որպեսզի դառնա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ՝ վեց տարի ժամկետով։ Ի՞նչ է սա, եթե ոչ Հայաստանում դատական իրական իշխանության լավագույն վկայությունը, երբ ԿԸՀ նախագահի պաշտոնն ավելի բարձր է, քան՝ վերաքննիչ դատարանի նախագահինը։
Գուցե Տիգրան Մուկուչյանի նման քայլի համար նշանակություն էին ունեցել 2007 թվականի իրադարձություննե՞րը, որոնք դատական համակարգից դատական իշխանության անցման ջրբաժանն էին եւ որը Հայաստանի դատավորներն այդպես էլ չկարողացան հաղթահարել։

2007-ի հոկտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով դադարեցվեցին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանի լիազորությունները։ Դրանից մեկ օր առաջ Արդարադատության խորհուրդը նման միջնորդություն էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին։ Սակայն վերջինս չօգտագործեց իրեն հատկացված երկշաբաթյա շրջանը՝ միջնորդությունը քննարկելու համար, քանի որ լավ էինք հասկանում, որ Օհանյանի պաշտոնանկության հարցը որոշվել էր ոչ թե Արդարադատության խորհրդում, այլ՝ Բաղրամյան 26- ում։ Անկախ նրանից, թե ինչպիսի խախտումներ էին հայտնաբերվել դատավորի նախկին տարիների գործերում, պարզ էր, որ նման որոշման պատճառը «Ռոյալ-Արմենիա»-ի գործով արդարացման դատավճիռ էր։

Մաքսային մարմինների հետ այս ընկերության խնդիրների պատմությունը մամուլի էջերում էր, շատերը հասկանում էին, որ այս գործն ավարտվելու է մաքսայինի ղեկավարների, այդ թվում նաեւ ֆինանսների ներկայիս նախագահ Գագիկ Խաչատրյանի հաղթանակով, որոնց սուրճ ներկրող ընկերության ներկայացուցիչները մեղադրում էին իրենց շուկայից դուրս մղելու կամ պետական ռեսուրսների օգտագործմամբ ռեկետի մեջ։ Ու այս պայմաններում՝ Պարգեւ Օհանյանի արդարացնող դատավճիռը իշխանությունը, եւ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանն ընդունեց որպես համակարգում անհնազանդության դրսեւորում, որը պետք է խստորեն պատժվեր... եւ պատժվեց։ Դատավոր Պարգեւ Օհանյանին, կամ ավելի ճիշտ՝ իշխանությանը դուր չեկած նրա վճիռը պետք է պաշտպանեին նրա գործընկեր դատավորները որպես երրորդ իշխանության անկախության երաշխավորներ, սակայն այս պայքարում դատական «իշխանությունը» Հայաստանում ոչ տեր ուներ, ոչ՝ փաստաբան։

Հետո արդեն Պարգեւ Օհանյանը հասկացավ, թե որքան դաժան կարող է լինել հայրենի իշխանությունն իր նկատմամբ, եւ երկար դեգերումներից հետո կապիտուլյացիայի ենթարկվեց՝ համալրելով ՀՀԿ շարքերը։ Սակայն այս պատմությունը ոչ միայն, եւ ոչ այնքան անհատների (այդ թվում նաեւ հետագայում ազատազրկման դատապարտված «Ռոյալ Արմենիայի» ղեկավարների), այլ նախեւառաջ Հայաստանի դատական չիրացված իշխանության ողբերգության պատմությունն էր։

Պատահական չէր, որ հիշեցի անկախ Հայաստանի պատմության համար կարեւորագույն այս էջը, քանի որ գործադիր կամ օրենսդիր իշխանությունների արդյունավետությունն է որոշվում մարդկանց կենսամակարդակով ու վիճակագրությամբ, դատական իշխանության արդյունավետությունը որոշվում է կոնկրետ օրինակներով։

Պարզ էր, որ մինչեւ այս պատմությունն էլ հասարակության մեջ արդեն հեղինակություն չունեցող դատավորներն էլ ավելի հեղինակազրկվեցին, ինչը բխում էր հենց Հայաստանի նախագահական (սահմանադրական փոփոխություններից հետո արդեն վարչապետական) «բացարձակ» իշխանության շահերից։

Արդեն 2008-ի քաղաքական դատավարությունների ժամանակ հստակ էր, որ դատարանները կայացնելու են Բաղրամյան 26- ում հաստատված որոշումները, իսկ ճաղերի հետեւում գտնվող քաղաքական գործիչների՝ դատարանի եւ դատավորի նկատմամբ արհամարհական վերաբերմունքը չէին կարող չեզոքացնել ոչ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին շւտափույթ ընդունված պատժիչ օրենքները, ոչ էլ դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից դրանց կիրառումը։ Ու հասկանալի էր, որ նույն դատարանի նկատմամբ հարգանքը չէր ավելացնելու նաեւ Հայկ Կյուրեղյանի գործով դատավոր Արմեն Բեկթաշյանը, որը դատավարություն էր իրականացնում առանց ամբաստանյալի ու նրա նշանակած փաստաբանի։ Նման բան անգամ խորհրդային դատական պրակտիկայում (բացառությամբ ստալինյան շրջանը) դժվար հանդիպի։ Հիշեցման կարգով միայն ասեմ, որ Հայկ Կյուրեղյանը Շանթ Հարությունյանի դատավարության ժամանակ դատարանի բակում ի նշան բողոքի օդ էր կրակել։

Սրանք հայաստանյան դատական կյանքից այն հիշարժան դրվագներն են, որոնք ցույց են տալիս, թե դատական ինչ իշխանություն մենք ունենք եւ ինչպես են դատավորներն իրենք հրաժարվում իրենց իշխանությունից։

Աշխարհի որոշ երկրներում դատական իշխանության իրացմանն ակտիվորեն մասնակցում է հասարակությունը՝ երդվյալ ատենակալների միջոցով։ Այդ երկրներում հասարակությունը հենց իր ներկայացուցիչների միջոցով է ցանկանում իրականացնել արդարադատությունը՝ խուսափելու համար դատավորների միանձնյա որոշումներից։ 1995 թ սահմանադրության մեջ ընդունելի էր համարվում Հայաստանում երդվյալների ինստիտուտի ներդրումը։ Սակայն ոչ դատավորները, ոչ էլ դատախազությունում ու իրավապահ մարմիններում նրանց գործընկերները նման ինստիտուտին համաձայն չէին։ Բացատրությունը շատ պարզ էր. Հայաստանի նման փոքր երկրում դժվար է գտնել 12 ատենակալ (ավելի փոքր թվով ատենակալների հարցը չի քննարկվել), որոնցից գոնե մեկը ամբաստանյալին ծանոթ չլինի։ Սակայն անկախ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանի նման փոքր երկրում դժվար է գտնել նաեւ դատավոր, որի որոշումը Հայաստանի պետականության եւ հասարակության համար վճռորոշ պահերին ընդունված լինի «Հանուն Հայաստանի Հանրապետության»։

Մեծ հարց է, թե ո՞րն է ճիշտ՝ հանցագործը «ծանոթ» երդվյալների օգնությամբ ազատվի՞ պատժից, թե՞ դատավոր-դատախազ-քննիչ- պաշտոնյա «ծանոթ- բարեկամության» շնորհիվ անմեղ մարդիկ հայտնվեն ճաղերի հետեւում։ Սրա պատասխանը պետք է որ ժողովուրդը տար, սակայն սահմանադրական առաջիկա հանրաքվեում այս հարցի վերաբերյալ հենց ժողովրդի կարծիքն է, որ իշխանությունը չի էլ փորձելու հարցնել։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները