Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Դեմ ըլլալով՝ կողմ կըլլամ

Դեմ ըլլալով՝ կողմ կըլլամ

Կամ ինչպես է քվեարկում միջին հանրապետական պատգամավորը

Նոյեմբերի 23-ին Ազգային ժողովում անակնկալ տեղի ունեցավ։ Իհարկե, դա այնպիսի անակնկալ չէր, ինչպիսին, ասենք, 2013- ի սեպտեմբերի 3-ինը, երբ Սերժ Սարգսյանը Հայաստանում բոլորի համար անակնկալ հայտարարեց, որ ԵՄ հետ Ասոցացման երկու տարվա բարեհաջող բանակցությունների արդյունքում միանում ենք... ԵՏՄ-ին։ Այս անգամ անակնկալն այն էր, որ նոյեմբերի 23-ին ԱԺ խոսափողից հարց տվեց ԱԺ հանրապետական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը։ ՄԱՊ ՍՊԸ սեփականատերը մինչ այս 8-րդ նստաշրջանում ոչ մի հարց չէր տվել, ոչ մի ելույթ չէր ունեցել։ Ընդհանրապես՝ այս գումարման ԱԺ- ում հանրապետական գործարար պատգամավորն ընդամենը երեք անգամ է հարց ունեցել։

Իսկ վերջին հարցը վերաբերում էր ԵՏՄ շրջանակներում ներմուծման ու արտահանման գործընթացին։ «Երբ մենք ապրանքներն ուղարկում ենք Ռուսաստան, ինչ-ինչ պատճառներով հետ է գալիս, կրկնակի ԱԱՀ-ով հարկվում է: Այսինքն մի հատ ԱԱՀ Ռուսաստանում է մուծվում, այդ ապրանքները ինչ-ինչ պատճառներից ելնելով, երբ 50 օր հետո հետ են գալիս Հայաստան, Հայաստանի սահմանի վրա էլ է ԱԱՀ-ով հարկվում: Նման բան առաջ չկար»,- ասաց պատգամավորը: Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սամվել Կարայանը փորձում էր հանգստացնել... աշխատանքային կարգով այս հարցի վերաբերյալ քննարկումներ եղել են, Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ դեկտեմբերի 21-ին կայանալիք ԵՏՄ բարձրագուն խորհրդի նիստում արձանագրություն կստորագրվի և փոփոխություն կկատարվի ԵՏՄ մայր օրենքում։

Հույսը՝ հույս, սակայն գործարար պատգամավորը, որը ԱԺ մյուս բոլոր պատգամավորների նման (բացառությամբ «Ժառանգության» 4 եւ ՀԱԿ- ի 1 պատգամավորի) 2014-ի դեկտեմբերի 4-ին վավերացնում էր Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագիրը՝ հուսալով, որ 170 միլիոնանոց շուկան նաեւ իրենն է լինելու, փաստորեն հուսահատության ճիչ էր արձակում։ Իհարկե, սա չի նշանակում, որ արդեն հաջորդ օրը՝ նոյեմբերի 24-ին նա կողմ չպետք է քվեարկեր ԵՏՄ-ին առնչվող երկու փաստաթղթերի օգտին։

Ալեքսան Պետրոսյանը ԱԺ միջին հանրապետական պատգամավոր է. ստեղծված իրավիճակից այնքան էլ գոհ չէ, գուցե նաեւ դժգոհ է, սակայն կողմ է քվեարկում կառավարության բոլոր նախագծերին։ ԱԺ 8-րդ նստաշրջանում նրա «կողմ» քվեարկությունները կազմում են 100 տոկոս։ Իհարկե, նա, ինչպես եւ մյուս հանրապետական միջին պատգամավորները, միշտ չէ, որ կողմ են քվեարկում։ Օրինակ Պետրոսյանը՝ մյուս հանրապետականների նման, այս գումարման խորհրդարանում դեմ է եղել բոլոր այն նախագծերին, որոնք ներկայացրել է ընդդիմությունը, այդ թվում՝ աղմկահարույց Կառավարման ճգնաժամի (2015- թ. փետրվարի 25), Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը բացառող (2013-թ. դեկտեմբերի 4), Գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող (2014- թ. փետրվարի 5), Նաիրիտի հարցով (2014 թ. փետրվարի 26), «Մարտի 1-ի» (2014 թ. մարտի 10) հանձնաժողովների ստեղծման առաջարկներին։

Այս դեպքերում նա դեմ է քվեարկել, անգամ չի փորձել պարզել, թե ինչու ընդդիմությունը «ոչ կարեւոր այս հարցերով» խորհրդարանի թանկագին ժամանակն է վատնում, բայց երբ խնդիրը վերաբերում է սեփական շահերին, ապա գործարար պատգամավորը չի կարող լռել։ Ահա թե ինչով է հանրապետական գործարար պատգամավորը տարբերվում ոչ գործարարից։ Նա խոսում է, երբ խնդիրն իրեն կամ իր գործարար կապերին է վերաբերում։ Իսկ ոչ գործարարները խոսում են՝ շատ անգամ չկարեւորելով, թե կառավարության կամ ՀՀ նախագահի որ առաջարկն են պաշտպանում։

Վերադառնալով ԵՏՄ անդամակցության հետ կապված օրենսդրական գործընթացին՝ արձանագրենք, որ ոչ կառավարությունը, ոչ առավել եւս ԱԺ-ն այնքան էլ չեն հասկանում, թե ինչն է պետք փոխել, ինչու է պետք փոխել, դրա դրական եւ բացասական հետեւանքները որոնք են։ Սա մի գործընթաց է, որը տեղի է ունենում Հայաստանից անկախ եւ Հայաստանից հեռու, դե իսկ հանրապետական պատգամավորները պետք է կողմ քվեարկեն, եթե անգամ դեմ են դրան։ Ինչպես Մեծն Պարոնյանը կասեր. «Դեմ ըլլալով` կողմ կըլլամ»։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները