Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Քաղաքական դեմագոգիայի քառուղիներով

Քաղաքական դեմագոգիայի քառուղիներով

2015 թվականն աչքի ընկավ քաղաքական դեմագոգիայի մինչ այս չդրսեւորված հրավառությամբ։ Ազգային ժողովի ձեւավորման 20-րդ տարում կարող ենք արձանագրել, որ արդեն պատմություն են խորհրդարանական այն հետաքրքիր եւ գաղափարական բանավեճերը, որոնց ականատեսն էինք 1990-ականներին՝ Գերագույն խորհրդում, ապա, ավելի քիչ, առաջին գումարման Ազգային ժողովում։

Հետագայում ձեւավորեց մի այնպիսի միջավայր, որն ավելի շատ բանավեճի իմիտացիա է հիշեցնում։ Ազգային ժողովի  առօրյայից այսօր կարելի է հիշել միայն խորհրդարանական սկանդալները, իսկ քաղաքական բանավեճը եւ խորհրդարանական ակտիվությունն արդեն իմիտացիա են։

Այս առումով 8-րդ նստաշրջանում առանձնանում էր հատկապես «Օրինաց երկիրը», որը կարծես ժամանակից շուտ սկսել է պատրաստվել խորհրդարանական ընտրությունների՝ փորձելով տեղ զբաղեցնել ընդդիմադիր հարթակում։ Այս խմբակցության պատգամավորներն ամենաակտիվն են, նրանք անընդհատ հարցեր ունեն, օրակարգի բոլոր հարցերի մասին ելույթներ են ունենում, եւ կարեւոր չէ, թե ինչ են ասում, այլ՝ միայն երեւան, միայն տպավորություն ստեղծեն, թե մտահոգ ու պատասխանատու են։ Այս գումարման խորհրդարանում այս խմբակցության վարքագիծը լրջագույն փոխակերպումների է ենթարկվել, որը ցույց է տալիս նաև parliamentmonitoring-ի վիճակագրությունը։

Այսպես՝ 5-րդ գումարման խորհրդարանի աշխատանքի սկզբում ՀՀԿ- ի հետ կոալիցիոն կառավարոության մաս կազմելով՝ ասենք 2- րդ նստաշրջանում (2012թ. սեպտեմբեր- դեկտեմբեր), ՕԵԿ-ի կողմ քվեարկությունները կազմել են 91%, դեմերը՝ հազիվ 2%, մինչդեռ կոալիցիայից դուրս գալուց հետո պատկերն ամողջությամբ փոխվել է։ 8-րդ նստաշրջանում՝ 2015- ի սեպտեմբեր- դեկտեմբեր ամիսներին, ՕԵԿ-ի կողմերը դարձել են 42%, իսկ դեմերը՝ բարձրացել մինչև 15%։ Եթե դիտարկենք նույն նստաշրջանում ՕԵԿ պատգամավորների ակտիվությունը, ապա ամենաակտիվը Հովհաննես Մարգարյանն ու Հեղինե Բիշարյանն են, մինչդեռ 2- րդ նստաշրջանում նրանց ձայնը հազվադեպ կարելի էր լսել։ Այս նստաշրջանում Մարգարյանն ունեցել է 39 հարց, 31 ելույթ՝ 2- րդ նստաշարջանի 4 հարց, 3 ելույթի դիմաց, իսկ Բիշարյանը՝ 33 հարց 30 ելույթ՝ 1-ական հարց ու ելույթի դիմաց։

Ոչ պակաս փոխակերպումներ կարելի է նկատել նաեւ ԲՀԿ- ում։ Այս կուսակցությունը նույնպես, ըստ երեւույթին, պատրաստվում է ապագա ընտրություններին՝ փորձելով պահպանել գործադիր իշխանության եւ ՀՀԿ- ի բարեհաճությունը։ Իր ընդդիմադիր ամենաբուռն շրջանում՝ 6- րդ նստաշրջանում (2014թ. սեպտեմբեր- դեկտեմբեր), այս խմբակցության կողմ քվեարկությունները կազմում էին 34%, այս տարվա գարնանային նստաշրջանում՝ փետրվարի 12- ի՝ Սերժ Սարգսյանի՝ «Դոդի Գագո» ձեւակերպմամբ «քաղաքական» հայտարարությունից հետո ԲՀԿ կողմերը հասան 41, իսկ արդեն աշնանային նստաշրջանում՝ 56%-ի։ Թեեւ այս խմբակցությունը, ըստ էության, շարունակում է մնալ նույն կարգավիճակում, սակայն քվեարկության պատկերն է փոխվում։

Այստեղ հատկապես հետաքրքիր է 2016- ի բյուջեին կողմ քվեարկության՝ ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանի բացատրությունը։ «Արտաքուստ թվում է, որ հանրապետությունում կան լրջագույն մարտահրավերներ, սպառնալիքներ և կարծում եմ, որ դա ճշմարտության մաս ունի, սակայն եթե մենք տոգորվենք, պարուրվենք բացասական սպասումներով, անընդհատ բացասականի մասին խոսենք, գնանք ժողովրդից ստանանք բացասական լիցքեր, մենք ընդհանրապես չենք կարող առաջ շարժվել»։ Եվ սա ասում է մի պատգամավոր, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ նույն տնտեսական իրավիճակում, նշում էր, որ Հայաստանի ապագան իրական սեկտորի զարգացումն է, գիտության եւ արդյունաբերության փոխգործակցումն ու ինովացիաներն են, իսկ «հերթական բյուջեի (2015-խմբ.) նախագիծը դրա համար հնարավորություններ չի տալիս»։ 2016-ի բյուջեն առավել եւս չէր տալիս, բայց ԲՀԿ-ն ակտիվորեն պաշտպանեց այն։

Ուինսթոն Չերչիլն ասում էր. «Քաղաքական գործիչները մտածում են ապագա ընտրությունների, պետական գործիչները՝ երկրի ապագայի մասին»։ Հասկանում ենք, որ պետական գործիչներ չունենք, բայց չունենք նաեւ ընտրություններ, ուստի մնում է միայն հասկանալ, թե ինչ գործիչներ ունենք։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները