Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Քառօրյա պատերազմն իրավիճակ է փոխել

Քառօրյա պատերազմն իրավիճակ է փոխել

«Հրահանգել եմ արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ»,- ապրիլի 4-ին Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը:

Ապրիլի 2-ից Ադրբեջանը ռազմական լայնածավալ գործողություններ էր սկսել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ կիրառելով իր ողջ զինանոցը՝ զրահատեխնիկայից մինչև օդուժ:

Ավելի ուշ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողներին հայտնեց, որ ռազմական փոխօգնության պայմանագիրն արդեն մշակվում է և շուտով կներկայացվի ԱԺ:

Խորհրդարանական գրեթե բոլոր ուժերը կարծում են, որ քառօրյա պատերազմից հետո ԼՂՀ-ի հետ նման պայմանագրի կնքումն անհրաժեշտություն է:

Հեռանկարում՝ ԼՂՀ անկախության ճանաչումը

«Եթե ռազմական գործողությունները շարունակվեն ու ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- նույն հանդիպման ժամանակ ասել էր Ս.Սարգսյանը:

Եթե նախկինում քաղաքական ուժերի մեծ մասը կտրուկ մերժում էր ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հեռանկարը, այսօր արդեն չեն խուսափում դրա հնարավորությունը կամ նպատակահարմարությունը բարձրաձայնելուց:

Նախորդ տարիներին ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին նախագիծ մի քանի անգամ շրջանառության մեջ դրվել է «Ժառանգություն» խմբակցության կողմից, բայց մերժվել՝ այն հիմնավորումով, որ քայլը ժամանակավերպ է և կտապալի բանակցային գործընթացը:

Վերջ, նախկին մտածելակերպն ուղարկում ենք գրողի ծոցը

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ԼՂՀ-ի հետ ռազմական փոխօգնության պայմանագիրը մշակման փուլում է: Ընդ որում, պայմանավորված իրադարձությունների զարգացմամբ, պատրաստվում է մի քանի տարբերակներով: Բայց թե երբ կներկայացվի խորհրդարանի քննարկմանը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը դժվարացավ պատասխանել: Իսկ հնարավո՞ր է, որ նախագիծն ընդհանրապես ԱԺ չներկայացվի. կարծիքներ կան, որ Հայաստանին այս քայլը կարող է «թույլ չտրվել»: «Խնդրում եմ չկենտրոնանալ մեկ պետության վրա, հարցն ամբողջ միջազգային հանրության հետ բանակցային փուլում է: Մեր հույսը պետք է մեզ վրա դնենք, իսկ մենք ամուր ենք»,- պատասխանեց Վ.Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է ԼՂՀ անկախության ճանաչմանը, ապա Բաղդասրայանի կարծիքով՝ վերջին զարգացումներից հետո հարցը պետք է օրակարգ բերել: «Միայն թե այդ ճանաչումը ոչ միայն ՀՀ-ի, այլև միջազգային հանրության կողմից պետք է լինի, որպեսզի այսպիսի ոտնձգություններ չլինեն»,- հավելեց նա:

ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համոզված է, որ պահը լավագույնն է ԼՂՀ-ի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու, նաև ԼՂՀ անկախությունը ճանաչելու համար: «Միթե չե՞ք հասկանում, որ հակառակորդ կողմը մտածում է հարցը միմիայն ռազմական ճանապարհով լուծելու, Ղարաբաղում նոր ցեղասպանություն կազմակերպելու մասին: Այլապես մենք պետք է անընդհատ մուրանք մեր կյանքը մեկ այլ պետությունից: Մարդիկ կհասկանան, որ Արցախն այլևս Հայաստանն է, ԼՂՀ-ն պետք է դառնա Հայաստանի անբաժանելի մաս: Մեր հոգեկան միասնականությունը պետք է փոխարինվի քաղաքական միասնականությամբ: Չե՞ք հասկանում, որ այս վերջին պատերազմից հետո վիճակ է փոխվել: Վերջ, նախկին մտածելակերպն ուղարկում ենք գրողի ծոցը»,- ասում է նա:

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ կարծում է, որ հայկական երկու պետությունների միջև ռազմական փոխօգնության պայմանագիր վաղուց պետք է կնքվեր: «Իհարկե, դրանով չէ, որ պետք է ավելանա ՀՀ քաղաքացիների օգնությունը կամ մեր կամավորների եռանդը, բայց փաստաթուղթն իրավական տեսանկյունից հանդես գալու հստակ հնարավորություն կտա: Դա նաև ՀՀ-ի նկատմամբ պայմանագրային հստակ պարտավորություններ ունեցող պետությունների համար նոր պարտականություններ կառաջացնի: Մասնավորապես՝ ՀԱՊԿ անդամ երկրների, ՀՀ ռազմավարական գործընկեր ՌԴ-ի, որն ուղղակիորեն 1997թ. կնքված պայմանագրով պարտավոր է նպաստել ՀՀ անվտանգության և խաղաղության պահպանմանը: Իսկ ԼՂՀ և ՀՀ անվտանգությունն անթույլատրելի է տարանջատել»,- ասում է պատգամավորը:

Վերջինի կարծիքով՝ ԼՂՀ անկախության ճանաչման քայլին պետք է գնալ ծայրահեղ դեպքում, քանի որ այս փուլում այն կարող է խոչընդոտ լինել բանակցային գործընթացում հայկական կողմի մոտեցումների իրացմանն ու միջազգային հարթակներում այդ գործընթացի առջխաղացմանը: «Այս փուլում դեռևս բանակցային գործընթացից սպասելիքներ կան: Նախ՝ պետք է փորձել հասնել այն բանին, որ ԼՂՀ անկախությունը ճանաչեն մյուս երկրները: Ես ամենաերջանիկ մարդը կլինեմ, երբ Հայաստանը վերջին ճանաչողը լինի»,- հավելեց Քոքոբելյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն էլ ավելացնում է, որ եթե այս պահին ԼՂՀ անկախության ճանաչման հարցը դե յուրե չի դրվում, ապա ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումը պարտադիր է, որպեսզի ՀՀ-ն՝ որպես երաշխավոր, ԼՂՀ-ի նկատմամբ պաշտոնական պարտավորություններ ստանձնի: «Դա ներքին ցուցադրման համար չէ, պաշտոնական դիրքորոշում է արտաքին հարթակներում հանդես գալու համար»: Ինչ վերաբերում է ԼՂՀ անկախության ճանաչմանը, ապա քայլն, ըստ Մելքումյանի, կախված է իրավիճակի զարգացումներից ու պահի նպատակահարմարությունից. «Կա Մինսկի խումբ, որը դեռ գործում է: Բայց եթե խումբը ցույց է տալիս, որ իրեն սպառել է, այլևս չի կարողանում խաղաղ գոյակցություն ապահովել, բնականաբար, անկախության ճանաչման հարցը կառաջանա»,- եզրափակում է Մ.Մելքումյանը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները