Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ադրբեջանական ագրեսիան եւ հայկական կոռուպցիան

Ադրբեջանական ագրեսիան եւ հայկական կոռուպցիան

Ապրիլի 1-ի լույս 2- ի գիշերը ղարաբաղյան ռազմաճակատում տեղի ունեցող թեժ մարտերի մասին լուրերն սկզբում տագնապ առաջացրին, զարգացումները՝ հպարտություն հայ զինվորի ու նրա ինքնազոհության եւ խիզախության հանդեպ, իսկ արդեն թեժ մարտերին հաջորդած հարաբերական անդորրը՝ տեղի ունեցածի սթափ գնատատական։ Գնահատական, որ այդ գիշեր հայ զինվորի վրա հարձակվել էր եւ ադրբեջանական ասկյարը, եւ հայկական կոռուպցիան։ Ավելի ուշ Գերմանիայում Սերժ Սարգսյանը պիտի խոստովաներ, որ Հայաստանի Զինված ուժերում կռվում են հիմնականում 80-ական թվականների զենքով և վերջին օրերի ռազմական գործողությունները վառ վկայությունն են այն բանի, թե ով, ինչպես է կռվում: «Բայց ուժը զինատեսակի ժամանակակից լինելու մեջ չէ, ավելի ճիշըտ ամբողջովին դրա մեջ չէ: Ուժը տանկերի թվի մեջ չէ, այլ ուժը այն հավատի մեջ է, որ կա ղարաբաղցիների և ընդհանրապես, հայ ժողովրդի մեջ, որ ամեն գնով պաշտպանելու են իրենց հայրենիքը»,- ասել էր ՀՀ նախագահը։

Խոսքն իրոք այս պարագայում տանկերի թվի մեջ չէ, այլ մեր կորուստների։ Եվ ամենեւին մեր կսկիծն ավելի չի մեղմացնում այն, թե թշնամու զոհերն ավելի մեծ են։ Առաջին նախագահն ասում էր, որ վատ ենք ապրելու, քանի դեռ Ղարաբաղի հարցը չենք լուծել, նրան հաջորդողները՝ որովհետեւ ոչ պատերազմ- ոչ խաղաղություն այս պայմաններում բանակ ենք պահում եւ զինում։ Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր վատ ապրելու մեջ ոչ Արցախը, ոչ հայոց բանակը մեղք չունենք, նրանք մեր վատ ապրելու պատճառաբանությունն են լոկ։

Ներկա խորհրդարանի բոլոր խմբակցությունները (անգամ «Ժառանգությունում» իշխանությանը երբեւէ մաս կազմած պատգամավորներ կան) պատասխանատվություն են կրում ստեղծված իրավիճակի համար, ու ամենաամոթալին այն է, որ քաղաքական գործիչները՝ ու առաջն հերթին պատգամավորները, իրար հերթ չտալով հայոց զինվորի կամքի, արիության եւ խիզախության հետեւում փորձում են թաքցնել իրենց ձախողումներն ու տապալումները։ Խոսելով հայ զինվորի մասին՝ նրանք այդպես էլ չեն փորձում բարձրաձայնել, թե ինչու առաջնագծում զոհված մեր զինվորների մեծ մասը, իրենց իսկ քաղաքականության հետեւանքով, ինչպես Իսահակյանը կասեր, «այս աշխարհի խորթ տղերքն են»։

Ուշագրավ է հատկապես ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ՀՀ նախագահի՝ 80-ականների զենքով կռվելու հայտարարության մասին հետեւությունը։ « Ցույց տալ աշխարհին, որ հայ զինվորը 80- ականների զենքով հաղթել է Ադրբեջանին, որն այս տարիների ընթացքում սպառազինվել է»։

Պատմաբան Շարզմանովը շատ լավ գիտի, որ դեռ հեռավոր, Քրիստոսի ծննդից էլ շատ առաջ փոքրիկ մի քաղաք՝ Հռոմը, համաշխարհային տերություն դարձավ ոչ թե իր լեգեոների հերոսության, այլ իր ժամանակի ամենաարդիական ռազմական տեխնոլոգիաներին տիրապետելու շնորհիվ։ Պատմաբան Շարմազանովը շատ լավ գիտի, որ Իսրայելն իր զինվորի արիության, ոգու վրա հույսը դրել էր 1948-49 թվականների արաբա- իսրայելական պատերազմի ժամանակ, բայց արդեն երկրորդ՝ 1967 թվականի վեցօրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո Իսրայելը հենվում է իր զինվորի ոգու վրա, բայց հույսն իր տեխնոլոգիական աննախադեպ զարգացումն է եւ տեխնոլոգիական բանակի ստեղծումը։ Ապրիլին, եթե մենք չունեցանք մեր «վեցօրյա պատերազմը» դրա մեղավորն ամենեւին էլ հայ զինվորը չէր, որ այդ օրերին, եւ ընդհանրապես հրադադարի հաստատմանը հաջորդած 22 տարիներին եւս, ցույց է տվել խիզախության եւ արիության բազմում օրինակներ, այլ այդ տարիների քաղաքական ղեկավարությունը, որ ցույց է տվել պետականաշինության բացառիկ ոչ կոմպետենտության օրինակներ։ Դրանք այն տարիներն էին, երբ աճում, զարգանում էր միայն հայկական կոռուպցիան։

Հասկանում եմ, որ հիմա շատերը կասեն, որ դրա ժամանակը չէ, որ այժմ պետք է համախմբվենք։ Բայց ե՞րբ է գալու երկիրը կարգի բերելու ժամանակը։ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այս հարցին տվել է ոչ հուսադրող պատասխան։ «Սա մոտեցում է, որը նպատակ ունի հակակոնսոլիդացիոն գործընթացներ իրականացնել հասարակության մեջ, որը նպատակ ունի անհամաձայնություն և իրար նկատմամբ անհանդուրժողականություն սերմանել: Ես չեմ բացառում, որ մեր հասարակության ու պետական կառավարման մեքենայի մեջ ունենք դեռևս բավական նեգատիվ երևույթներ, բայց պայքարը դրանց դեմ պիտի լինի շարունակական, պետական մեխանիզմների կատարելագործմամբ և պետական պատիժների անխուսափելիության իմաստով: Եվ սա չպետք է լինի հանրության մեջ անհանդուրժողականություն սերմանելու ճանապարհով»։ Ընդհանուր նման հայտարարություններ են անում բոլոր քաղաքական ուժերը՝ այդպես էլ չպատասխանելով, թե ինչու անցած 22 տարիներին իրենց «շարունակականությունը» եւ «պետական մեխանիզմների կատարելագործումը» որեւէ արդյունք չեն տվել, իսկ «պետական պատիժներից» էլ միշտ խուսափել են խոշոր չինովնիկները։

Պետք է ճիշտ հասկանալ։ Խնդիրը ամենեւին էլ «կուլակաթափությունը» չէ, այլ պարզելը, թե ինչպես է չինովնիկը, որը վերջին 20- 27 տարիներին պետական բարձր պաշտոններ զբաղեցրել ու զբաղեցնում (այսինքն բիզնեսով զբաղվելու իրավունք ու ժամանակ չի ունենում) դառնում է մեծահարուստ ու օլիգարխ։ Հայ հասարակությունը, եւ նախեւառաջ այն հասարակությունը, որը զավակ է ուղարկում առաջնագիծ, իրավունք ունի իմանալու, թե այդ հարստությունը որտեղից է գումարվել՝ պետական գանձարանը, ուստի եւ հայկական բանակի համար նախատեսված գումարները գրպանելու, թե, ասենք, հակառակորդին պետական գաղտնիք վաճառելու միջոցով։ Սա արդեն՝ ոչ թե «հակակոնսոլիդացիոն գործընթաց է», ինչպես կարծում է ԱԺ փոխնախագահը, այլ՝ ազգային անվտանգության խնդիր։

Չմոռանանք, որ մենք արդեն 27 տարի գտնվում ենք պատերազմի մեջ եւ 80- ականների զենքով (այդ թվում նաեւ քաղաքական ու տնտեսական զենքով) կռվելու ոչ իրավունք, ոչ էլ ժամանակ այլեւս չունենք։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները