Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Արտակ Զաքարյան. Կառավարության եզրակացությունը տվյալ իրավիճակին համապատասխան եզրակացություն է

Արտակ Զաքարյան. Կառավարության եզրակացությունը տվյալ իրավիճակին համապատասխան եզրակացություն է

Հարցազրույց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ:

-Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին մի քանի նախագիծ տարբեր ժամանակներում խորհրդարանում ներկայացվել է ու մերժվել՝ չարժանանալով նաև կառավարության հավանությանը: Այս մեկը կառավարությունը փաստորեն չի մերժում. ինչո՞ւ:

-Այս անգամ կառավարությունը նշում է, որ խնդրի ընդունումը պայմանավորվում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումներով, հետագա զարգացումներով, այդ թվում՝ նաև արտաքին գործոններով: Ընդունված որոշումն ու ձևակերպումները լիովին համապատասխանում են ստեղծված իրավիճակին, և այդ իրավիճակից ելնելով էլ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կքննարկի նախագիծը:

-Այսինքն, կարելի՞ է ասել, որ այս անգամ կառավարության եզարակացությունը դրական է:

-Կառավարության եզրակացությունը տվյալ իրավիճակին համապատասխան եզրակացություն է: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ բանակցությունները շարունակվում են, և մենք գտնվում ենք բանակցային ձևաչափի մեջ: Հայաստանը երբեք չի հրաժարվել բանակցություններից, բայց ունի դրանց վերսկսման իր համար կարևոր պայմաններ: Սա ուղերձ է Ադրբեջանին: Բազմիցս ասել ենք, որ ռազմական ագրեսիայի դեպքում թույլ չենք տա բանակցային փակուղի, իսկ Ադրբեջանն ստեղծել է այդ փակուղին: Սա մեր ելքն է փակուղուց:

-Միջազգային հանրության արձագանքը սպասվա՞ծ էր. արդեն հնչել է ՌԴ արտգործնախարարի տեսակետը, թե սա ընդամենը 2 պատգամավորի նախաձեռնություն է:

-Մենք հստակ գիտակցում ենք, որ ունենք բանակցային պարտավորություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում: Միևնույն ժամանակ, չպետք է թույլ տանք, որ բանակցային գործընթացը ամբողջությամբ կախված լինի Ադրբեջանի քմահաճույքներից և ապակառուցողական գործողություններից: Այս առումով սա ուղերձ է միջազգային հանրությանը: Եթե Ադրբեջանը սանձազերծել է պատերազմ ու չի ստանում հասցեական կոչեր, եթե չունենք 1994թվի զինադադարի պայմանագիրը պահպանելու հստակ մեխանիզմներ, մեզ չի մնում ոչինչ, քան արձանագրել, որ այս քայլը ժամանակի պահանջին համահունչ ճիշտ որոշում է:

-Պատկերացնենք, թե գործընթացը հասնում է ավարտին, նախագիծը գալիս է խորհրդարան, ընդունվում, Ղարաբաղը Հայաստանի կողմից ճանաչվում է անկախ. Ինչպե՞ս եք պատկերացնում հետագա բանակցային գործընթացը:

-Վերջնական Ճանաչումից հետո, հասկանալի է, որ բարդ է պատկերացնել բանակցային ձևաչափը, բայց մենք պետք է կարողանանք մեր գործողությունները և անելիքները հստակ սահմանել: Կարևոր է, որ Ադրբեջանում հասկանան խնդրի լրջությունը, համապատասխան որոշումներ կայացնեն, ու վերադառնանք բանակցային սեղան՝ ընդունելով բանակցելու բոլոր կանոնները:

-Ղարաբաղին վերաբերող մի նախագիծ էլ՝ ռազմական փոխօգնության մասին, կառավարությունը, ԱԳՆ-ն է մշակում, ու ԱԳ նախարարն ասել է, որ դա կընդունվի հարմար պահին: Կարծում եք՝ այսօր դրա համար դեռ հարմար պահ չէ՞:

-Տարբեր մեխանիզմներ են: Դա շրջանառության մեջ դնելու, ընդունելու անհրաժեշտությունը ևս կախված է Ադրբեջանից: Ադրբեջանը կգնա՞ նոր ռազմական ագրեսիայի, կգնա՞ նոր արկածախնդրության, մենք էլ կանենք մեր քայլերը, ձեռքներս ծալած նստել չենք կարող:

-Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին նախագծի հեղինակները ընդդիմադիր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանն են: Արդյո՞ք իրատեսական է, որ նրանց այս նախագիծը ընդունվի ու օրենք դառնա:

-Պետք չէ մտածել, թե սա ընդդիմության նախագիծն է: Իրավիճակն այնպիսին է, որ եթե պետք լինի այս նախագիծը դարձնել օրենք, սա կլինի ամբողջ խորհրդարանի որոշումը: Խնդիրը հեղինակները չեն: Կա այս խնդրի համազգային կարևորում, նշանակություն, ու սա է դառնալու որոշիչը հետագա զարգացումների համար:

-Նախագիծը արտաքին հարաբերությունների հանձնժողովում ե՞րբ կքննարկվի:

-Ցանկացած պահի կարող է քննարկվել, միևնույն ժամանակ, մենք դեռ կանոնակարգով սահմանված 30-օրյա ժամկետ ունենք: Քննարկման պահն ու ընթացքը պայմանավորված է լինելու արտաքին իրավիճակով, ու կախված այդ իրավիճակից՝ հանձնաժողովը կարող է նաև դրական եզրակացություն չտալ:

Քվեարկության պատմություն

Զաքարյան Արտակ Բորիսի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Զաքարյան Արտակ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 876 6 2 4 76 27 18
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները