Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ընտրական օրենսգրքից մինչև ԼՂ հակամարտություն. ԵԽԽՎ համազեկուցողները խորհրդարանում

Ընտրական օրենսգրքից մինչև ԼՂ հակամարտություն. ԵԽԽՎ համազեկուցողները խորհրդարանում
Փաստահավաք առաքելությամբ Հայաստանում են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի` Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողներ Ալան Միլը եւ Ջուզեպպե Գալատին: Նրանց ուշադրության կենտրոնում սահմանադրական փոփոխություններին հաջորդած քայլերն են, մասնավորապես`ընտրական բարեփոխումները:

ԵԽԽՎ-ն ՀՀ իշխանություններին կոչ էր արել Ընտրական նոր օրենսգրքի ընդունման ժամանակ ապահովել քաղաքական լայն կոնսենսուս: «Մենք հորդորել ենք ՀՀ իշխանություններին ապահովել այդ կոնսենսուսը, բայց դա կախված է նաեւ ընդդիմությունից: Պատրաստ ենք աջակցել երկու կողմերին, որպեսզի ընդդիմություն-իշխանություն արդար մրցակցություն ապահովվի ընդդիմության` իշխանության հասնելու համար»,- ապրիլի վերջին տեղի ունեցած ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ հայտարարել էր ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը:

Համազեկուցողներն Ազգային ժողովում հանդիպել են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների, այնուհետև՝ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամների հետ:

4+4+4-ի անունից հայտարարություն է պատրաստվում

Հանրապետական խմբակցության անդամները համազեկուցողներին ասել են, որ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ընդդիմադիր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության կողմից բարձրացված առաջարկների մեծ մասն ընդունվել է: Խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի խոսքով՝ ըստ էության ընդունվել են ցուցակների հրապարակման, մատների թանաքոտման, ցուցակները մաքրելու, ընտրական գործընթացը տեսանկարահանելու մասին առաջարկները, պարզապես որոշ դեպքերում այլընտրանքային լուծումներ են առաջարկվել:

Օրինակ՝ մատների թանաքոտման փոխարեն նախընտրել են մատնահետքի գրանցման տարբերակը, որն ավելի առաջադիմական են համարում: Ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումն առաջարկել են փոխարինել են ընտրողների համարների հրապարակումով: Գ.Մելիքյանի փոխանցմամբ` համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև ԸՕ-ի շուրջ կոնսենսուս ձևավորելու անհրաժեշտությանը: «Ասել ենք` լիահույս ենք, որ կունենանք քաղաքական ուժերի և քաղհասարակության լայն կոնսոլիդացիա»,-հավելեց նա:

ՀՀԿ-ի գործընկեր «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նույնպես հանդիպումից հետո տեղեկացրեց, որ համազեկուցողներին ասել են, թե ըստ էության ընդդիմության հիմնական առաջարկներն ընդունվել են, և կա լայն կոնսենսուսի հասնելու հնարավորություն: «Ասացինք, որ 4+4+4 ձևաչափով աշխատել ենք, և իսկապես կա հնարավորություն ունենալ այնպիսի ԸՕ, որը կբավարարի բոլոր կողմերին, և այստեղ ԵԽ-ի առաջարկությունը շատ կարևոր է»,-ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե ինչպես կոնսենսուսի լայն հնարավորություն կա, երբ ընդդիմադիր ՀԱԿ-ն ասում է, որ չկա, Արմեն Ռուստամյանը բացեց փակագծերը: «4+4+4-ի հայտարարության տեքստը պատրաստվում է: Ըստ էության` բոլոր այն հինգ պահանջները, որ ընդդիմադիր կողմը նախապես ներկայացնում էր, բավարարված են: Թող իզուր տեղը բաներ այստեղ չփնտրեն: Կհրապարակվի: Հիմա բանակցությունների մեջ են, չեն հրապարակում: Բայց մենք պնդելու ենք, որ հրապարակվի այն փաստաթուղթը, որի շուրջ բանակցում ենք: Եվ ով չի միանում, թող ինքը բացատրի, թե ինչու չի միացել»,- հայտարարեց Ռուստամյանը:

Ընդդիմությունը հայտարարության մասին չի խոսում

«Ես կարող եմ միայն ուրախությունս հայտնել, որ իշխող կոալիցիայի մեջ կան մարդիկ, ովքեր մտածում են կոնսենսուսի մասին»,- Ա.Ռուստամյանին հակադարձում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ չմանրամասնելով, թե ԸՕ-ի շուրջ կոնսեսուսի վերաբերյալ հայտարարություն նախապատրաստո՞ւմ են, թե՞ ոչ: Համազեկուցողներ Ալան Միլի եւ Ջուզեպպե Գալատիի հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավարն անդրադարձել է 2015թ. դեկտեմբերին անցկացված սահմանադրական հանրաքվեին: «Բացատրեցի, որ այն խարխլել է Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ հավատը, եւ այսօր ամենակարեւոր խնդիրը, որ բոլորս պետք է լուծենք՝ ներառյալ համազեկուցողները, այն է, որ ՀՀ քաղաքացիներին վերադարձնենք հավատը դեպի ազատ եւ արդար ընտրությունները: Իսկ դրա համար ամենակարեւոր, առանցքային խնդիրը ԸՕ շուրջ կոնսենսուսի ձեւավորումն է»,- ասաց պատգամավորը:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն էլ հանդիպումից հետո հայտնեց, որ համազեկուցողների հետ քննարկել են ընդդիմությանը հուզող հարցերը: «Ցուցակների հրապարակում, ID քարտերով քվեարկություն, վստահված անձանց եւ դիտորդների իրավունքներ, նաև այն, որ ընտրությունները նաեւ ընտրությունների օրվան նախորդող և հաջորդող ժամանակահատվածներն են: Խոստացան, որ այս խնդիրները կներկայացնեն բարձր ատյաններում»,- ասաց Թեւան Պողոսյանը:

Անդրադարձ նաև ԼՂՀ հակամարտությանը

Հանդիպումների ժամանակ չի շրջանցվել ղարաբաղյան հակամարտության թեման: Ի՞նչ կարեւոր միտք են հնչեցրել համազեկուցողները: «Որ ապագայում կփորձեն ավելի տարբերակված վերաբերվել Արցախի հարցին: Պարտքս համարեցի ասել, որ ԵԽԽՎ-ում հունվարին զգուշացնում էինք, որ եթե ԼՂՀ հիմնախնդրին իրենք մատների արանքով նայեն, ապա տարածաշրջանում կլինեն տարբեր էսկալացիաներ եւ ավանտյուրաներ: Հույս հայտնեցի, որ այլեւս հավասարակշռության նշանի սկզբունքով չեն անդրադառնա հակամարտությանը»,- տեղեկացրեց Թ.Պողոսյանը:

ՀՅԴ-ն համազեկուցողներին պահանջ է ներկայացրել, որ պետք է առիթ ստեղծեն ու այցելեն ԼՂՀ, իսկ եթե չեն այցելում, ապա պետք է գոնե հստակ գնահատական լինի, թե ով սկսեց ապրիլյան պատերազմը: «Դրա համար փաստերն ակնառու են, պետք չէ որ իրենք ազդվեն Ադրբեջանի քարոզչությունից եւ անորոշ, անհասցե գնահատականներ տան: Իրականությունն այն է, որ ոչ ՀՀ-ն, ոչ էլ ԼՂՀ-ն որեւէ դրդապատճառ չունեն սկսելու, եւ հենց Ադրբեջանն էր, որ ստատուս քվոն փոխելու մասին էր խոսում: Ընդ որում` ռազմական ճանապարհով»,- ասաց Ա.Ռուստամյանը: Սպասվում է, որ համազեկուցողները կհանդիպեն նաև նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ իշխանության այլ ներկայացուցիչների հետ:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները