Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Արժե՞ արդյոք հավատալ իշխանության հավաստիացումներին

Արժե՞ արդյոք հավատալ իշխանության հավաստիացումներին

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո իշխանութունը հանկարծ հասկացավ, որ մեր պետական կառավարման համակարգն այնքան էլ արդյունավետ չէ, իսկ կոռուպցիայի դեմ պայքարում էլ հնարավոր է շոշափելի արդյունք գրանցել։ Մայիսի 12- ի կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասաց բաներ, որ գուցե իշխանությանն անհայտ էր, բայց հասարակությանը հայտնի էր վաղուց։ «Թեև մենք ունենք հաստատված բյուջե, սակայն պետք է անցնենք խնայողության առավել խիստ ռեժիմի: Պետք է ձևավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ»,- ասում էր վարչապետը։

Կարելի էր հասկանալ, եթե սա ընտրություններից հետո նոր կառավարություն ձեւավորած ընդդիմության առաջնորդն ասեր, բայց երբ ասում է մի գործիչ, որն այդ ապարատի հիմնասյուներից մեկն է 20 տարուց ավելի, որի կուսակցությունը՝ ՀՀԿ- ն, 20 տարուց ավելի պատասխանատվություն է կրում երկրում ստեղծված իրավիճակի համար, ստիպված ես անհանգստանալ, որ սեփական իշխանությունդ ոչ միայն ոչ կոմպետենտ է, այլեւ՝ դեմագոգ։

Հովիկ Աբրահամյանի երկրորդ ծրագրային հայտարարությունը նվիրված էր կոռուպցիային։ «...ուղղությունը, որտեղ ես տեսնում եմ հնարավորություն արագ շոշափելի արդյունքներ գրանցելու համար` կոռուպցիայի դեմ պայքարն է»,- ասում է այն իշխանության ներկայացուցիչը, որը մինչ այս իրականացրել էր հակակոռուպցիոն երկու ռազմավարություն՝ զրո արդյունքով, եւ այս տարվա հունվարից էլ ձեռնամուխ եղել նման երրորդ՝ 2016-18 թթ ռազմավարության իրականացմանը: Եվ ահա վարչապետը նախաձեռնում է պարբերական շաբաթական քննարկումներ՝ երկրում առկա, շատ մեղմ ասած, թերությունները քննարկելու համար։ Մարտի 14-ին արդեն նման փակ քննարկում ԱԺ պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցել է, որին ներկա են եղել տնտեսական բլոկի խնդիրներով հետաքրքրվող խորհրդարանականները։

Մինչեւ այս քննարկումը ԱԺ ՀԱԿ խմբակցությունը հայտարարել էր, որ հրաժարվում է դրանց մասնակցությունից՝ հիշեցնելով վերջին տարիներին կոռուպցիայի դեմ պայքարի համար իր առաջ քաշած առաջարկությունները։ Այդ առաջարկություններից մեկն էլ ՄԱԿ-ի 2003թ.-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիան ստորագրելն ու վավերացնելն է՝ «հանելով 20-րդ հոդվածի նկատմամբ նախկինում Հայաստանի կողմից կատարված վերապահումը: Նշված հոդվածը որպես քրեորեն պատժելի արարք է որակում «ապօրինի հարստացումը», այսինքն՝ «պետական պաշտոնյայի օրինական եկամուտները գերազանցող ունեցվածքի այնպիսի նշանակալի ավելացումը, ինչն այդ անձը չի կարող հիմնավոր կերպով բացատրել»: Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություն կատարելուց հետո, ստուգել Հայաստանի բոլոր պաշտոնատար անձանց ունեցվածքի եւ եկամուտների համապատասխանությունը»,- հայտարարել է ՀԱԿ- ը։

Բնական է, որ իշխանությունն այս կոնվենցիան կամ չի վավերացնի, կամ վավերացնելուց հետո այն չի կիրառի։ Վերջապես պետք է հասկանալ, որ իշխանությունը չի կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած է։ Կոռուպցիայի դեմ պայքարի մասին վարչապետի հայտարարությունից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի ուշադրությունը լրագրողները հենց այս հանգամանքի վրա էին հրավիրել։ «Չեմ կարծում, որ իշխանությունը ճնճղուկ է, որ ճյուղին նստած է, բայց որ երկրում առկա խնդիրները ակնհայտ են և պետք են արմատական փոփոխություններ՝ սա ևս պարզ է»,- հայտարարել էր վերջին 20 տարում հերթական անգամ կոալիցիոն կառավարության մաս կազմած դաշնակցության ներկայացուցիչը։

Աղվան Վարդանյանը հավատում է, որ շոշափելի արդյունքեր են լինելու: «Արդյունքներ կլինեն, չլինեն, իրավունք կունենաք ասելու, որ հերթական անգամ խոսքը գործի չվերածվեց»,- ասել է խորհրդարանականը։ Ասելը կասենք, բայց հերթական անգամ քաղաքական այս ուժերի ձախողումները, ինչպես ցույց տվեց ապրիլյան պատերազմը, ծանր է նստում ոչ թե ազգային գաղափարախոսության բառերի տակ թաքնվող ուժերի ու գործիչների, այլ՝ հասարակության վրա։

Ինչպես իրավամբ նշել է կառավարության ղեկավարը «այսօր Արցախի և Մայր Հայրենիքի առջև ծառացած անվտանգության խնդիրներն այլ են: Ստեղծված իրավիճակն, իսկապես, ոչ ստանդարտ է, և մենք չպետք է խուսափենք ոչ ստանդարտ քայլեր կատարելուց ու որոշումներ կայացնելուց»։ Բայց որքա՞ ն անկեղծ էր Հովիկ Աբրահամյանն իր այս հայտարարություններում։

«Վարչապետի ելույթի երևի թե ամենաանկեղծ մասը «հարգելի գործընկերներ» արտահայտությունն էր»,- ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Անցած 20 տարիների փորձը հաշվի առնելով՝ կասկածում եմ, որ կառավարության ղեկավարն անկեղծ էր, երբ ներկաներին ասում էր «հարգելի գործընկերներ»։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները