Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Կրճատում հայկական ձեւով

Կրճատում հայկական ձեւով

Կամ ինչպես ծախսերի փոխարեն կրճատել որոշումները

Ապրիլյան, ինչպես ընդունված է ասել, քառօրյա պատերազմից հետո իշխանությունը հասարակական տրամադրությունների ճնշման կամ ազդեցության տակ սկսեց կոռուպցիայի դեմ պայքարի մասին շարունակական հայտարարություններ անել։ Ի տարբերություն մինչ այս իրականացված անհաջող փորձերի` կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունն այս անգամ այդ հայտարարությունը դարձրեցին քաղաքական օրակարգ։ Սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ «կոմպակտ կառավարում եւ կոմպակտ ծախսեր» կարգախոսի ներքո կոռուպցիայի դեմ պայքարն աստիճանաբար վերածվեց բյուջետային ծախսերի արդյունավետության կամ ավելի ճիշտ` կրճատումների շուրջ քննարկումների։ Հետո պարզվեց, որ կրճատումները վերաբերելու են ավտոմեքենաների պարկին։ Այսինքն՝ պիտի ենթադրվեր, որ միջին օղակի մի շարք պաշտոնյաներ զրկվելու են իրենց ծառայողական մեքենաներից։ Դրանից հետո հայտարարվեց, որ պաշտոնյաներն առանց մեքենայի չեն մնա։ Կկրճատվեն ոչ թե ընդհանրապես ծառայողական մեքենաները, այլ գերատեսչությունների բալանսում գտնվող չօգտագործվող մեքենաները։

Իսկ արդեն Ազգային ժողովում Բյուջե 2015- ի հաշվետվության ներկայացման ընթացքում արդեն պարզվեց, որ կրճատվելու են... կառավարության որոշումները։ Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում խորհուրդ տվեց վարչապետի՝ խնայողության ռեժիմի անցնելու հայտարարությունը չդիտարկել «պրիմիտիվ կրճատումների» տեսանկյունից։ «Մենք հանգել ենք այն եզրակացության, որ ավելի շատ կառավարության որոշումներ ենք ընդունում, քան իրականում պետք է ընդունենք: Եվ համար մեկ խնդիրը, որ դնում ենք մեկ տարվա ընթացքում, կառավարության որոշումների թիվը կրճատել մոտ 4 անգամ»: Թվում էր` կառավարությունը պետք է այնքան որոշում ընդունի, որքան անհրաժեշտ է։ Բայց արի ուտես, որ դրանք նաեւ ավելին են լինում։

Անցնող շաբաթ հանրապետության վարչապետը եւս մեկ տարր մտցրեց կոռուպցիայի պայքարի հրապարակային հայտարարություններում։ Խոսքը պետական գնումների թափանցիկությանն է վերաբերում։ Հովիկ Աբրահամյանը մասնավորապես ֆինանսների նախարարությանը հստակ հանձնարարական տվեց՝ մշակել ծրագրային մոտեցում, որը յուրաքանչյուրին հնարավորություն կընձեռի պետական գնումների կայքէջում ծանոթանալ կատարված գնումների հաշվետվությանը։ Սակայն այստեղ պարադոքս այն է, որ այդ հանձնարարությունն, ըստ էության, ժամանակավրեպ է՝ նման կարգ արդեն գործում է։

Ընդհանրապես, ինչ ասել է ծախսերի կրճատում ոչ կառավարությունում, ոչ Ազգային ժողովում այնքան էլ չեն պատկերացնում։ Ճիշտ է՝ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, օրինակ, հայտարարել է, որ իր ղեկավարած գերատեսչությունում աշխատողների կրճատման համար աշխատանքային խումբ է ստեղծվել, որը ուսումնասիրում է նախարարության գործառույթներն ու կառուցվածքը։ Կրճատումների այս խոսակցությունների մեջ բարձրացվեց նաեւ կադրային կամ ինչպես խորհրդարանական քննարկումների ժամանակ Էդմոն Մարուքյանը որակեց՝ «ուռճացված ապարատի» հարցը։ Սակայն սա արդեն լուրջ սոցիալական հետեւանքներ կարող է ունենալ։ Արդյո՞ք իշխանությունը պատրաստ է խորհրդարանական ընտրությունների տարում գնալ նման արմատական քայլի, եթե նկատի ունենանք, որ պետական մարմիններում աշխատողների մի մասը, որոնց ՕԳԳ- ն ցածր է, կամ իշխող կուսակցության անդամներն են, կամ այս գերատեսչությունները մի ժամանակ ղեկավարած այլ կուսակցական նախարարների կուսակիցները։

Այնպես որ՝ խնայողության ռեժիմի մասին վարչապետի հայտարարությունից հետո կառավարությունը «խորը վերլուծությունների» արդյունքում կարծես գտել է ամենաօպիտալ տարբերակը՝ կրճատել կառավարության որոշումները։ Մնում է դրանից հետո ԱԺ- ն էլ պարզի, որ օրենքներն են շատ ու սկսվի «կրճատել» օրենքները։ Հատկապես, որ նման կրճատումների տասմիլիոնանոց ծախսային փորձ, ի դեմս «օրենսդրական գիլյոտին» ծրագրի, ունենք։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները