Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Արտաքին պարտքի սպասարկո՞ւմ, թե՞ տնտեսության զարգացում. ինչ խնդիր է լուծում Հարկային նոր օրենսգիրքը

Արտաքին պարտքի սպասարկո՞ւմ, թե՞ տնտեսության զարգացում. ինչ խնդիր է լուծում Հարկային նոր օրենսգիրքը

Ազգային ժողովն այսօր ձայների 68 կողմ, 21 դեմ, 18 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Հարկային օրենսգրքի նախագիծը: Այն քվեարկությամբ պաշտպանեցին միայն Հանրապետական խմբակցության պատգամավորները: Ձեռնպահ էր անգամ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը: Փաստաթուղթը քվեարկության դրվեց՝ շրջանցելով ընդդիմադիրների պահանջը հետ կանչել նախագիծն ու մինչև քվեարկությունը քննարկել վիճահարույց դրույթները:

Նպատակը՝ լրացուցիչ 100 միլիարդ

Այն, որ Հարկային նոր օրենսգրքի նախագիծն ընդհանուր առմամբ հարկային բեռի ավելացում է նախատեսում, խորհրդարանում անուղղակիորեն հաստատեց նաև օրինագիծը ներկայացնող Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: Կառավարությունը, սակայն, նախընտրում է ոչ թե «հարկային բեռի ավելացում», այլ «եկամուտների վրա դրական ազդեցություն» ձևակերպումը:

ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հաշվարկով՝ նոր օրենսգրքի գործարկման արդյունքում հարկային բեռն ընդհանուր առմամբ կավելանա մոտ 10 %-ով կամ 100 մլրդ դրամով՝ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 21,5 %-ից դարձնելով 23,5 %: Վ.Միրումյանի ներկայացմամբ՝ եթե հարկային փոփոխություններն իրականացվեին 2015-ին, ապա «դրական ազդեցությունը եկամուտների վրա կլիներ ՀՆԱ-ի 1.8 տոկոսի չափով»:

18 տարի, 50-ից ավելի փոփոխություն

«ՀՀ հարկային օրենսդրության մաս կազմող հիմնական օրենքներն ընդունվել են շուրջ 18 տարի առաջ, և դրանց ընդունումից մինչև այժմ այդ օրենքներում անընդհատ փոփո¬-խություններ և լրացումներ են կատարվել: Փոփոխությունները, սակայն, կատարվել են ոչ թե նախապես մշակված և տնտեսության երկարաժամկետ զարգացմանն ուղղված ռազմավարության ներքո, այլ ընդամենը ուղղված են եղել կարճաժամկետ և տեղային խնդիրների լուծմանը», - նշված է նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ:

Կառավարությունը չի ժխտում , որ նախորդ 18 տարիների ընթացքում հարկային օրենսդրության մեջ կատարված 50-ից ավելի փոփոխությունների արդյունքում «հիմնական հարկատեսակների մասին գոր¬ծող օրենքները նկատելիորեն խճճվել ու բարդացել են, ստեղծվել են օրենսդրական դրույթների երկիմաստ մեկնաբանությունների ու տարընթերցումների հնարավորություններ»:

Նույն անկեղծությամբ գործադիրը «խոստովանում է», որ հարկային օրենսդրության հաճախակի փոփոխությունների արդյունքում հնարավոր չի եղել մշակել և իրականացնել միասնական սկզբունքների վրա հիմնված հարկային քաղաքականություն: Ըստ գործադիրի` հարկային նոր օրենսգիրքը լինելու է երկարաժամկետ հեռանկարի համար նախատեսված և կայուն փաստաթուղթ, չի ենթարկվելու հաճախակի փոփոխությունների, հնարավորություն է տալու իրականացնել հավասարակշռված հարկային քաղաքականություն:

Փաստաթուղթը մշակելիս կառավարությունը, համաձայն հիմնավորման, առաջնորդվել է հարկման դրույքաչափերի չեզոքություն, բազաների օպտիմալացման, հարկերի հաշվարկման և վճարման կարգի կատարելագործման մոտեցումներով, կարևորել է տնտեսության երկարաժամկետ աճը` չկենտրոնանալով կարճաժամկետ արդյունքների վրա:

Պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դե՞մ, թե՞ հարկերի ավելացում

Հայտնի է, որ Հայաստանի պետական պարտքը հատել է 5 մլրդ դոլարի սահմանագիծը: Առաջիկա տարիներին ավարտվելու է միջազգային դոնոր կազմակերպություններից ստացված վարկերի մեծ մասի վճարման արտոնյալ ժամկետը: Պարտքի սպասարկման գումարը տարեցտարի ավելանում է, իսկ 2020թ. սպասվում է «կուլմինացիոն պիկ», երբ պարտքի սպասարկման գումարը կհասնի մոտ 1 մլրդ դոլարի:

Միջազգային կառույցները, հատկապես հարկաբյուջետային քաղաքականություն ոլորտում Հայաստանին խորհրդատվություն մատուցող Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը մեր երկրից ֆինանսական կայունություն և պարտքի սպասարկման երաշխիքներ են ակնկալում: Այս կազմակերպությունները ՀՀ իշխանություններին հորդորում են ավելացնել եկամուտները` դրա համար նշելով մի քանի ճանապարհ՝ մենաշնորհների, կոռուպցիայի բացասական հետևանքների վերացում կամ հարկային բեռի ավելացում: Առաջին երկու ուղղություններով կառավարության պայքարն արդյունք չի տալիս, հետևաբար մնում է երրորդ ճանապարհը՝ հարկերի բեռի բարձրացումը, ինչն էլ նախատեսում է Հարկային օրենսգրքի նոր նախագիծը:

Տնտեսության զարգացո՞ւմ, թե՞ գութանով վարուցանք

Հարկային օրենսգրքի նախագծով մոտ 70 փոփոխություն է սահմանվում: Մասնավորապես՝ նախատեսվում է շրջանառության հարկի 115 մլն դրամ հարկման շեմը դարձնել 40 մլն դրամ: Ընդդիմախոսների կարծիքով` այս դրույթը բացասաբար կանդրադառնա փոքր ու միջին բիզնեսի վրա: Հարկային համակարգից գործարարների մյուս դժգոհությունն էլ այն է, որ պահպանվում է սահմանին ավելացրած արժեքի հարկի գանձումը:

Մտահոգիչ է համարվում եկամտային հարկի գանձման նոր սանդղակը, ըստ որի` մինչև 120.000 դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկի դրույքաչափը՝ 24,4 տոկոսից կդառնա 23 տոկոս, փոխարենը՝ 120.000 դրամից մինչև 1 միլիոն դրամ աշխատավարձի դեպքում եկամտային հարկը գործող 26 տոկոսի փոխարեն կսահմանվի 28, իսկ 1 մլն դրամից ավելի աշխատավարձի դեպքում՝ 33 տոկոս:

Առաջիկա 4 տարիների համար նախատեսվում է ակցիզային հարկի աստիճանական բարձրացում, ինչը տարածվելու է ցորենի օղու, ծխախոտի, բենզինի, սեղմված գազի և այլ ապրանքների վրա: Պատգամավորները համոզված են, որ դա կբերի այդ ապրանքատեսակների թանկացմանը: «ԱԺ փոխնախագահը սենսացիոն հայտարարություն է անում, ասում է՝ խմեք թրմօղի եւ քշեք հեծանիվ: Բեռներն էլ էշով տեղափոխենք չէ՞, վարուցանքն էլ գութանով անենք չէ՞, միջքաղաքային տրանսպորտն էլ ֆայտոնով ենք անելու. Երեւան-Ռոստով ամենօրյա «լյուքս» դասի ֆայտոնները դուրս են գալու Հանրապետության հրապարակից ու քշեն... Ռոստով»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հերմինե Նաղդալյանի հայտարարությանը:

Դժգոհ են նաև հանրապետականները

ՊԵԿ-ի ներկայացրած նախագծից դժգոհ էին ոչ միայն ընդդիմադիրները, այլ նաև իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները: Պատգամավորները կարծում են, որ նախագիծը բազմաթիվ ծուղակներ ունի:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը համոզված է, որ օրենսգիրքը չի նպաստելու աղքատության կրճատմանը:
Գուրգեն Արսենյանը կարծում է, որ փաստաթուղթը դիվերսիա է տնտեսվարողների նկատմամբ, Նաիրա Զոհրաբյանի գնահատականով` փաստաթղթի ընդունումը կնշանակի տապանաքար դնել Հայաստանի տնտեսության վրա:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կառավարությանը հորդորեց հետ կանչել նախագիծը և այն մշակել այնպես, որ «հաշվի առնվեն տնտեսության զարգացման դինամիկան, ռիսկերն ու հնարավորությունները»: Ըստ ՕԵԿ-ի` կառավարությունը օրենսգրքի հետ պետք է նաև քննարկման ներկայացնի «տնտեսության զարգացման ռազմավարական պլան և աղքատության հաղթահարման նոր հայեցակարգ»:

Պետք է փոխենք պետության գիշատիչ բնույթը` հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ում կարծիքով Հայաստանի տնտեսությունը լուրջ ու արմատական փոփոխությունների կարիք ունի:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ Հայաստանին նոր Հարկային օրենսգիրք պետք է, բայց այն արդյունք կտա, եթե մյուս խնդիրներին էլ քաղաքական լուծումներ տրվեն:

«Հորդորում եմ հիմնական զեկուցողին նույն տոնայնությամբ նույն պատասխանները չհնչեցնել, այլ տալ հստակ պատասխաններ: Ի վերջո, ըստ ոլորտների՝ բեռն ավելանո՞ւմ է, թե ոչ»,- քննարկման ավարտին դեռ պարզ չէը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի համար: Նա նշեց, որ ՀՀԿ-ն կողմ կքվեարկի նախագծին` մինչև երկրորդ ընթերցում այն բարեփոխելու տրամադրվածությամբ:  

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ արդեն աշխատանքային խումբ է ձևավորվել, որը պետք է փոփոխությունների առաջարկներ ներկայացնի: Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախատեսվում է աշնանային նստաշրջանում:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները