Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Խորհրդարանի անլուրջ լրջությունը

Խորհրդարանի անլուրջ լրջությունը

Բրազիլիայի Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովը քվեարկել է խորհրդարանի ստորին պալատի նախագահ Էդուարդո Կունյոյի պաշտոնանկության օգտին, քանի որ նա կեղծ տեղեկություններ է հրապարակել շվեյցարական բանկերում իր հաշիվների մասին։ Սա Բրազիլիայի համար այս օրերին սովորական լուր է, եթե նկատի ունենանք, որ այս երկիրն սկսել է կոռուպցիայի դեմ լուրջ պայքար, որն անգամ երկրի նախագահին իմպիչմենտի առաջ է կանգնեցրել։ Այս ֆոնին Հայաստանի Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովն ավելի շատ հիշեցնում է լեզվի խորհրդարանական տեսչություն, որտեղ հասուն տղամարդիկ ու կանայք, այդ թվում երկրի նախկին վարչապետ ու ԱԺ նախկին նախագահ, որոշում են՝ հայհոյելը շա՞տ վատ բան է։

Խորհրդարանի հաջորդ՝ աշնանային նստաշրջանն այլեւս գործելու է բոլորովին այլ՝ նախընտրական տրամբանությամբ։ Գարնանայինն այս գումարման Ազգային ժողովի վերջին նստաշրջանն էր, որտեղ կարող էին ընդունվել երկրի համար ռազմավարական որոշումներ, որոնք սովորաբար ամբոխահաճո չեն լինում. նախընտրական շրջանում նման որոշումների ընդունումը դառնում է խիստ անցանկալի իշխանության համար։ Եվ այսպես՝ հունիսի 9- ին ավարտված ԱԺ գարնանային նստաշրջանը խորհրդարանական պատմության ամենաանհետաքրքիր նստաշրջաններից մեկն էր։ Անհետաքրքրի ասելով՝ նկատի ունեմ օրինագծերը, որոնք կարող են եւ պետք է Հայաստանի ռազմավարական զարգացման համար ինչ որ նշանակություն ունենան։

Այս նստաշրջանի ընթացքում տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմը։ Ապրիլի սկզբի չորս օրերը ցույց տվեցին այն լուրջ հիմնախնդիրները, որոնց առաջ կանգնած է Հայաստանը եւ որոնց լուծման հիմնական բեռն ընկած է երկրի քաղաքական վերնախավի ուսերին, որի ներկայացուցիչները նաև Ազգային ժողովում են։ Ռազմական գործողությունների ընթացքում եւ դրանից հետո լսեցինք պատգամավորների հայրենասիրական բարձրագոչ հայտարարությունները, նրանցից ոմանք հարկ համարեցին գնալ Արցախ, ոմանք բարձրաձայնեցին կոռուպցիայի մասին, որն այլեւս դարձել է Հայաստանի համար ազգային անվտանգության խնդիր։ Ամեն ինչ բարձրագոչ հայտարարություններով էլ սահմանափակվեց։

Անգամ ապրիլյան պատերազմի ժամանակ՝ ապրիլի 2-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ՀՀ եւ ԼՂՀ միջեւ ռազմական փոխօգնության առաջարկությունը («Արտաքին գործերի նախարարությանը, կարծում եմ, անհրաժեշտ է համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ և աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել և ուղարկել Ազգային ժողով») այդպես էլ խորհրդարանում չհայտնվեց, եւ խորհրդարանն էլ չհետաքրքրվեց՝ որտեղ է համաձայնագիրը։ Միայն մայիսի 26- ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բյուջետային քննարկումների ժամանակ տեղեկացրեց, որ «այդ փաստաթուղթը մշակման փուլում է, բայց դրա հետագա ճակատագիրը կախված կլինի ապագա զարգացումներից», եւ կարծես խորհրդարանը հանգստացավ՝ բարձրագոչ հայրենասիրական ճառերի մոդան արդեն անցել էր։ Մոդան գուցե, բայց Արցախի խնդրի շուրջ շոու սարքելու ցանկությունը՝ կարծես ոչ։ Պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ Արցախի ճանաչման օրինագիծը խորհրդարանում ոչ առաջինն էր, ոչ էլ, ըստ երեւույթին, վերջինը։ Բայց դրա շուրջ աղմուկը, նաեւ միջազգային մամուլում բարձրացված, ըստ էության, նպատակ ուներ ցույց տալ, որ խորհրդարանը Հայաստանում ինչ-որ դերակատարում ունի։

Սակայն սրանք սին պատկերացումներ էին, եթե հիշենք, որ խորհրդարանն ինչպես նախ մերժեց «Հրազդան- Ցեմենտ» ընկերությանը հարկային ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու օրինագիծը եւ ինչպես մի քանի օր անց ընդունեց նույն նախագիծը։ Սա եւս մեկ ապացույց էր, որ Հայաստանում կոռուպցիոն գործարքները շարունակելու են մնալ Հայաստանի ներքաղաքական օրակարգի անբաժանելի մասը, իսկ կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագոչ հայրենասիրական ճառերը՝ լոկ բրեժնեւյան դարաշրջանը հիշեցնող լոզունգներ։

Հերթական նստաշրջանին հաջորդած արտահերթ նստաշրջանում պարզվեց, որ «Հրազդան-Ցեմենտը» ամենաաղմկահարույցը չէ։ «Մի քանի տարիների ընթացքում այդ երկու պետական ընկերություններին (ՀԱԷԿ- ին եւ Երեւանի ՋԷԿ- ին) առաջարկել ենք կատարել իրենց ոչ բնորոշ գործունեություն: Նրանք տրամադրել են փոխառություններ «Նաիրաիտ» գործարանին եւ Վանաձորի «Քիմպրոմին», որպեսզի այդ թվում աշխատակիցների վարձավճարները տրամադրվեն»,-հունիսի 26-ին խորհրդարանում անկեղծացավ Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը՝ բացատրելով, թե ինչպես է Հայաստանի էներգտիկ ոլորտում առանցքային դերակատարություն ունեցող ԱԷԿ-ը առեւտրային վարկ վերցրել եւ հիմա էլ ինչպես պետք է եւս 30 մլն վարկ վերցնել՝ նախորդ վարկը փակելու համար։

Արտահերթում քննարկվեց ու ընդունվեց ոչ միայն վարկային այս համաձայնագիրը, այլ նաև առաջին ընթրեցմամբ` վիճահարույց Հարկային օրենսգիքրը: Ավելի վաղ Ընտրական օրենսգիրքը նույնպես խորհրդարանն ընդունել է արտահերթ նիստի ժամանակ: Ստացվում է, որ հիմնական ու կարևորագույն օրենքներն ընդունվում են արտահերթ քննարկումներով: Բացի այդ, ըստ վերջին նստաշրջանների դիտարկման վիճակագրության, ԱԺ-ում արտահերթ ռեժիմով ավելի շատ օրենքներ են ընդունվում, քան սովորական, ինչը նշանակում է, որ հայրենի իշխանությունը պետական կյանքի ռազմավարական ծրագրավորման կամ մշակույթ, կամ պարզապաես բավարար ներուժ չունի, բայց սրա մասին արդեն՝ հաջորդիվ։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները