Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ս. Նիկոյան. Կարեն Կարապետյանը լավ պատկերացնում է, որ անկախ Հայաստանի վարչապետն է

Ս. Նիկոյան. Կարեն Կարապետյանը լավ պատկերացնում է, որ անկախ Հայաստանի վարչապետն է

Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն է:

- Պարոն Նիկոյան, ինչո՞վ էր պայմանավորված Հովիկ Աբրահամյանի հրաժարականը: Նա չկարողացա՞վ Հայաստանի տնտեսությունն ու երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից:

- Կիսամյակի տվյալներով արտահանման ծավալների ավելի քան 20% աճ է գրանցվել: Սա նշանակվում է, որ գործադրված ջանքերն ու տնտեսության կառուցվածքային փոփոխությունը բերել են արտահանման աճի և ներկրման նվազման: Սա նաև բավարար հիմք է, որ նոր կառավարությունը կարողանա արդյունավետ գործել: Բայց բոլորս էլ գիտենք, որ իշխանություններից հանրային սպասումներն այլ են` թե ներքաղաքական, թե բարոյահոգեբանական առումով: Մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է նոր մտածողություն, նոր գործելաոճ և գործիչ, որն ասոցացված չլինի որևէ կուսակցության հետ: Կարեն Կարապետյանը կուսակցական չէ, մաքուր կենսագրություն ունի, կիրթ է, նորարար և լավ վարչարար, կարողանում է լավ հարաբերություններ ունենալ հանրության հետ: Նա տիրապետում է Հայաստանի տնտեսական և բարոյահոգեբանական վիճակին, ունի գաղափարներ ու ցանկություն արագ բարեփոխումներ իրականացնելու: Ահա թե ինչու է ՀՀ նախագահը կանգ է առել նրա ընտրության վրա:

- Արտահանման աճն եք նշում, բայց հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4,3% անկում է գրանցվել:

- Երկրորդ եռամսյակի կտրվածքով ունենք անկում, բայց կիսամյակի կտրվածքով մոտ 2% տնտեսական աճ է գրանցվել: Հաշվի առնելով աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական իրավիճակը՝ այդ անկումը ենթադրելի էր: Մեր տնտեսությունը, պետք է խոստովանենք,  շատ է կապված Ռուսաստանի տնտեսության հետ և կրում է այնտեղից եկող բացասական ազդակները: Բայց ասել, թե սա է մեր ողջ հնարավորությունը, համամիտ չեմ: Մենք ունենք ներքին չօգտագործված ռեսուրսներ, և Կ.Կարապետյանի կառավարությունը պետք է դրանք օգտագործի:

- Կ.Կարապետյանը լինելու է Սերժ Սարգսյանի նշած ազգային համաձայնությա՞ն կառավարության վարչապետը:

- Կարեն Կարապետյանն անկուսակցական է, և այդ հանգամանքը կարող է նպաստել, որ շատ կուսակցություններ ընդունելի դիրքորոշում որդեգրեն կառավարության ու վարչապետի նկատմամբ: Թե ինչպիսի կառավարություն կձևավորվի, ընթացքում կտեսնենք: Ինչ վերաբերում է ազգային համաձայնության կառավարությանը, ապա նախագահը դա կապում էր 2017թ. խորհրդարանական ընտրությունների հետ. կառավարության ձևավորման մեխանիզմը խորհրդարանական կառավարման համակարգում ենթադրում է ազգային համաձայնություն:

- Կառավարությունում մե՞ծ փոփոխություներ են սպասվում:

- Այդ հարցին կարող են տիրապետել ՀՀ նախագահն ու նոր վարչապետը, բայց այն, որ փոփոխությունները ներառելու են նախագահի աշխատակազմից, կառավարությունից մինչև դատաիրավական համակարգ, միանշանակ է:

- Կառավարությունում ու այլ գերատեսչություններում պաշտոնյաները պարբերաբար փոխվում են, բայց արդյունքում կառավարման որակը չի բարելավվում: Վարչապետերը մեր երկրում չունեն տնտեսական համակարգի վրա ազդելու , գլոբալ որոշումներ կայացնելու մեծ հնարավորություն: Բայց երբ անհրաժեշտ է լինում փոփոխությունների տպավորություն ստեղծել կամ դրական սպասելիքներ ձևավորել, թիրախը դառնում են վարչապետերը: Ի վերջո  այս վարչապետը գործելու ազատություն ունենալո՞ւ է:

- Այն մարտահրավերները, որոնք ծառացած են մեր պետության առջև, այն իրավիճակը, որում հայտնվել է մեր երկիրը, այն բարոյահոգեբանական մթնոլորտը, որի մեջ մեր հասարակությունն է, ենթադրում են, որ վարչապետը պետք է ունենա կադրերի ընտրության, գործողությունների լայն ազատություն:

- Կ.Կարապետյանը համարվում է ռուսական ազդեցության գործիչ: Վարչապետի պաշտոնում նրա ընտրությունը նշանակո՞ւմ է, որ այդ հարցում կա ՌԴ-ի ցանկությունը:

- Այո, նա ՌԴ-ում ունի լայն կապեր, և կարծում եմ, որ դա միայն կարող է նպաստ բերել մեր պետությանն ու տնտեսական զարգացմանը: Հաճախ անձնական կապերը միջպետական հարաբերություններում դառնում են շատ կարևոր: Միևնույն ժամանակ Կ.Կարապետյանն անկախ Հայաստանի վարչապետն է, և սրանով ամեն ինչ ասված է: Նրա գործողությունները նպատակաուղղված են լինելու բացառապես մեր ժողովրրդի ու պետության անվտագությանն ու զարգացմանը:

- Չե՞ք կարծում, որ ռուսական ազդեցության մեծացումն էլ ավելի կխախտի Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության հավասարակշռությունն ու անվտանգությունը:

- Կարծում եմ` Կ.Կարապետյանը շատ լավ է պատկերացնում, որ ինքն անկախ Հայաստանի վարչապետն է: Նաև ակնկալում եմ, որ մեր ընդդիմադիր քաղաքական դաշտը, մամուլն ու հասարակությունը անհիմն չվարկաբեկեն նրան: Նոր վաչապետին պետք է ժամանակ տալ, օգնել, որ կարողանա իրականացնել մեր ծրագրերը:

Քվեարկության պատմություն

Նիկոյան Սամվել Պարգեւի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Նիկոյան Սամվել «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 902 9 1 15 36 1 4
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները