Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ուշ, բայց ոչ ուշացա՞ծ

Ուշ, բայց ոչ ուշացա՞ծ

Կամ ինչպես է ՀՀԿ-ն իր իշխանամուտից 21 տարի անց խոստանում տեսանելի փոփոխություններ

Սեպտեմբերի 8-ին հրաժարական տվեց Հայաստանի 13- րդ վարչապետը։ Սնահավատները դրա մեջ կարող են ինչ- որ չարագուշակ կամ անգամ բարեգուշակ բան տեսնել, շախմատի սիրահաները կարող են հիշել, թե ինչպես արքայական այս խաղի կարգավիճակը փոխվեց 13- րդ չեմպիոնի հեռանալուց հետո, դե իսկ իշխանությունը վստահ է, որ 13- րդ վարչապետից հետո երկրում տեսանելի փոփոխություններ են լինելու:

Սերտեմբերի 8- ից առաջ Հովիկ Աբրահամյանի և կառավարության հրաժարականի մասին գիտեին գրեթե բոլորը։ Դրանից 1-2 օր առաջ նա արդեն հրաժեշտ էր տվել կառավարության աշխատակազմին։ Ուրեմն՝ գիտեին կառավարության աշխատակիցները, ՀՀԿ-ականները, լրագրողները, հասարակության մի հատվածը, բայց ոչ կոալիցիոն գործընկերները։ «Չեմ կարծում, որ առանց մեզ հետ խոսելու, այդ հարցը քննարկելու, այդպիսի բան կատարվի, ի վերջո վարչապետի փոփոխություն նշանակում է կառավարության վերանայում։ Դա այն գլխավոր հարցերից մեկն է, որի մասին կոալիցիոն գործընկերներին պետք է տեղեկացնեն»,– դեռ սեպտեմերի 7- ին news.am- ին տված հարցազրույցում ասում էր ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Արդեն Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո դաշնակցությունը խոսում է փոփոխությունների անհրաժեշտության մասին։ «Խոսքը նոր որակի, թարմություն բերող կառավարության մասին է: Մեզ անհրաժեշտ է այդպիսի իշխանություն: Անհրաժեշտ է նոր որակ: Նոր վարչապետի հավանական թեկնածուն՝ Կարեն Կարապետյանը, հուսով ենք՝ կկարողանա էլ ավելի համախմբել և կառավարության արդյունավետությանը նոր որակ հաղորդել: Մեր ճանաչողությամբ նա ունի ժամանակակից մտածողություն, բարդ խնդիրներ առաջադրելու, ձևակերպելու ու լուծելու ունակություն և լավ կազմակերպիչ է»,- parliamentmonitoring- ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նույն դաշնակցական գործիչները, որոնք խոսում են փոփոխությունների անհրաժեշտության մասին, միաժամանակ հայտարարում են, որ իրենց պորտֆելների եւ նախարարների փոփոխություն չի ենթադրվում։ «Մեր պորտֆելներին ոչինչ չի սպառնում: Այդ համագործակցությունը չի պայմանավորվել կոնկրետ կառավարությամբ: Դա եղել է ՀՀԿ-ի հետ պայմանավորվածություն եւ հեռանկարային համագործակցություն»,- «Առավոտին» ասել է Արմեն Ռուստամյանը։

ՀՅԴ- ն ցանկանում է փոփոխություններ, միայն թե ինքը չփոխվի, ՀՀԿ-ն ցանկանում է փոփոխություններ՝ ինքը փոխվելու որեւէ քայլ չանելով։ Ուստի հարց է առաջանում՝ ինչո՞ւ է փոխվում Հովիկ Աբրահամյանի կառավարությունը։ Պարզվում է, որ հիմնական պատճառը ոչ թե երկրի առջեւ կանգնած լրջագույն մարտահրավերներն են, այլ՝ առաջիկա ընտրությունները։ «Այլընտրանք չկա: Եթե մենք չկարողանանք այդ փոփոխությունները հասարակությանը զգացնել տալ, նշանակում է մեր իշխանությունը մտածելու տեղիք ունի... Նույնիսկ փոփոխությունների դեպքում պետք չէ վստահ լինել, որ կընտրվենք: Իրավիճակ է փոխվել, նախկին ընտրությունները չեն, արդեն քաղաքականապես զարգացել է քաղաքացիական հասարակությունը, մոտեցումներն են փոխվել: Ասել, թե անհանգստություն չունենք, սխալ կլինի»,- «Հանրային ռադիոյին» ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Այսինքն՝ իշխող կուսակցությունը տեսանելի փոփոխություններ ասելով նկատի ունի որոշիչի հենց իրական իմաստը՝ տեսնելը։ Իշխանությունը պատրաստվում է տեսնել տալ, որ փոխվելու է մինչեւ ընտրություններ։

Իսկ տեսանելի փոփոխությունների համար Կարեն Կարապետյանը կարծես թե ամենահարմար թեկնածուն է։ Իհարկե, իր գործունեության ընթացքում նա ստրատեգիական մտածողություն հանդես չի բերել։ Բայց և կարծես իշխանությունն իր առաջ ստրատեգիական փոփոխության խնդիր չի դրել։ Խոսքը տակտիկական փոքրիկ փոփոխություններն են մի մարդու ղեկավարությամբ, որին հասարակության գոնե մի հատվածը, այն էլ՝ գեղեցիկ հատվածը, համակրում է։ Այսինքն՝ տեսանելի փոփոխությունն արդեն տեսանելի է։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները