Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Չենք ասի՝ ատամս ցավում էր, դրա համար չենք եկել

Չենք ասի՝ ատամս ցավում էր, դրա համար չենք եկել
Հունվարի 21-ից փետրվարի 1-ը  ԱԺ Էթիկայի հանձնաժողովը նախատեսել է նիստեր, որոնց ընթացքում պետք է լսի նոյեմբերի 21-ի արտահերթ նիստից բացակայած պատգամավորների պարզաբանումները` ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից ստացված դիմումի առնչությամբ: Հրավիրված պատգամավորներից ոչ մեկը առաջին  օրերի նիստերին չի մասնակցել: ՀՀԿ խմբակցությունը նաև որոշել է փոխել էթիկայի հանձնաժողովի իր ներկայացուցչին. Դավիթ Հարությունյանին կփոխարինեն Հովհաննես Սահակյանն ու Կորյուն Նահապետյանը: Մեծամասնության անդամների համալրումը պայմանավորված է «ԱԺ կանոնակարգ» օրենքում դեկտեմբերին կատարված  փոփոխություններով: ParliamentMonitoring.am-ը զրուցել է ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովում ՀՀԿ ներկայացուցիչ  Հովհաննես Սահակյանի հետ:  -Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը դեռ չսկսած` ՀՀԿ-ն որոշեց փոխել իր ներկայացուցչին էթիկայի հանձնաժողովում: Ինչո՞վ է պայմանավորված այս շտապողականությունը: -Շտապելու մասին չի կարող խոսք լինել: Եթե նայենք «ԱԺ կանոնակարգ» օրենքը, որով կարգավորվում է նաև էթիկայի հանձնաժողովի  ձևավորման հարցը, կտեսնենք, որ որևէ խախտում չկա, խմբակցությունն է որոշում իր ներկայացուցչին` յուրաքանչյուր նստաշրջանի սկզբում: -Բայց նստաշրջանը դեռ չի սկսել: -Չի սկսել, բայց մեր խմբակցությունը նպատակահարմար է գտել օգտվել ԱԺ կանոնակարգ օրենքի վերջին փոփոխությունից, որով ավելացվում են մեծամասնության տեղերը, և Դավիթ Հարությունյանին այսուհետ հանձնաժողովում կփոխարինեմ ես: Իսկ Կորյուն Նահապետյանը, որպես նոր անդամ, կընդգրկվի հանձնաժողովում: -Այսինքն, սա միջանկյա՞լ լուծում էր` մինչև նստաշրջանը: -Դուք գիտեք, որ  Դավիթ Հարությունյանը ղեկավարում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը և այս օրերին գտնվում է Ստրասբուրգում, իսկ մեզ պետք էր ապահովել մեր ներկայացվածությունը հանձնաժողոովում: Սա նշանակում է, որ մենք ուզում ենք անպայման մասնակցել նիստի աշխատանքներին: Սրանից բացի` հանձնաժողովում եղան որոշ չարաշահումներ, և կային հարցեր, որոնց քննարկման ժամանակ մենք  պետք է անպայման ներկա լինեինք: Դրանցից մեկն էլ, իհարկե, վերաբերում էր արտահերթ նիստի բոյկոտի խնդրին: -Դավիթ Հարությունյանի գործունեությունը էթիկայի հանձնաժողովում ՀՀԿ-ին չի՞ գոհացրել: - Գոհացնելու կամ չգոհացնելու մասին չի խոսվել ընդհանրապես: Ես արդեն  ասացի, թե որոնք են պատճառները: -Փաստորեն, ՀՀԿ-ն  մեկ Դավիթ Հարությունյանին փոխարեն երկու հանրապետական է գործուղում էթիկայի հանձնաժողով:   -Իմ կարծիքով` Դավիթ Հարությունյանին փոխարինելու համար դեռ մի 20 հանրապետականն էլ կարող են քիչ լինել, բայց մենք պիտի փորձենք մեզ վրա դրված աշխատանքը պատվով կատարել: -Հունվարի 21-ից փետրվարի 1-ը Էթիկայի հանձնաժողովը նախատեսել է նիստեր, որոնց ընթացքում պետք է լսի նոյեմբերի 21-ի արտահերթ նիստից բացակայած պատգամավորների պարզաբանումները` Արմեն Ռուստամյանից ստացված դիմումի առնչությամբ: Առաջին 2 օրերի նիստերին հրավիրված պատգամավորներից ոչ մեկ չի մասնակցել: ՀՀԿ խմբակցությունը այս հրավերներին չարձագանքելու հատուկ որոշո՞ւմ է ընդունել: -ՀՀԿ խմբակցության ղեկավարը համապատասխան գրությամբ ԱԺ նախագահին տեղեկացրել է, որ մեր բացակայությունը արտահերթ նիստից եղել է բոյկոտ` քաղաքական որոշմամբ: Եթե մեր քաղաքական թիմը այսպիսի որոշում է կայացրել, պարզ չէ՞, որ նույն պատասխանը պիտի տրվեր նաև էթիկայի հանձնաժողովում: -Այսինքն, ՀՀԿ-ն շարունակում է բոյկոտը նաև էթիկայի հանձնաժողովո՞ւմ: -Սա կլիներ բոյկոտ, եթե մենք` հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամներս, չգնայինք ու չմասնակցեինք նիստին: Մենք` ես և Կորյուն նահապետյանը, ներկա ենք եղել նախորդ 2-3 օրերի նիստերին, իսկ մյուս պատգամավորները իրենք են որոշում գալ հանձնաժողով պարզաբանում տալու թե ոչ, ոչ ոք չի կարող նրանց պարտադրել: Մնում է սպասել, մինչև հանձնաժողովը հարցի քննությունը կհամարի ավարտված ու եզրակացություն կընդունի: -Իսկ Դուք, որպես ՀՀԿ պատգամավոր, էթիկայի հանձնաժողովին պարզաբանումներ տալո՞ւ եք:   -Ինձ հրավիրել են պարզաբանումներ տալու հունվարի 23-ին: Որպես հանձնաժողովի անդամ, ես, բնականաբար, նիստին ներկա կլինեմ, իսկ որպես արտահերթ նիստից բացակայած ՀՀԿ-ական պատգամավոր` ասելու եմ այն, ինչ ասվել է նոյեմբերի 21-ին. եղել է քաղաքական բոյկոտ: Այսպես է վարվել նաև էթիկայի հանձնաժողովի մյուս ՀՀԿ-ական անդամը` Կորյուն Նահապետյանը, հունվարի 22-ին: Բա հո չենք գնալու ասենք` ատամս ցավում էր, բժշկի մոտ էինք գնացել, դրա համար չենք մասնակցել:  
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները