Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Լ. Զուրաբյան. Այս իշխանությունը փոփոխությունների մասին խոսելու իրավունք չունի

Լ. Զուրաբյան. Այս իշխանությունը փոփոխությունների մասին խոսելու իրավունք չունի

Հարցազրույց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ:

- Պարոն Զուրաբյան, ավարտվեց ՏԻՄ ընտրությունների առաջին փուլը: Մի շարք համայնքներում՝ այդ թվում Գյումրիում ու Վանաձորում, ընտրությունները դեռ առջևում են: Ի՞նչ նշանակություն ունեն ՏԻՄ ընտրությունները 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ:

- Բոլորին է հայտնի, որ Հայաստանում որևէ ընտրության ժամանակ իշխանությունն ու ընդդիմությունն անհավասար պայմաններում են: Իշխանությունը կիրառում է ապօրինությունների իր զինանոցը՝ կաշառք է բաժանում, վարչական լծակներ է օգտագործում: Այս անհավասար ու աղճատված համակարգում հնարավորությունների առումով ամենախոստումնալիցը նախագահական ընտրություններն էին: Պատճառներից մեկը, որ սահմանադրական փոփոխություններով հենց նախագահական ընտրությունները խաղից դուրս հանվեցին, պայմանավորված էր սրանով:

- Այս դեպքում էլ ծանրության կենտրոնը տեղափոխվում է դեպի խորհրդարանական ընտրություններ:

- Ճիշտ է, բայց դա մենք դեռ չենք փորձարկել, դեռ պետք է ժողովրդին բացատրել, որ ԱԺ ընտրությունները դառնում են ամենակարևորը, որ դրանց արդյունքներով է որոշվելու, թե ինչ իշխանություն կունենանք: Մենք ամեն ինչ կանենք այդ միտքը ժողովրդին հասցնելու համար: Վստահ եմ` ժողովուրդը կհասկանա, որ ԱԺ ընտրություններն այս առումով վճռական են: Իսկ անհավասար վիճակը հատկապես դրսևորվում է ՏԻՄ ընտրություններում , որովհետև այստեղ շատ ավելի խիստ են գործում կլանային հարաբերությունները: Ժողովուրդը վախենում է, նրան ահաբեկում են, թե ընդհանուր համակարգի պայմաններում ընդդիմության հաղթանակը խնդիրներ կստեղծի համայնքի համար: Այդ պատճառով քիչ ենք մասնակցում ՏԻՄ ընտրություններին:

- Այս ընթացքում փոխվեց նաև կառավարության ղեկավարը: Նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը ներկայացնելիս՝ հայտարարեց, որ նա բարեփոխումների խորհրդանիշ է լինելու: Ի՞նչ սպասելիքներ ունեք նոր վարչապետից:

- Մենք շատ լավ հիշում ենք, որ ընդամենը երկու տարի առաջ փոփոխությունների խորհրդանիշ էր Հովիկ Աբրահամյանը, դրանից առաջ՝ Տիգրան Սարգսյանը: Ես զարմանում եմ, որ ինչ-որ մեկը կարծում է, թե ժողովրդի հիշողությունը կարճ է և նորից փորձում է հանդես գալ «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով: Ավելի դեմագոգիկ բան դժվար է պատկերացնել: Սա այն իշխանությունն է, որը տասնութ տարի կառավարել է և երկիրը հասցրել այս վիճակին: Այս իշխանությունը փոփոխությունների մասին խոսելու իրավունք չունի:

- Միգուցե ապրիլյան պատերազմից հետո իշխանությունն իսկապես հասկացել է, որ լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ:

- Լավ կլիներ, որ այդպես լիներ: Իսկապես մենք անդունդի եզրին ենք, և ապրիլյան պատերազմը դա ապացուցեց: Այն, որ իշխանություններն արմատական զիջումների գնացին Ընտրական օրենսգրքի հարցում, միգուցե դրա վկայությունն է: Բայց ոչ մի հիմք չունենք մտածելու, որ իրենք կկտրեն այն ճյուղը, որի վրա նստած են, որ կվերացնեն մենաշնորհները, կոռուպցիան, ապօրինի արտոնությունները, որոնք սնում են իրենց:

- Պարոն Զուրաբյան, սեպտեմբերի 13-ին իշխանությունների հետ ստորագրեցիք Ընտրական օրենսգրքի բարեփոխման շուրջ երկրորդ համաձայնագիրը : Շուտով խորհրդարան կներկայացվեն այդ փաստաթղթից բխող օրենսդրական փոփոխությունները: Հնարավո՞ր է` դրանք էլ ինչ-որ փուլում կյանքի չկոչվեն, ինչպես պատահեց առաջին փոփոխություններից հետո:

- Որևէ երաշխիք չկա, որ իշխանությունները չեն շարունակի քայլերը, որոնք կբովանդակազրկեն համաձայնությունը: Օրինակ, այն ծրագիրը, որը կապված է տեսախցիկների տեղադրման և ինտերնետային հեռարձակման հետ, պետք է իրականացվի եռակողմ հանձնաժողովի կողմից: Դրանում հավասար ներկայացվածություն պետք է ունենան ընդդիմությունը, իշխանությունը և քաղհասարակությունը: Եթե իշխանությունը տրամադրված լինի վիժեցնել գործընթացը, դա կարող է անել հանձնաժողովի իր ներկայացուցիչների կամ իր վերահսկողության տակ գտնվող ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների միջոցով:

- Իսկ եթե կյանքի կոչվեն, ի՞նչ փոփոխություններ կբերեն ընտրական գործընթացներում:

- Միայն համաձայնագիրը դեռ մաքուր, ազատ, արդար ընտրությունների երաշխիք չէ: Սա ընդամենը մի լուրջ հիմնաքար է, որի վրա հենվելով` կարելի է ավելի թափանցիկ ընտրությունների հասնել: Բայց այն, ինչ կատարվեց սեպտեմբերի 13-ին, առանց չափազանցության, կարելի է համարել մեր քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի հաղթանակը: Առաջին անգամ ՀՀ-ում ստեղծվում է նոր իրավիճակ, երբ հնարավոր է դառնում ընտրությունների միջոցով իշխանափոխությունը : Քաղաքական ուժերի ակտիվությունից է կախված, թե որքանով կկարողանանք օգտվել այդ հնարավորությունից: Եթե ակտիվ ու միասնական լինենք, ապրիլի 2-ը կարող է շրջադարձային դառնալ:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները