ՏԻՄ ընտրությունների դասերը

Կամ քաղաքական թղթախաղի բլեֆը
ՏԻՄ ընտրությունները, որոնց՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ կարեւորության մասին այդքան խոսում էին, կայացան։ Պարզվում է, որ հայաստանյան քաղաքականության մեջ խաղում են բոլորը, բայց խաղում են ոչ թե շախմատ, ինչպես փորձում են հավատացնել մահկանացուներիս, այլ սովորական թղթախաղ՝ օգտվելով բլեֆի հնարավոր բոլոր տարբերակներից։
Դաս առաջին. համընդհանուր բոյկոտ
ՏԻՄ ընտրությունների հիմնական արդյունքը բոյկոտներն են։ Նախ՝ հանրապետության երկու խոշոր քաղաքների՝ Գյումրիի եւ Վանաձորի բնակիչները, ըստ էության, բոյկոտեցին ընտրությունները։ Հաշվի առնելով հայկական ընտրություններում մասնակցության պաշտոնական թվերի ուռճացումը՝ Գյումրիում 36,59% եւ Վանաձորում 42,66% մասնակցությունը՝ ըստ պաշտոնական թվերի, ցույց է տալիս երկու քաղաքներում էլ քաղաքական ներկա համակարգի նկատմամբ խորը անվստահությունը։
Նման անվստահության պայմաններում ՀՀԿ- ն կարողացավ պահպանել իշխանությունը եւ Գյումրիում, եւ Վանաձորում։ Երկուսում էլ գործող իշխանության հաղթանակը կարելի է Պյուռոսյան անվանել, քանի որ դրանք ավարտվեցին արդեն ավագանիում ներկայացված քաղաքական կուսակցությունների բոյկոտով։
Դաս երկրորդ. ողջամտություն եւ ոչ մաթեմատիկա
Գյումրիում, որտեղ «Բալասանյան դաշինք» անվան տակ հանդես եկող ՀՀԿ- ն ստացավ ընտրություններին մասնակցած 36,5%- ի 34,67% քվեները, կարողացավ Ընտրական օրենսգրքի 141 հոդվածով տրված հնարավորությամբ ստանալ ավագանիում տեղերի կեսից ավելին։ Օրենսգրքի բավականին խճողված ձեւակերպումները բացատրելու եւ տասնորդական ու հարյուրերորդական թվերը ամբողջացնելու եւ բացարձակ մեծամասնությու ձեւավորելու բանաձեւը ներկայացնելու ճանապարհին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը հետաքրքիր մի ձեւակերպում արեց. «Դա ողջամտությամբ է հասկացվում, ոչ թե՝ մաթեմատիկորեն»։ Սակայն մինչ այս պահը Սահմանադրական դատարանը բոլոր վիճահարույց ընտրական խնդիրները լուծել է ոչ թե ողջամտությամբ, այլ հենց մաթեմատիկական հաշվարկներով։ Ուստի խնդիրը ոչ օրենգիրքն է, ոչ հաշվարկը, այլ՝ իշխանությունը պահելու «ողջամտությունը»։
Դաս երրորդ. կաշառել ոչ թե ընտրողին, այլ՝ ընտրվողին
Իշխանությունը պահելու «ողջամտությամբ», բայց բոլորովին այլ ձեւով լուծվեց Վանաձորի քաղաքապետի ճակատագիրը։ Այստեղ մեծամասնություն ունեցող «ընդդիմադիր» ուժերից ավագանու 4 անդամ անցան ՀՀԿ-ԲՀԿ ճամբար՝ Մամիկոն Ասլանյանի համար ապահովելով 19 ձայն։ Ինչպես ճիշտ նկատել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ արդեն կաշառում են, իսկ կասեի կաշառելու են, ոչ թե ընտրողներին, այլ՝ ընտրվողներին։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որի եղբայրն այս դավաճանության հետեւանքով կորցրեց քաղաքապետ դառնալու հնարավորությունը, նշեց, որ իր, ինչպես նաեւ ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները բոյկոտելու են ավագանու նիստերը եւ դրանով իսկ տապալելու դրանք։ «Այդ պարագայում կբացահայտվի՝ ովքեր են այն 4 հոգին և կհասկանանք, թե ում հետ ենք աշխատում»,- ասաց նա։ Մարուքյանը ըստ երեւույթին նկատի ունի, որ ավագանու՝ իրենց ընտրողներին դավաճանած անդամներն ու կուսակցությունները հաջորդ խորհրդարանական ընտրություններում ըստ էության պատասխան կտան դրա համար։ Սին հույսեր։ Վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին եւս մեկ կարեւոր իրողություն՝ հայ ընտրողները, գոնե Գյումրիում եւ Վանաձորում, շատ կարճ հիշողություն ունեն։
Դաս չորրորդ. ընդդիմության ամբողջական ձախողումը
ՏԻՄ ընտրություններում լրջագույնս ձախողվեցին այն քաղաքական ուժերը, որոնք 2008-ից սկսած անվերապահ գտնվում էին ընդդիմադիր դիրքերում եւ գործարքի մեջ չեն մտնել իշխանության հետ։ Այս դեպքում խոսքը ՀԱԿ-ի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների մասին է։ Գյումրիում այս երկու քաղաքական ուժերին տրված քվեները կրկնակի պակաս էին անվավեր քվեաթերթիկներից։ Վանաձորում իրավիճակն այդքան վատ չէր, բայցեւ նույն այս կուսակցություններն առանձին- առանձին ավելի քիչ քվե էին ստացել, քան անվավեր քվեաթերթիկներն են։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում եւ ՀԱԿ-ը եւ «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է ստիպված լինեն ապացուցել ՏԻՄ ընտրությունները բոյկոտածներին ոչ միայն գալ ընտրատեղամաս, այլ քվեարկել իրենց օգտին, ապա նաեւ դուրս գալ հրապարակ՝ իրենց քվեն պահպանելու համար։
Դաս վերջին. պատեազմող երկիր՝ անտարբեր հասարակությամբ
ՏԻՄ ընտրությունների հիմնական խնդիրը քաղաքացիների վտանգավոր աստիճանի ցածր մասնակցությունն էր։ Եվ իշխանությունը, եւ «անվերապահ» ընդդիմությունն առաջիկա ամիսներին պետք է հաղթահարեն հասարակական այս լրջագույն ապատիան, քանի որ, հակառակ դեպքում, 2017- ին մենք ունենալու ենք հասարակության բացարձակ մեծամասնության բոյկոտին կամ անտարբերությանն արժանացած խորհրդարան։ Խորհրդարան, որը սահմանադրական փոփոխություններից հետո լինելու է երկրի իշխանության հիմնական կրողը։ «Եթե դուք ունեք զորակոչիկներից կազմված ազգային մեծ բանակ, ապա հասարակության տրամադրությունն ազդում է այդ բանակի վրա»,- գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը։ Այս խոսքերը քաղաքական ուժերը պետք է լավ հիշեն՝ հատկապես ապրիլյան պատերազմից հետո։ Անտարբեր հասարակությունը պատերազմի ժամանակ արդեն վտանգավոր է ազգային անվտանգության համար։ Դրա լավագույն ապացույցը 1920 թվականն էր, որն ի դերեւ հանեց Սարդարապատի հերոսամարտի արդյունքները։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ