Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Մենք առաջարկել ենք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման ուղին

Մենք առաջարկել ենք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման ուղին

Parliamentmonitoring.am-ի զրուցակիցն է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

- Պարոն Զուրաբյան, ԱԺ հինգերորդ գումարման խորհրդարանն ավարտում է իր գործունեությունը: Ինչպե՞ս եք գնահատում նախորդ չորսուկես տարիների աշխատանքը:

- Մեր քաղաքական-հասարակական կյանքում, պետական համակարգում ԱԺ-ն առանձին միավոր չէ: Այն գոյություն ունեցող արատավոր, կոռումպացված համակարգի մի բաղադրիչն է: Այդ պատճառով էլ, երբ նշում են, թե նոր վարչապետ է եկել նոր մոտեցումներով, մենք ասում ենք՝ փուչիկ է: Չի կարելի հույսեր կապել ինչ-որ անձի հետ: Գլխավորը Սերժ Սարգսյանն է ու ԱԺ-ում նրա քաղաքական մեծամասնությունը: Այնպես որ՝ ԱԺ-ին պետք չէ առանձնացնել համակարգից:

- Վերջին շրջանում իշխանությունները բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի քայլեր են նախաձեռնում, խորհրդարանն էլ, համապատասխան օրենքներ ընդունելով, նպաստում է այդ փոփոխությունների իրականացմանը:

- Հիշեք, թե 18 տարի երկիրը կառավարող ուժը հավատանք, որ փոխենք> ու նմանատիպ այլ կարգախոսներով քանի անգամ է խոսել փոփոխությունների մասին: Դա նման է հարբեցողի՝ ամեն երկուշաբթի խմելը թարգելու մասին խոստումներին:

- Աշնանային նստաշրջանն ինչ-որ բանով առանձնացա՞վ ՀԱԿ-ի համար:

- Երկրի զարգացման համար որևէ առաջընթաց չի եղել: Միակ նշանակալից քայլը 4+4+4 ֆորմատով ձեռք բերված պայմանավորվածություններն են և դրանց արդյունքում Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները: Փոփոխություններ, որոնք իշխանությունների 15 տարվա դիմադրությունից հետո ապահովեցին ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակումը և ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման հնարավորությունը:

- ԸՕ-ում կատարված այդ փոփոխությունների իրագործմանը որևէ վտանգ չի՞ սպառնում: Հնարավոր համարո՞ւմ ենք, որ դրանք կյանքի չկոչվեն:

- Ստորագրված ցուցակների հրապարակումը չի կարող չկատարվել, դա արդեն օրենքի պահանջ է և դրա համար ֆինանսական միջոցներ պետք չեն: Ինչ վերաբերում է տեսախցիկների ձեռք բերման, տեղադրման ու սպասարկման խնդրին, ապա ԵՄ-ն դրա համար 2 մլն եվրո է տրամադրել: Հիմա այն եռակողմ հանձնաժողովը, որը ստեղծվել է համաձայնագրի շրջանակներում, աշխատում է, որ այդ ծրագրի իրականացումը կարողանա տեղավորել գումարի մեջ ու ապահովել որևէ ունակ ընկերության կողմից ծրագրի իրականացման ստանձնումը: Շուտով այդ ընկերության ընտրության մրցույթը կհայտարարվի: Եթե ԸՕ-ի փոփոխությունների պահանջները չկատարվեն, մենք այս գլխից 2017թ. ընտրությունները լեգիտիմ չենք համարի:

Ես վստահ եմ, որ ցանկության դեպքում ձախողում չի լինի: Եթե անգամ գումարները չբավարարեն, իշխանությունը պետք է այդ հարցը լուծի: Ամեն դեպքում օրենքի կիրառման պատասխանատվությունը իշխանություններինն է: Մենք որևէ խնդիր չենք ստեղծել, հակառակը մեր ակտիվությամբ նպաստել ենք համաձայնագրի իրականացմանը:

- 2017թ. ընտրություններից հետո ինչպիսի՞ն եք պատկերացնում արդեն խորհրդարանական կառավարման համակարգում գործող խորհրդարանը:

- Ես պատրանքներ չունեմ, թե ԸՕ-ի փոփոխությունների ընձեռած այդ երկու հարցի լուծմամբ ՀՀ-ում ունենալու ենք ազատ և արդար ընտրություններ: Դեռևս մնում է ընտրությունների արդյունքների վրա ընտրակաշառքով և վարչական լծակների ազդեցության խնդիրը: Կարծում եմ, որ թեև պայքարը անհավասար է լինելու, բայց կա հնարավորություն, որ այն քաղաքական ուժը, որը ժողովրդի համար հստակ ուղերձ է ձևակերպում և ակտիվ քարոզարշավ անցկացնում, հաղթելու հնարավորություն կունենա: Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը դեկտեմբերի 17-ի իր համագումարում շատ հստակ ուղերձով հանդես եկավ: Ըստ էության՝ մենք ընտրություններին գնում ենք խաղաղության ծրագրով, զարգացման ծրագրով: Մենք և կողմնակից ենք ԼՂՀ հակամարտության շուտափույթ կարգավորմանը, և ՀՀ-ում զարգացման մոդելի հաստատմանը: Մենք կողմ ենք, որ էապես պարզվի հարկային համակարգը, ստեղծվեն բարենպաստ պայմաններ ներդրումների և տնտեսական զարգացման, հավասար և ազատ մրցակցության համար: Վստահ եմ, որ այս կոնցեպցիայի հստակությունը կշահի մեր ընտրողների վստահությունը:

- Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրած խաղաղության այդ փոխզիջումային կամ փուլային բանաձևը սուր քննադատության ենթարկվեց քաղաքական դաշտում և մամուլում:

- Ոչ մի բան չի կարող լուրջ արդյունքի հասնել, եթե ուժգին քննադատության չի ենթարկվում: Տեսեք, թե ինչ էր կատարվում, օրինակ, Դոնալդ Թրամփի ուղերձների շուրջ: Երևի ոչ ոք այդքան չի ենթարկվել քաղաքական դաշտի, լրատվամիջոցների քննադատությանը, որքան նա: Եվ ի՞նչ: Նա հաղթեց: Քննադատության ուժգնությունը ցույց է տալիս, թե ինչքան լուրջ հույսեր է առաջացրել ներկայացված ծրագիրը, և ինչքան լուրջ գործոն է դարձել այն: Եթե դա լուրջ չընկալվեր հասարակության կողմից, հավատացեք, ոչ ոք դրան ուշադրություն չէր դարձնի, և ոչ ոք չէր զբաղվի դրա քննադատությամբ: Իսկ այսօր ՀՀ քաղաքական հիմնական դեբատը դարձել է Տեր-Պետրոսյանի այդ ելույթը: Եվ գլխավոր հարցն է՝ ո՞րն է ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման ուղին: Մենք այդ լուծումը առաջարկել ենք: Կա՞ ուրիշ քաղաքական ուժ, որն անում է դա: Մենք նման բան չենք տեսնում: Իշխանությունները շատ հակասական կեցվածք ունեն: Նրանց առաջարկած ծրագրում չի երևում, թե ինչպես են պատրաստվում լուծել այդ խնդիրները: Եթե դու ունես զրոյական տնտեսական աճ ու միաժամանակ ստատուս-քվոյի պահպանման ծրագիր, այդ երկուսը անհամատեղելի իրավիճակներ են: Դա փլուզման ուղի է:

- Մտավախություն չունե՞ք, որ խաղաղության ձեր այդ կարգախոսը ընտրությունների ժամանակ ի վնաս ՀԱԿ-ի կաշխատի: Ոչ իշխանական դաշտի ձեր մրցակիցներն այն կներկայացնեն որպես հողերը հանձնելու ծրագիր:   

- Բայց եթե մենք ճշմարիտ ենք, մենք հաղթելու ենք: Իհարկե, կարող են այդպես ներկայացնել, բայց ժողովուրդն ունի բանականություն և փաստարկներ լսելու ունակություն: Ժողովուրդն ի վերջո պետք է կողմնորոշվի իր երեխաների, բանակում ծառայող իր զինվորների ճակատագրի վերաբերյալ որոշում ընդունելու համար: Այդ որոշումն ընդունելիս չի կարող սխալվել, հատկապես որ ճշգրիտ փաստարկներ են բերվում: Կսխալվեն նրանք, ովքեր փորձում են թաքցնել ճշմարտությունը, իսկ մեր հակառակորդները փորձում են թաքցնել: Դա իրենց խոցելի է դարձնում: Մենք ինչ ենք ասում՝ անգամ եթե դա դառը ճշմարտություն է, հիմնվում ենք փաստերի վրա: Ովքեր մերժում և քննադատում են դա, ոչ այլընտրանք, ոչ մեր փաստարկները հերքող արգումենտացիա չեն ներկայացնում:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները