Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Գ. Մինասյան. ՀՀԿ ցուցակը լավ չեք ուսումնասիրել

Գ. Մինասյան. ՀՀԿ ցուցակը լավ չեք ուսումնասիրել

Հարցազրույց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի հետ:

- Պարոն Մինասյան, ՀՀԿ ռեյտինգային ցուցակում խորհրդարանական գործունեությամբ երբևէ աչքի չընկած, բայց տարբեր սկանդալային միջադեպերով հայտնի բազմաթիվ դեմքեր են՝ Նահապետ Գևորգյան, Առաքել Մովսիսյան, Սամվել Ալեքսանյան, Մանվել Գրիգորյան: Նրանց ավելացել է նաև օֆշորային սկանդալի հերոս, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը: Դուք աննախադեպ բարեփոխումների մասին հայտարարություններ եք անում, այս դեմքերով կհաջողվի՞:

- Լավ չեք ուսումնասիրել մեր ցուցակը, եթե լավ ուսումնասիրած լինեիք, կտեսնեիք, որ թեկնածուների մեծ մասը բժիշկներ, ուսուցիչներ են: Մեր ցուցակը մեր ժողովրդի հայելին է. ցանկացած շերտի ներկայացուցիչ կա: Ինչ վերաբերում է ռեյտինգայինին թեկնածուներին, ապա ժողովուրդն ինքը պիտի ընտրի նրան, ով իրեն հոգեհարազատ է, և ով, իր կարծիքով, իր խնդիրներն ավելի լավ կներկայացնի խորհրդարանում:

- Ուսուցիչներ ու բժիշկներ կան, բայց նրանց կողքին նաև հանրության համար անընդունելի բազմաթիվ դեմքեր են:

- Ես այդ հարցին պատասխանեցի, ավելի հստակ պատասխանել հնարավոր չէ: Եթե մեկ անգամ էլ ուսումնասիրեք մեր ցուցակը, այլևս նման հարց չի առաջանա:

- Նրանք առաջադրվել են պարզապես ՀՀԿ-ի համար ձայն բերելո՞ւ, թե՞ հետագայում նաև պատգամավորական գործունեությամբ զբաղվելու համար:

- Մեր ընտրատարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուները հաղթելու դեպքում պետք է գան խորհրդարան: Ցուցակը մեծ է, մոտ 150 թեկնածու ենք առաջադրել: Ընտրողն ինքը կորոշի, թե ով պետք է գա խորհրդարան:

- Հաղթել ասելով նկատի ունեք այն, որ տվյալ ընտրատարածքից ձեր ռեյտինգային ցուցակի թեկնածուներից մեկն առավելագույն թվով ձայնե՞ր հավաքի:

- Այո, իհարկե:

- Պարոն Մինասյան, օֆշորային սկանդալի արդյունքում Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց ԴԱՀԿ պետի պաշտոնից: Հիմա մամուլում հրապարակումներ կան, որ նա հաշվառում է թիվ 1 ընտրատարածքի բնակիչներին ու պատրաստվում է մեծ ընտրակաշառքներ բաժանելով պատգամավոր դառնալ: Դուք ինչպե՞ս եք նման համբավ ունեցող մարդուն ԱԺ բերում:

- Ձեր բառերն իրականությանը քիչ են համապատասխանում: Եթե որևէ մեկն ինչ-որ խնդիրների մեջ մեղադրվել է, ապա պատասխանատվության է ենթարկվել:

- Եթե Սամվել Ալեքսանյանը կամ Առաքել Մովսիսյանն իրենց ընտրատարածքներում առավելագույն թվով ձայներ հավաքեն, իսկ նրանք դա կարող են անել ընտրակաշառք բաժանելով և այլ լծակներ օգտագործելով, նրանց կրկի՞ն խորհրդարանում կտեսնենք:

- Դուք ժողովրդի կամքի հետ խնդի՞ր ունեք: Մենք հարգում ենք ժողովրդի ձայնը: Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրատարածքներում թեկնածուներ ենք առաջադրել, և ժողովրդի կամքն է նրանցից ոմանց իր քվեով պատգամավոր դարձնել: Չենք կարող ժողովրդի կամքի հետ հաշվի չնստել: Սա ժողովրդավարության այբուբենն է: Եթե դուք այդ այբուբենի հետ խնդիր ունեք, ձեզ չեմ նախանձում:

- Իսկ հնարավո՞ր է, ՀՀԿ-ն այդ դեմքերին ասի՝ շնորհակալություն ընտրություններին մասնակցելու , կուսակցության համար ձայն ապահովելու համար: Բայց մենք նպատակահարմար չենք համարում ձեզ մանդատ տալ, գնացեք ձեր բիզնեսով զբաղվեք, ձեր փոխարեն այս անգամ ուրիշները կգան ԱԺ: Հատկապես, որ նման դեմքերը խորհրդարանական գործունեությամբ երբևէ աչքի չեն ընկել:

- Իհարկե, ոչ: Եթե ժողովրդի կամքը կա, ուրեմն ամեն ինչ որոշված է: Միայն մի բան կարող է դրան խանգարել, եթե տվյալ թեկնածուն ինչ-ինչ պատճառներով այլ ծրագրեր ունենա:

Քվեարկության պատմություն

Մինասյան Գագիկ Ենգիբարի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Մինասյան Գագիկ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 875 9 1 6 72 10 9
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները