Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ԱԺ-ն պաշտպանեց Սևանից հավելյալ ջրառի նախաձեռնությունը

ԱԺ-ն պաշտպանեց Սևանից հավելյալ ջրառի նախաձեռնությունը
Սևանա լճից հավելյալ 150 մլն խմ ջուր վերցնելու մասին օրենսդրական փաթեթը, չնայած խորհրդարանական ընդդիմության, ինչպես նաև մի խումբ բնապահպանների անհանգստություններին ու բարձրաձայնած մտահոգություններին, Ազգային ժողովում նախորդ շաբաթ ընդունվեց առաջին ընթերցմամբ: Օրինագծին «կողմ» քվեարկեցին մեծամասնություն կազմող Հանրապետական, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» ու «Օրինաց երկիր» խմբակցությունները`93 կողմ: Օրինագծերի փաթեթին դեմ (12 դեմ) էր խորհրդարանական ընդդիմությունը` Հայ Ազգային կոնգրես, «Ժառանգություն» և Դաշնակցություն խմբակցությունները:

«Սևանա լճի մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Սևանից հավելյալ վերցնել 150 մլն խորանարդ մետր ջուր: Այդպիսով, Սևանա լճից ընդհանուր առմամբ, նախատեսվում է վերցնել մինչև 320 միլիոն խորանարդ մետր ջուր: Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, Ազգային ժողովում օրինագծի hիմնական զեկուցող Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ փաթեթով առաջարկվում է թույլատրել` այս տարվա ընթացքում Սևանա լճից  կատարելու հավելյալ 150 մլն խորանարդ մետր ջրառ` ոռոգելու համար հանրապետության շուրջ 40 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության  հողատարածքներ:

Բնապահպանները և ընդդիմադիր պատգամավորները, սակայն, տարակուսած են` այս տարի տեղումներով առատ տարի է, ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ Սևանից ջուր վերցնել: «Միջին վիճակագրական տարի է, ջրաբանական առումով ոչ մի շեղում չկա: Մենք ոչ էլ ավելացրել ենք ցանքատարածքները, որ ասենք ավելորդ ջուր է պետք: Ոչ էլ փոխել ենք կուլտուրաների կազմը, որ հանկարծ ջրապահանջ կուլտուրաներ ունենանք: Այդ բոլորը միամիտ պնդումներ են», -լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր բնապահպան Ինգա Զարաֆյանը: Անհանգստացած բնապահպանները մատնանշել էին Սևանից հավելյալ ջրառի երկու վարկած` առաջինը Սևանի ափի հյուրանոցներն ու թանկարժեք ամառանոցները ջրի տակ անցնելուց փրկելն է, իսկ երկրորդը` կարող են լինել Արարատյան դաշտավայրի բազմաթիվ ձկնաբուծարանները, որոնք զգալի քանակով ջրի կարիք ունեն:

Նշենք, որ բնապահպանական կազմակերպությունները այս նախաձեռնությունից հրաժարվելու մասին նամակ էին հղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ու ԱԺ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանին: Անդրեասյանը խորհրդարանում փաթեթի ներկայացման ժամանակ ասաց, թե իրականությանը չեն համապատասխանում այն տեսակետները, թե ջրառը Սևանա լճից կատարվելու է հարակից օբյեկտների և առանձնատների փրկության համար և նշեց, որ նախատեսվող 150 մլն խմ ջրառը լճի մակարդակը կնվազեցնի ընդամենը 10-12 սմ-ով, ինչն այս դեպքում էական նշանակություն չի կարող ունենալ: ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Սևանից հավելյալ 150 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին առաջարկը կառուպցիոն լուրջ ռիսկեր է պարունակում, և մեծ հաշվով հակաօրինական է հենց այսօր գործող օրենքի տրամաբանությամբ: Վիճահարույց հարցը համերաշխության մթնոլորտում լուծելու նապատակով Փաշինյանն այնուհետև առաջարկեց ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովները ստեղծեն աշխատանքային խումբ, որտեղ կընդգրկվեն քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները, մի քանի օրվա ընթացքում կլինեն Սևանում, Սևանի կասկադում, Ապարանի, Ազատի, Ախուրյանի ջրամբարում, Արարատյան դաշտավայրում և եզրակացություն կներկայացնեն Ազգային ժողովին, նաև Սևանի ափամերձ դղյակներին սպառնացող վտանգների և տվյալ խնդրի հետ կառավարության առաջարկի հնարավոր առնչության մասին:

«Չեմ բացառում, որ աշխատանքային խմբի գործունեության արդյունքում որոշվի այնուամենայնիվ ջուր բաց թողնել Սևանից’ գյուղատնտեսական աղետը կանխելու համար, բայց գուցե թե նաև դիմենք պատկան մարմիններին համապատասխան պաշտոնյաների գործունեությունը կամ անգործությունը քննարկելու հարցով», -հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը: Նրա առաջարկը սակայն, խորհրդարանում արձագանք չունեցավ, փոխարենը ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանը նշեց, որ հաշվի առնելով հարցի նկատմամբ հասարակական կազմակերպությունների մտահոգությունները հարցը քննարկել լսումների ձևաչափով: Բալասանյանը նաև հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու օրինագծերի փաթեթին` հիմնավորելով այն հանգամանքով, որ գյուղացուն ոռոգման ջուր է անհրաժեշտ:

«Նոր կառավարության առաջին օրինագիծը Հայ ժողովրդի և մարդկության դեմ: Այս կառավարության անդամ մուտանտները 2008-ին ձեռնարկեցին ջուր բաց թողնել Սևանից և լցրեցին Արաքսը: Հիմա նույնն են անում, որ փրկեն իրենց շինությունները», -«Ժառանգություն» խմբակցությունից օրինագծերի վերաբերյալ իր կարծիքն այսպես հայտնեց Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում, բայց քննարկմանը խորհրդարանում չմասնակցեց: «Ժառանգություն» խմբակցության տեսակետն արտահայտելով խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ այս օրինագծերը «բնապահպանական լուրջ խնդիր են առաջացնում» և իրենք դեմ են դրանց: ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ևս բացասաբար էր տրամադրված կառավարության նախաձեռնության նկատմամբ, և խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը կոչ արեց դեմ քվեարկել օրինագծերին:

Նախաձեռնությունը պաշտպանեց Հանրապետական խմբակցությունը. բնապահպանության նախկին նախարար, այժմ նույն խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նա տեղեկացրեց, որ մինչև 2002թ. գրանցվել է Սևանի ջրի մակարդակի իջեցում, իսկ 2002-2012 թվականներին` 412 սմ բարձրացում, այնուհետև անհրաժեշտ համարեց   ոռոգման  նպատակով Սևանա լճից ջրի հավելյալ բացթողումը:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները