Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ՀԱԿ-ՀՀԿ կոմպրոմիսը կայացավ. ԱԺ-ում կստեղծվի 2008-ի մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով

ՀԱԿ-ՀՀԿ կոմպրոմիսը կայացավ. ԱԺ-ում կստեղծվի 2008-ի մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 15-ին դրական եզրակացություն է տվել 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ խմբակցության պատգամավորների հեղինակած որոշման նախագիծը նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու վերաբերյալ: Նախագծով ՀԱԿ-ն առաջարկում է խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը:

Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ առաջարկը քննարկվել էր դեռ նախորդ տարեվերջին և ձեռք էր բերվել պայմանավորվածություն հարցին նախագահական ընտրություններից հետո անդրադառնալու մասին: Բացի այդ, խորհրդարանական մեծամասնությունը մի քանի նախապայման էր ներկայացրել՝ խոստանալով դրանք ընդունելու դեպքում հավանության արժանացնել ՀԱԿ առաջարկը:  Կոմպրոմիսը կայացավ. նախագծի հեղինակներից Գագիկ Ջհանգիրյանը պետաիրավականի նիստում տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը մեծամասնության առաջարկները հաշվի է  առել։ Նրա ներկայացմամբ, վերանայվել է ՀՀԿ-ի կողմից նշված ամենասկզբունքային՝ հանձնաժողովի կազմավորման կարգը. եթե նախկինում առաջարկվում էր հանձնաժողովում ընդգրկել յուրաքանչյուր խմբակցությունից 1-ական պատգամավոր, ինչը հնարավոր էր դարձնում քաղաքական մեծամասնության՝  փոքրամասնության կարգավիճակում հայտնվելը, ապա այժմ առաջարկվում է հանձնաժողովը ձևավորել այնպես, ինչպես ձևավորվում է Էթիկայի հանձնաժողովը՝ 3+3+1 սկզբունքով:

Այդպիսով, հանձնաժողովը կազմված կլինի յոթ անդամներից՝ 2-ը Հանրապետական խմբակցությունից, իսկ մյուս խմբակցությունները կունենան 1-ական անդամ: ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկը հանձնաժողովում մեկ անկախ պատգամավոր ընդգրկելու մասին նախագիծը ներկայացնող Գագիկ Ջհանգիրյանի ու դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի կողմից հավանության արժանացավ: Սակայն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասաց, որ  հարցը կքննարկի խմբակցությունում,  հետո միայն դրա վերաբերյալ վերջնական դիրքորոշում կարտահայտվի:

Հանձնաժողովի աշխատանքների վերջնաժամկետ Ջհանգիրյանը մատնանշում է դեկտեմբերի առաջին քառօրյան: Հնարավոր է, որ ձևավորվելիք ժամանակավոր հանձնաժողովի նիստերն անցկացվեն դռնփակ, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնաժողովը կորոշի, որ դրանք լինեն դռնբաց: ՀԱԿ խմբակցությունը խորհրդարանական մեծամասնությանը զիջել է նաև մեկ այլ հարցում. նախագծի  հիմնավորումից  քաղաքական գնահատականները կհանվեն: «Մարտի 1-ն ինքնին  քաղաքական խնդիր է: Ես ձգտել եմ հավելյալ քաղաքական ենթատեքստեր չդնել: Եթե նույնիսկ մնանք մասնագիտական  շրջանակներում և տանք միայն  իրավական գնահատականներ, դա ըստ էության, ունենալու է նաև քաղաքական ենթատեքստ», -պետաիրավական հանձնաժողովի նիստում հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը: Նա ակնկալում է, որ  այս հանձնաժողովի գործունեության արդյունքում հնարավոր կլինի  «տեղից շարժել  տասը սպանություններից առնվազն հինգ-վեցի նախաքննությունը»:

Հանձնաժողովի նիստին  հատուկ «Բարգավաճ Հայաստան»-ի տեսակետը ներայացնելու համար մասնակցում  էր խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա ասաց, որ ԲՀԿ-ն դեմ չէր լինի նաև քաղաքական գնհատականներին: «Ի վերջո քաղաքական գնահատականներ պետք է տրվեն մարտի 1-ի պատասխանատուների ու կազմակերպիչների մասով: Բայց մենք հասկանում ենք, որ շատ ավելի կարևոր է, որ հանձնաժողովը ստեղծվի և համաձայն ենք առաջարկված փոփոխություններին»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը: Նա հույս ունի, որ ձևավորվելիք ժամանակավոր հանձնաժողովը պատասխաններ կտա հարցերին՝ ովքե՞ր են կրակել ժողովրդի վրա, ովքե՞ր տվել կրակելու հրամանը, որտեղի՞ց են բերվել այդ կրակողները:

«Կլինի ճշմարտության հանձնաժողով», - մարտյան դեպքերի ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովից իր ակնկալիքն այսպես է պատկերացնում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական ահնձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Իսկ մինչ ճշմարտությունը բացահայտելը Հարությունյանի ու մյուսների խնդիրն է լինելու այս հանձնաժողովը քաղաքական շահարկումներից և հայտարարություններից զերծ պահելը, որպեսզի այն զբաղվի միայն իրավական խնդիրներով: Ի դեպ, քաղաքական մարմնում քաղաքական իրադարձության (այս դեպքում 2008-ի մարտյան դեպքերի) իրավական չլուծված և մութ հարցերի բացահայտման անհրաժեշտության մասին խոսեցին խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի (ՀՅԴ, ՀՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ) ներկայացուցիչները:

«Բոլոր ուժերն էլ ունեն քաղաքական կամք, որը մեկ ուղղությամբ է ու շարունակվելու է այդ ուղղությամբ: Մենք պետք է գիտակցենք, որ բոլոր քաղաքական ուժերը կարծես թե հանգում են այն եզրակացության, որ բավարար հասուն ենք՝ այս աշխատանքը պատշաճ իրականացնելու համար: Եթե մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը իրական առաքելությունը կատարեց, ապա դա մեծ քայլ կլինի պառլամենտարիզմի առումով», -հայտարարեց Դավիթ Հարությունյանը:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները